Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանը մարտի 13-ից սկսել է ապամոնտաժել Ազատության հրապարակին հարակից սրճարանների մի մասը: Այդ մասին սրճարանների տերերին ծանուցվել էր ամիսներ առաջ, սակայն իրականացվող աշխատանքներն ուղեկցվեցին ակցիաներով։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ բողոքի ցույց իրականացրեցին, փակեցին Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկը: Մաշտոցի պողոտայից անգամ բերման ենթարկված քաղաքացիներ եղան: Սրճարանների ապամոնտաժման թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ճարտարապետներ Սաշուր Քալաշյանի եւ Լիլիթ Պիպոյանի հետ:
Պարոն Քալաշյանի խոսքով` քաղաքապետարանի կողմից սրճարանների ապամոնտաժումը տեղին, ճիշտ, սակայն ուշացած քայլ էր. «Եթե այս գործընթացն ավելի վաղ մեկնարկեր, ամեն բան ավելի հեշտ կընթանար: Ողջունում եմ քաղաքապետարանի նախաձեռնությունը, իսկ դժգոհողները պետք է ծպտուն չհանեն: Նրանք վերջին 20 տարվա ընթացքում այնքան գումար են վաստակել, որ կարող են արտասահմանում վիլլաներ սարքել: Ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը քաղաքապետարանն է, որը ժամանակին թույլ է տվել, որ օպերային թատրոնի տարածքում սրճարաններ բացվեն: Թամանյանական բոլոր հատակագծերում օպերային թատրոնի շրջակա հատվածը ներկայացված է որպես կանաչ գոտի: Սրճարանների տերերը վարձակալել են այդ տարածքները, դրանք սեփականաշնորհված չեն: Որոշ դեպքերում տարածքները մինչեւ 90 տարով տրվել են վարձակալության»,-նկատեց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց` բոլոր դեպքերում ապամոնտաժումը ողջունելի է: Ճարտարապետը ոգեւորեց քաղաքապետ Հայկ Մարությանին դրսեւորած համարձակության համար: «Հանրային կանաչ գոտին խախտվել էր, հիմա վերականգնում են: Ճիշտ են անում, այլապես վաղն էլ կարող է մի քանիսի մտքով անցնի Կարապի լիճը չորացնել, տեղում շենք կառուցել»,-ասաց պարոն Քալաշյանը:
Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ, երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց` հանրային տարածքը պետք է վերադարձվի հանրությանը, օպերային թատրոնի շրջակայքը պետք է ազատել նաեւ փչովի խաղալիքներից, բատուտներից, ժամանցային անորակ երաժշտությունից: «Թող բիզնեսմեններն այդքան չբողոքեն. կանաչ գոտիները, որոնք անխղճաբար հատվել են, պետք է վերականգնվեն:
Թամանյանական նախագծի համաձայն` օպերային թատրոնի շրջակայքում պետք է խիտ այգիներ, մշակութային օջախներ, արվեստի կենտրոններ լինեին: Իսկ ինչո՞ւ ենք մենք այսօր… Կա մի կարեւոր հանգամանք. ապամոնտաժման հետեւանքով բիզնեսմենները իրենց բիզնեսի 30 տոկոսն են կորցնում, մնացած 70-ը պահպանվում է: Ամեն սրճարանատեր երկուական օբյեկտ ունի, ապամոնտաժվելու է միայն մեկը: Իսկ ով մեկ օբյեկտ ունի, նրան քաղաքի այլ հատվածում տարածք է տրամադրվելու:
Քաղաքապետարանի նախաձեռնությունը կոնկրետ մեկի դեմ չէ: Պարզապես հանրային տարածքը, որը տարիներ առաջ զարտուղի ճանապարհներով զավթվել է, վերադարձնում ենք հանրությանը: Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում: Սրճարանների տերերին նախապես ծանուցվել էր ապամոնտաժման մասին. չգիտես ինչու, լուրջ չէին ընդունել, թող ընդունեին: Քաղաքապետարանը զբաղված է ախոռները մաքրելով, պետք է շնորհակալ լինել, ոչ թե դժգոհել»,-մեկնաբանեց նա:
Հավելենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման հետ կապված խնդիրներին, գրել է․ «Սիրելի՛ երեւանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը եւ հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երեւանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երեւանին իր մշակութային դիմագիծը»:
Աննա Բաբաջանյան