Քասախի ավագանու անդամը հացադուլ է սկսել գյուղապետի լիազորությունները դադարեցնելու պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշեց, որ հացադուլն անժամկետ է:

«Համայնքում ստուգումներ են կատարվել և խախտումներ են արձանագրվել: Այդ արձանագրված խախտումներին ընթացք չի տրվել, չնայած, որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ: Գյուղապետն իր լիազորություններն օգտագործում է այդ քրեական գործի վրա ազդելու համար, և ես այս հացադուլով պահանջում եմ, որ գոնե մինչև քրեական գործի ավարտն իր լիազորությունները դադարեցվեն: Հացադուլը սկսել եմ մարտի 15-ին, ժամը 10-ին»,- ասաց Մարդանյանը:

Մարդանյանի խոսքով՝ համայնքի ավագանու 11 անդամներից 6-ը կողմ են գյուղապետի հրաժարականի պահանջին, սակայն գյուղապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթաց օրենքով նախատեսված չէ:

Գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Արա Մկրտչյանը Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 1996թ.-ից: 1991-1996թթ. եղել է Քասախ գյուղական խորհրդի նախագահ:




Լրահոս