«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի մանկապարտեզը ամբողջովին պատրաստ է, սակայն տեւական ժամանակ է` շահագործման չի հանձնվում: Ու հիմա այս գյուղի երեխաները ստիպված են մանկապարտեզ հաճախել այլ գյուղեր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` համայնքապետ Սարիբեկ Կարապետյանը հաշվի չի առել, որ մանկապարտեզի շահագործման համար միայն կառուցելը բավական չէ: Արմավիր մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գնացել է գյուղ, տեսել է մանկապարտեզը, տեղյակ է, որ համայնքապետարանը կարծես թե վարչական ծախսերի համար միջոցներ չունի:
Մարզպետը համայնքապետին առաջարկել է հարկերի հավաքագրումները բարձրացնել, որպեսզի կարողանա լուծել այդ հարցը: Մարզպետի այցը համայնք եղել է դեռ նախորդ տարվա վերջին, սակայն, ինչպես տեսնում եք, խնդիրը դեռ չի լուծվել: Համայնքապետն էլ հստակ ժամկետներ չի նշել: Հավելենք նաեւ, որ Լուսագյուղի դպրոցը հիմա նորմալ չի ջեռուցվում, սակայն մարզպետի հավաստմամբ` այս տարի այդ հարցը կլուծվի: Այդ խնդիրը լուծվելու է մարզպետարանի խնայած միջոցների հաշվին:
Մարզպետի խոսքով` կլուծվի նաեւ Արագած գյուղի դպրոցի ջեռուցման հարցը։
Լուսինե Մինասյան