Ռազմական ագրեսիայի գնալը շատ ռիսկային կլինի Ալիևի համար. «Իմ քայլ»-ի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւ Հայրապետյանի հետ:

-Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, բայց հիմա կարծես այդ մասով Հայաստանը դիմադրության է հանդիպել: Իրադարձությունների նման զարգացումը սպասելի՞ էր:

-Կար բանակցային գործընթաց 1997-1998 թվականներին, որից հետո Արցախը դուրս մղվեց բանակցային սեղանից, եւ արդեն 20 տարի կա այդ գործընթացը, որտեղ մշակվում եւ քննարկվում են լուծումներ, որոնք ունեն հիմնական կոմպոնենտներ, տարբեր կերպով մեկնաբանվող կոմպոնենտներ, եւ, ըստ էության, ինչո՞ւ է պարոն Փաշինյանը բերում Արցախի վերադարձի անհրաժեշտությունը. որովհետեւ գնալով Արցախի սուբյեկտայնությունը անկում է ապրում:

Այսինքն` երբ քննարկվում է Արցախի խնդիրը, եւ չունենք Արցախի ներկայությունը, դա, ըստ էության, խնդիր է, բայց այդ փաստաթուղթը եռակողմ է ստորագրվել 1994 թվականի մայիսին, եւ դրանից հետո դեկտեմբերին կա Բուդապեշտի հայտնի գագաթնաժողովը: Այսինքն` Փաշինյանը ոչ թե առաջարկում է ձեւաչափի փոփոխություն, այլ ձեւաչափի լիարժեք վերականգնում: Այս փուլում Ադրբեջանի դիմակայությունը կանխատեսելի է, եւ ինչ-որ տեղ, իրենց կանոնների համաձայն, համապատասխանեցված է իրենց ընկալումներին:

Այդուհանդերձ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ես չեմ որակում որպես դիմադրություն, ես որակում եմ որպես նշան, որ կա հավելյալ աշխատանքի խնդիր, կարիք եւ անհրաժեշտություն, որը մենք պատրաստ ենք շարունակել` կլինի դա խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, արտգործ նախարարության, այսինքն` տարբեր հարթակներում: Ես այդ հայտարարությունը այդպես եմ ընկալում եւ բնավ չեմ կարծում, որ մենք պետք է հրաժարվենք օրակարգից, որը միայն օգուտ է բերելու գործընթացին: Մեր նպատակը ոչ թե խնդիրներ սարքելն է, այլ վերացնել այն խնդիրները, որոնք առկա են:

-Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ձեւաչափի փոփոխությունը պետք է լինի երկկողմ համաձայնության արդյունքում: Այս մասով ի՞նչ կասեք:

-Ես կարծում եմ` իրականում պետք է հաշվի առնել` միջնորդները, իրավաբանական լեզվով ասած, փորձում են հաշտարարի դեր խաղալ: Այսինքն` պարզ է, որ կա առաջարկ Հայաստանի կողմից, որը դիմակայության է հանդիպում Ադրբեջանի կողմից, եւ այս պարագայում իրենք փորձում են չեզոք հայտարարություններով. խոսակցությունը շարունակելու կոչերով հանդես գալ, որը ճիշտ է: Միջնորդների ֆունկցիան հենց դրանում է կայանում: Նրանք ոչնչին այո կամ ոչ չեն ասում: Եթե մենք կարողանանք համառ աշխատանքի շնորհիվ դրսում ավելի հստակ բացատրել մեր փաստարկները, որը, ըստ էության, որոշակի ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա համաձայնությունը տալու մասով: Լավ աշխատանքը ինչ-որ պահի լավ արդյունքների է բերելու: Մեր համառությունը պետք է լինի դիվանագիտական, ուստի մեր համոզմունքը, որ Արցախի ներկայացվածությունը կօգնի հարցի լուծմանը, կօգնի մեզ մեր հետագա աշխատանքներում առաջ տանելու այդ օրակարգը, որքան էլ դա դժվար է լինելու: Ոչ ոք չի էլ մտածել, որ դա հեշտ գործընթաց է լինելու:

-Ասում եք` երկրները փորձում են հաշտարարի դեր խաղալ: Այնուամենայնիվ, մտավախություն չկա՞, որ նման հայտարարությունները Ադրբեջանի կողմից այլ կերպ կընկալվեն, ասենք, Ադրբեջանը կմտածի, որ առանց իրեն Արցախը բանակցային սեղան բերելը չի ստացվի, եւ դա, բնականաբար, առավելություն կհամարի:

-Մեկնաբանությունները մեկ այլ բան են, իրողությունները` այլ: Նիկոլ Փաշինյանի ելույթը Արցախում դրան էր միտված: Այսինքն` մենք կարող ենք ինչ-որ բան մեկնաբանել մեր ցանկացածով կամ հակառակը, բայց կա իրական պատկեր, որն էլ պետք է ներկայացվի: Իրական պատկերը հստակ է, որ Հայաստանը, լինելով Արցախի պաշտպանության երաշխավոր, միեւնույն ժամանակ չունի մանդատ Արցախի կողմից բանակցելու: Եւ եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Արցախից էին եւ իրենց վերագրել էին այդ իրավունքը, ապա Փաշինյանը չունի նաեւ այդ հանգամանքը: Աշխատելու կարիք կա, եւ դա գիտակցելով ենք առաջ քաշել այդ օրակարգը:

-Մտավախություն չկա՞, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի համաձայնի այս օրակարգին եւ չի ցանկանա այդ ճանապարհով գնալ: Հայաստանը փաստի առաջ չի՞ կանգնի այդ դեպքում:

-Սա Ադրբեջանի համար յուրատեսակ հնարավորություն է խնդիրներ լուծելու: Ադրբեջանը այնքան է տարիներով խոսել սպառնալիքների լեզվով, որ սա լավ հնարավորություն է ցույց տալու, թե ինքը կառուցողական կարող է լինել` կողմ լինելով Արցախի` բանակցությունների սեղան վերադարձին: Եթե Ադրբեջանը անգամ ունակ չէ մեկ սեղանի շուրջ նստել ու բանակցել Արցախի հետ, ապա պարզ է, չէ՞, որ ցանկացած լուծում չի աշխատելու: Իսկ այդ լուծումը ժողովուրդների համար է: Եթե այդ երկրի ղեկավարությունը չի ապացուցում իր ժողովրդին, որ ունակ է բանակցել Արցախի ներկայացուցչի հետ նույն սեղանի շուրջ, ապա դա հստակ ցույց կտա Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ կառուցողական մոտեցումը այս հարցի մասին: Սա իրենց է ավելի բարդ իրավիճակի մեջ դնում:

-Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կրկին ռազմական ագրեսիայի դիմի:

-Այն, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի գնալ ռազմական ագրեսիայի, ոչ մեկի համար նորություն չէ, եւ այս տարիների պատմությունը դա ապացուցել է: Ամեն դեպքում, այս փուլում դա քիչ հավանական եմ համարում, որովհետեւ էսկալացիայի հրահրումը նաեւ Դուշանբեի պայմանավորվածությունից հետո հարաբերական անդորրը, բավականին բարդ իրավիճակ են ստեղծել Ադրեջանի համար: Մենք այնպես չէ, որ դուրս ենք եկել բանակցային գործընթացից կամ հրաժարվում ենք բանակցել, մենք ուղղակի ասում ենք, որ ունենք օրակարգ եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ, բայց այնպես չէ, որ դա վերջնագիր է: Այնպես չէ, որ մենք ասում ենք` մենք չենք նստի նույն սեղանին, քանի դեռ Արցախը չի վերադարձել: Մենք ասում ենք` նստում ենք ձեզ հետ խոսելու նաեւ Արցախի վերադարձի մասին: Ռազմական ագրեսիայի գնալը շատ ռիսկային կլինի Ալիեւի համար, քանի որ կան լատենտ գործընթացներ, որոնք կարող են խոչընդոտել գնալ այդ քայլին։

Լուսինե Մինասյան




Լրահոս