Պետդեպը մեղմացրել է գնահատականները. ՀՀԿ-ի եւ նոր իշխանությունների տարբերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը: Փաստաթուղթը բաղկացած է 7 բաժիններից, որոնցում ներկայացված են հետեւյալ խնդիրները՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա եւ կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմունքը միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների եւ թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ։

Պետդեպը որոշ գնահատականներ է հնչեցրել ՀՀ նոր իշխանությունների հասցեին: Մասնավորապես, Պետդեպը նշել է, թե նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ է նախաձեռնել համակարգային կոռուպցիայի դեմ, եւ երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվել են առաջին իրական մրցակցային ընտրությունները: Զեկույցի համաձայն` 2018թ.-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ, սակայն նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ, հատկապես` քաղաքական ղեկավարության եւ իրավապահ ամենաբարձր շրջանակներում:

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի զեկույցն ավելի խնդրահարույց էր հենց այս ոլորտի առումով: Օրինակ` նախորդ զեկույցում Պետդեպը նկատել էր, որ թեեւ վերջին խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը բարելավվել էր, սակայն քվեարկությունն ուղեկցվել է լայնատարած ընտրակաշառքի, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի չարաշահման մասին հաղորդումներով:

«Ընտրակաշառքը, ըստ հաղորդումների, հիմնականում տրվում էր իշխող Հանրապետականի տարածքային թեկնածուների ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների կողմից»: Պետդեպը նաեւ զեկույցում հիշատակել էր 114 դպրոցների տնօրենների հետ Իրազեկ քաղաքացիների միավորման աղմկահարույց հեռախոսազրույցները, որոնցում վերջիններս խոստովանել էին, որ ցուցակներ են պատրաստում իշխող Հանրապետականի համար: Որպես օրինակ բերվել էր նաեւ, այսպես կոչված, «ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունը», որտեղ Հանրապետական պատգամավորի եղբայրը կշտամբում, սպառնում է սուպերմարկետի աշխատակիցներին` պահանջելով ձայներ ապահովել իրենց թեկնածուի համար:

2018 թվականի զեկույցում դատական համակարգի հետ կապված նշվում է, որ թեեւ քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել դատարաններ վերականգնելու իրենց պատճառված վնասը, սակայն դատարանները մեծապես ընկալվում են կոռումպացված։ Իսկ, ահա, 2017 թվականի զեկույցում նշվում էր. «Քաղաքացիները կարող են բողոք ներկայացնել դատարան իրենց իրավունքները պաշտպանելու համար, սակայն դատարանները մեծամասամբ համարվում են կոռումպացված եւ կողմնակալ: Որոշ փաստաբաններ պնդում են, թե Վճռաբեկ դատարանն է թելադրում բոլոր աղմկահարույց գործերի ելքը: Քանի որ դատավորները չեն նշանակվում ցմահ, նրանք կախված են համակարգից եւ կարող են պաշտոնանկ արվել` չունենալով բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Ընդհանուր համոզմունք կա, որ դատավորները մեղադրական վճիռ են կայացնում դատախազության ուղարկված յուրաքանչյուր, այդ թվում` բացթողումներ ունեցող գործերով»:

2018 թվականի զեկույցում հետաքրքիր անդրադարձ է արված նաեւ մամուլի իրավիճակին եւ արտահայտման ազատությանը. մամուլի ազատությունը բաժնում նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրն ավելի ազատ է, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռեւս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։

Արտահայտման ազատության հետ կապված նշվում է, որ մարդիկ ազատ են եղել կառավարությանը քննադատելու հարցում առանց ձերբակալման վախի, սակայն հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում տեղադրեց մի մեկնաբանություն, որը դատապարտում էր որոշ հեռուստաընկերությունների կողմից «հակապետական» քարոզչությունը: Ասվում է, որ, չնայած նա որեւէ կոնկրետ հեռուստաալիք չի նշել, որոշ ԶԼՄ-ների դիտորդների համաձայն` հայտարարությունը ցնցող ազդեցություն է ունեցել լրատվական մթնոլորտի վրա: Այս առումով եւս 2017 թվականի զեկույցում մեջբերումներն ավելի սուր են եղել: Մասնավորապես նշվել է, որ լրագրողների նկատմամբ բռնություններ են եղել թե՛ վերջին խորհրդարանական ընտրությունների, թե՛ Երևանի տեղական ընտրությունների, թե՛ «Սասնա ծռերին» աջակցող ցույցերի ժամանակ, ընդ որում` հաղորդվել է, որ այդ բռնություններին մասնակցել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրա երկու թիկնապահները:

Հետաքրքիր է, որ 2018 թվականի զեկույցում ծավալուն անդրադարձ է արված նաեւ 2008 թվականի մարտի 1-յան դեպքերին, եւ նշվում է, որ Փաշինյանի կառավարությունը նոր լիցք է հաղորդել 2008թ. նախագահական ընտրությունների հետեւանքով տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվության սահմանման հարցում՝ մանրամասը ներկայացնելով մեղադրյալներին եւ գործերի ընթացքը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս