Կնոջը խոցելի է դարձնում իր երեխան. Քրիստինե Պեպելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց միամսյակի առթիվ զուտ կանացի թեմաներով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ամիսներ առաջ մայրացած երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ:

-Քրիստինե՛, նախ՝ ավանդական դարձած հարցը. ի վերջո, ի՞նչ են ցանկանում կանայք:

-Եթե որեւէ մեկին հաջողվեր պատասխանել այդ հարցին, մենք կանանցով ոտնկայս կծափահարեինք նրան (ծիծաղում է): Կանայք երեւի ներդաշնակություն են ուզում, դա է նրանց պետք:

-Ո՞րն է եղել ամենաթանկ նվերը, որ երբեւէ ստացել եք տղամարդուց:

-Կարեւոր չէ՝ նվեր տվողը կին է, թե տղամարդ: Ես նման տարանջատում չեմ դնում: Կարող եմ այսպես ձեւակերպել. կյանքից ստացած ամենաթանկ նվերս որդիս է՝ Արեգը:

-Որպես կին՝ ումի՞ց եք միշտ օրինակ վերցնում:

-Սովորաբար փորձում եմ մրցակցության եւ համեմատության մեջ մտնել ինքս ինձ հետ: Փորձում եմ ինքս ինձ գերազանցել: Ամեն տարի ձգտում եմ ավելի իմաստուն, ավոլի լավը լինել:

-Ի՞նչն է Ձեր արտաքինին գրավչություն հաղորդում:

-Ինձ համար դժվար կլինի այդ մասին խոսել, երեւի ճիշտ կլինի՝ այդ մասին ուրիշները խոսեն: Ճիշտն ասած՝ արտաքինը մեծ դեր չունի իմ կյանքում:

-Կցանկանայի՞ք տղամարդ լինել թեկուզ մեկ օրով:

-Չէ, երբեք նման ցանկություն չեմ ունեցել, ես իմ բնությամբ կին եմ:

-Կնոջը ի՞նչն է խոցելի դարձնում:

-Հիմա արդեն կարող եմ ասել, որ երեխան: Երբ մայր ես, այդպես է:

-Ո՞ր կինն է սեքսուալ:

-Ավելի փակ հագուստով, մարմնի մասերը չցուցադրող եւ խնամված կինը:

-Դժվար չէ՞ միաժամանակ լինել բեմի մարդ եւ կին:

-Առհասարակ, բեմի մարդ լինելը շատ ավելի դժվար է, քան մարդիկ պատկերացնում են, բայց դա իր առավելություններն էլ ունի: Բեմի մարդիկ մեծ պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների, խոսքերի, շարժուձեւի համար:

-Ըստ Ձեզ՝ միայնակ կինը կարո՞ղ է երջանիկ լինել:

-Իհարկե, կնոջ համար շատ առիթներ կան երջանկանալու, եւ կինը կստեղծի իր համար այդ առիթները:

-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մայրերը երբեք միայնակ չեն լինում:

-Իհարկե, համաձայն եմ: Եթե դու ունես շարունակություն, արդեն իսկ մենակ չես:

-Եվ վերջում՝ Ձեր մաղթանքը մեր կանանց եւ աղջիկներին:

-Շնորհավորում եմ բոլորին: Իրականում մենք շատ ավելի ուժեղ ենք, քան կարելի է ենթադրել: Ուզում եմ, որ ամեն կին ունենա իր կյանքում այն, ինչ իրեն երջանկացնում է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս