ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե հեղախություն է եղել, «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հեղափոխության առաջամարտիկներ են. Վարուժան Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, օրեր առաջ պարոն Սեֆիլյանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ապստամբներին ազատելու ժամանակը անցել է: Ո՞րն է այդ ժամանակը:

-Եթե հեղախություն է եղել, «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հեղափոխության առաջամարտիկներ են եւ պետք է առնվազն ազատության մեջ լինեն: Մենք առաջինն ենք ասել, որ ջատագովն ենք անցումային արդարադատության, եւ պահանջում ենք, որ այդ անցումային արդարադատությունը նաեւ մեզ վերաբերի:

Մենք եւս պատրաստ ենք, որ անցումային արդարադատության գործերից մեկը լինի «Սասնա ծռերի» ապստամբության գործը եւ դա քննվի իրավունքի սկզբունքների համատեքստում` ինքնապաշտպանության իրավունքի, դրանից բխող ապստամբության, դիմադրության իրավունքի համատեքստում, եւ բնականաբար, հաշտվելով մարդասիրական իրավունքի հետ, որովհետեւ զինված ապստամբությամբ հարուցված գործընթացները արդեն ռազմական գործողություններ են, եւ այդտեղ չափանիշները պետք է ընտրել` ըստ մարդասիրական իրավունքի:

Եթե չկա մարդասիրական իրավունքի խախտում, օրինակ` գերիների հետ վատ վարվել, այլ անմարդկային վերաբերմունք` գերիների սպանություն, անզեն մարդկանց նկատմամբ զենքի կիրառում, ապա հակամարտության որեւէ կողմը, որը չի կատարել նման գործողություններ, անպարտ է օրենքի առաջ:

-Չմոռանանք, որ այդ գործողությունների ընթացքում մարդիկ են սպանվել:

-Պետք է իրավունքի տիրույթում լինենք: Նախ` այդ մարդկանց սպանել է ռեժիմը: Ես արդեն չգիտեմ զարմանքից բացի ուրիշ ինչ վերաբերմունք արտահայտել: Ես դեռ չեմ խոսում Գագիկ Մկրտչյանի դեպքի մասով, որը ամեն ողջամիտ մարդու համար պետք է ակնհայտ լինի, այնուամենայնիվ, կարող են լինել ուրիշ կարծիքներ, առնվազն Յուրա Տեպանոսյանի մասով ակնհայտ է, որ ինչպես մարտի մեկի ժամանակ սպանեցին Տիգրան Աբգարյանին, որպեսզի մեղքը գցեն բողոքող, ըմբոստացող ժողովրդի վրա, եւ արտակարգ դրություն մտցնեն, հետո նրան գնդակահարեն, նույն ձեռագրով, նույն մարդիկ եւ նույն ոճրագործ, ցեղասպան համակարգը կիրառեց այդ մեթոսը, որպեսզի հնարավոր լինի իր գործը առաջ տանել եւ ավելի ծանր մեղքեր բարդել ապստամբների վրա:

Այնուամենայնիվ, մարդ է մահացել տրամաբանության մեջ մենք կարող ենք ասել, որ, այնուամենայնիվ, հայրենքից էինք զրկվում, այնուամենայնիվ, 100-ից ավելի երիտասարդներ ենք կորցրել պայմանավորված պատերազմի հետեւանքով, այնուամենայնիվ, 10 քաղաքացիների են գնդակահարել Երեւանի փողոցներում, այնուամենայնիվ, Հայաստանի ինքնիշխանությունը եւ Արցախը հանձնում էին Ռուսաստանին եւ Ադրբեջանին, այնուամենայնիվ, ցեղասպանություն էին կատարում եւ, այնուամենայնիվ, ցեղասպանություն կատարողների նկատմամբ հարկավոր է զենք վերցնել:

Իսկ եթե զենք վերցնելու ընթացքում անմեղ մարդկանց, այդ թվում` շարքային ոստիկաններին, նույն ռեժիմը գնդակահարում է իր քաղաքական կեղտոտ, ստոր, հակամարդկային նպատակների համար, ապա պետք է, ըստ այդմ քննություն կատարվի, եւ այդ մարդասպանները պետք է բացահայտվեն: Կեղծվել են եզրակցություններ փորձագիտական, կեղծվել են ապացույցներ, եւ, ընդհանարպես, կոնտեքստից դուրս քննություն է կատարվել. կարծես մի ակվարիումի հետ է այդ ամենը տեղի ունեցել:

Ինչ-որ մարդիկ առավոտյան արթնացել են, զենք են վերցրել, գնացել են ինչ-որ շենք են գրավել, եւ չգիտենք` ինչու են դա արել. երեւի այդպիսի հակումներ ունեին: Ու հիմա հարկավոր է նրանց ուղղակի պատասխանատվության ենթարկել, որովհետեւ նման բան են արել: Մենք պետք է այս պարզունակ ընկալումների դաշտից դուրս գանք: Քաղաքական ազգ դառնալու հրամայականի առաջ ենք կանգնած: Հակառակ պարագայում մեզ հայրենազրկում եւ ցեղասպանություն է սպառնում:

-Դուք ասում էիք, որ Արցախում պետք է հեղափոխություն լինի, իշխանափոխություն: Նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020-ին չի դնելու իր թեկնածությունը: Այս դեպքում ե՞ւս հեղափոխության անհրաժեշտություն եք տեսնում:

-Հարցը Բակո Սահակյանը չէ: Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ, երբ Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքը սխալ էր, Նիկոլը ճիշտ, դրանից հետո մեզ փորձում էին հրամցնել այն պարզունակ միտքը, որ` ի՞նչ եք ուզում, Սերժ Սարգսյանը գնացել է, հանգստացե՛ք եւ հաշտվե՛ք Կարեն Կարապետյանի հետ: Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը դրանք մարդիկ չեն, դրանք տեսակ են, երեւույթ, համակարգի բնույթը եւ էությունը արտացոլող երեւույթներ են: Քանի դեռ այդ տեսակը ղեկին է, նույն բանն է լինելու:

-Ընտրություններով հնարավոր չէ՞ ինչ-որ բան փոխել:

-Ոչ: Ինչպես որ Հայաստանում հնարավոր չէր, եւ մենք 2009 թվականից ասում էինք, գրեթե բոլորը մերժում էին այդ մոտեցումը եւ փորձում էին ընտրությունների միջոցով փոփոխության հասնել, չնայած որ իրենց աչքի առաջ մարտի 1 էր տեղի ունեցել, բայց էլի շարունակում էինք նույն պատմությունը: Բացի այդ, այսպիսի համակարգերում, երբ ռեժիմները զավթում են պետությունը, նրանք այն աստիճան են ամեն ինչ իրենցով անում, որ ամեն ինչ լինում է հսկողության տակ:

Վկան 2017 թկավանի ապրիլի ընտրություններն էին, երբ շատ հեզասահ ամեն ինչ անցավ: Եվ եթե այդ տպավորությամբ ասենք, ապա ամբողջ ժողովուրդը քվեարկեց ՀՀԿ-ին, բայց նույն ժողովուրդը ուղղակի ոտնատակ արեց նրանց ընդամենը մեկ տարի հետո: Հիմա նույն բանը պետք է թույլ չտալ, որ Արցախում տեղի ունենա: Եթե մնա իրենց, ապա իրենք իրենց մեթոդներով այնպես կանեն, որ ունենան քվեների մեծամասնությունը, բայց դա քաղաքացիների կամքին ամենեւին չի համապատասխանելու:

Ուստի թագավորը եւ չարչին վերհիշելու կարիքը կա, եւ այդ տրամաբանությունն է, որ պետք է ստի, կեղծիքի, հանցավորության ռեժիմից նախ ազատվել ժողովրդի կամքի պարտադրմամբ, ինչպես այստեղ եղավ: Այնտեղ ավելի հեշտ է դա անել: Մի քանի հազար մարդ եթե փողոց դուրս գա, դա կստացվի:

-Դուք նման գործընթաց եք սկսելո՞ւ:

-Բնականաբար: Բայց մենք չենք մտածում, որ միայն մենք ենք դա անելու: Արցախում կան առողջ ուժեր, առողջ մարդիկ, որոնք մտածում են, որ որոշակի սցենարային, մարտավարական տարբերություններով այս մեթոդով պետք է հեռացնել ռեժիմին:

-Ե՞րբ է լինելու նման բան:

-Այդ գործընթացը, ըստ էության, սկսված է: Անշուշտ ակտիվ փուլում չէ: Երբ որոշումը կա, եւ որոշման մասին հայտարարում ես, արդեն կարող ենք նկատի ունենալ, որ սկսված է:

Իսկ եթե դա տեղի չունենա մինչեւ 2020 թվականը, ապա 2020 թվականի ընտրությունները պետք է օգտագործել այդ նպատակի համար:

-Բոյկոտելո՞ւ եք:

-Ոչ: Մասնակցել ընտրություններին` օգտագործելով դրա ընթացքը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Մինասյան




Լրահոս