«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ հայտնվել են ՀՀ արդարադատության նախարարի թիրախում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի, Ռուզաննա Հակոբյանի, Գոռ Հակոբյանի, Նախշուն Տավարացյանի, Վարդան Ավանեսյանի Ստեփան Միքայելյանի Տիգրան Պետրոսյանի, Սուրեն Անտոնյանի, Մամիկոն Դրմեյանի, Արտակ Բարսեղյանի նկատմամբ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին դիմում ներկայացրել, որ իր քաղաքացիական գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես այն, որ համատիրության կողմից տրված թերթիկը կեղծ է եղել, եւ դա պաշտոնապես պարզել են իրավապահները:
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները պետք է քաղաքացու դիմումին ընթացք տային եւ ստուգեին, թե արդյոք նրա բերած դիմումը ճիշտ է, սակայն առանց քննության են թողել այն: Ու հիմա բանը հասել է դիվան բաշուն. կատարվածի մասին տեղյակ են պահել ՀՀ արդարադատության նախարարին, որն էլ կարգապահական վարույթ է հարուցել 11 դատավորների նկատմամբ:
Եթե ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնավորի, որ դատավորները թույլ են տվել խախտում, ապա պետք է դիմի Բարձրագույն դատական խորհուրդ դատավորներին պատասխանատվության կանչելու համար:
Ու մինչ նախարարությունը դեռեւս քննում է դատավորների հարցը, մեզ հասած լուրերի համաձայն` կատարվածը նաեւ թեժ քննարկման առիթ է տվել դատավորների շրջանում, եւ կատարվածի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա է գցում:
Մասնավորապես, վերջիններս սկսել են խոսել այն մասին, որ թող այն դատավորը կրի պատասխանատվությունը, որը զեկուցել է այս գործը: Մեզ հասած լուրերի համաձայն` զեկուցողը եղել է դատավոր Ստեփան Միքայելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարարությունից, որտեղից մեզ փոխանցեցին նախարար Արտակ Զեյնալյանի պատասխանը. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Հետեւապես, որեւէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած կամ չհարուցած լինելու մասին բարձրաձայնումը հանդիսանում է օրենքի խախտում, այդ իսկ պատճառով թո՛ւյլ տվեք հարցն անպատասխան թողնել:
Այս հարցի շրջանակում մեկ կարեւոր շեշտադրում եմ ցանկանում կատարել. երբ օրենքն ամրագրում է որեւէ գործընթացի գաղտնիության ապահովման պահանջ, դա նշանակում է, որ գաղտնիությունը բխում է հասարակության շահերից: Գաղտնիքի վաղաժամ բացահայտումը անբարենպաստ հետեւանքներ է առաջացնում ինքնին հասարակության համար, որը դրսեւորվում է, օրինակ, արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, դատարանի եւ դատավորի նկատմամբ վստահության եւ հարգանքի նվազմամբ եւ այլն:
Գաղտնիքի վաղաժամ բացահայտման վերոնշյալ անբարենպաստ հետեւանքները կարող են առաջանալ նաեւ այն լրագրողի գործողությունների արդյունքում, որը գաղտնիության ապահովման օրենսդրական պահանջից շեղում է թույլ տալիս եւ օբյեկտիվորեն ոչ ամբողջական, երբեմն ասեկոսեների վրա հիմնված տեղեկություն է տրամադրում հանրությանը`այդպիսով խախտելով վերջինիս պատկանող գաղտնիքի իրավունքը, հատկապես որ որոշակի գործընթաց անցնելուց հետո տվյալ պահին գաղտնիք համարվող տեղեկությունը հանրայնացվելու է լիազոր պետական մարմնի կողմից»:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ դատավոր Ստեփան Միքայելյանին, որն էլ ասաց. «Վարույթ չի հարուցվել. քաղաքացին դիմել է արդարադատության նախարարին, իսկ նախարարը մեզ հարցադրումներ է ուղարկել, մենք էլ մեր բացատրությունն ենք տվել:
Ոչ մի իրավունք էլ չի խախտվել: Ինչ որ ասում են, դրանք կեղծիքներ են. ի՞նչ վախենալու խնդիր կա, ինչը ճիշտ է, դա էլ եղել է: խնդիրը կայանում է հետեւյալում. դատական ակտեր են եղել, դատական ակտերի արդյունքում այդ բողոքը ով դիմել է նախարարին, իր պահանջը մերժվել է, որից հետո սա քրեական գործով հասել է նրան, որ ապացուցվել է, թե ժամանակին այդ քաղաքացիական գործերով եղած ապացույցների մի հատը դիտվել է ոչ օրինական, ինչ-որ տեղեկանք եղել է ոչ օրինական, հիմա սա ասում է` գիտեք ինչ, քանի որ այդ տեղեկանքը կեղծ է եղել, նշանակում ա էդ պետք է դիտվի որպես նոր երեւան եկած հանգամանք նորից գործը վերսկսելու համար` մոռանալով մի բան, որ ժամանակին այդ ակտը կայացվել է, ոչ թե կայացվել է զուտ այդ տեղեկանքի հիման վրա, այլ եղել են նաեւ այլ ծանրակշիռ ապացույցներ, որոնք էլ հենց դրվել են դատական ակտերի հիմքում, որոնք իրենց իրավական ուժը պահպանում են»:
Քնար Մանուկյան