88թ. աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում դեռ վթարային շենքեր կան: Դրանց թիվը հասնում է 88-ի: 100-ավոր ընտանիքներ ապրում են` վախը սրտերում: Հաճախակի փլուզումներն էլ դարձել են սովորական երեւույթ:
Գյումրու Անտառավան թաղամասի թիվ 26 շենքում վերջին երեք օրում փլուզման մի քանի դեպք է գրանցվել: Շենքում ապրող 10-ը ընտանիքներին զգուշացվել է, որ շենք մտնելը գոնե սկզբնական օրերին վտանգավոր է, բայց բնակիչները գնալու տեղ չունեն, ստիպված փլուզումից ժամեր անց մտել են բնակարաններ ու շարունակել ապրել: Շենքի շքամուտքային հատվածները, պատշգամբները ամբողջությամբ փուլ են եկել: Քարաթափումները հատկապես վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել:
«30 տարի վախով ենք ապրում: Ամեն անձրեւին ու քամուն արդեն գիտենք, որ հիմա մի քար կընկնի: Երեխաներին դուրս չենք թողնում, որ փորձանք չլինի: Բայց մինչեւ ե՞րբ: Այս շենքերից ոչինչ չի մնացել: Երկրաշարժ տեսած շենքեր են: 2-3 բալ երկրաշարժ լինի, շենքը հողին կհավասարվի»,-ասում է Գյումրու թիվ 26 շենքի բնակիչներից մեկը:
Անտառավան թաղամասի շենքը կառուցվել են 1976 թվականին: Տասնամյակներ առաջ իրենց ամրությամբ շենքերը Գյումրիում առաջին տեղում էին: Բայց ոչ հետեւողականության հետեւանքով շենքերը տարիների ընթացքում քայքայվեցին ու բնակության համար դարձան ոչ պիտանի:
Գյումրու վթարային շենքերի խնդիրը նոր չէ: Բնակիչները ամեն փլուզման ժամանակ դժգոհում են, պահանջում խնդրին լուծում տալ, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Դա է պատճառը, որ այդ շենքերը վթարայնության 3-րդ աստիճանից հասել են 4-րդ աստիճանի:
Վթարային շենքերի բնակիչները Շիրակի մարզետարանում պահանջել են խնդրին հրատապ լուծում տալ: Շիրակի մարզպետարանի Բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը բնակիչներին հորդորել է մարզպետարան ներկայացնել բոլոր փաստաթղթերը:
Կիրակի օրը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զրուցել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: «Վերջինիս հրահանգով` հատուկ մասնագետներ են եկել ու ուսումնասիրել բնակարանը: Միայն 3 օր հետո պարզ կլինի` շենքը տեխնիկական ինչպիսի վիճակում է: Մենք նույն բանը ասացինք բնակիչներին, հանգստացրինք ու տուն ուղարկեցինք, հիմա սպասում ենք եզրակացության արդյունքներին»,- ասաց Շիրակի մարզպետարանի Բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:
Բնակիչներն այժմ սպասում են մասնագետների եզրակացությանը: Եթե պարզվի, որ թիվ 26 շենքը այլեւս վտանգավոր է բնակության համար, 10-ը ընտանիք կտարհանվեն, ուսումնասիրությունների արդյունքների փաթեթն էլ կուղարկվի կառավարություն: Բայց առկախ կմնան մյուս վթարային շենքերի ճակատագրերը, որտեղ եւս ժամանակ առ ժամանակ փլուզումներ են տեղի ունենում:
Հեղինե Մանուկյան
Շիրակ