Օրերս Աջափյնակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց, որ պատրաստվում է դիմում գրել եւ լքել տեղակալի պաշտոնը. «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»:
Գրառումից մոտ մեկ ժամ հետո Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս միջադեպին, հայտնեց, թե ինքը շատ լավ հարաբերությունների մեջ է Աջափնյակի ղեկավարի հետ, իր հեռախոսը գողացել էին, իսկ մեղավորները անպայման կպատժվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից տեղեկացավ, որ Արամ Մանուկյանը այդ հարցով ոստիկանություն չի դիմել, սակայն հաշվի առնելով նշված հրապարակումը` այս պահին Մաշտոցի բաժնում դրա վրա նյութեր են ստեղծվում: Մանրամասները դեռ հայտնի չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գողության հանգամանքները պարզելու համար զանգահարեց նաեւ Արամ Մանուկյանին, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց: Այնուամենայնիվ, կսպասենք նյութերի նախապատրաստման ընթացքին` հասկանալու, թե ով էր, ի վերջո, գողացել տեղակալի հեռախոսը եւ ինչու էր հենց նման բովանդակությամբ հրապարակում արել: