Ինչու է քրեական գործերի մի մասը փակուղի մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահ համակարգը տարբեր ավտովթարների գործերով փորձաքննություններ է նշանակել եւ այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, սակայն ՀՀ իրավապահներն այս օրերին մի շարք քրեական գործերով հայտնվել են խնդրի առաջ:

Մասնավորապես, նոյեմբերի 7-ին` ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող Կամազ մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Ա. Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը եւ Դավիթ Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էին:

Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով, հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները:

Այդ ընթացքում կատարվածի պատճառով ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքից հեռացրեց որոշ պաշտոնատար անձանց, իսկ քրեական պատասխանատվության հարցը թողեց ՀՀ իրավապահներին: Անցել է 4 ամիս, եւ ՀՀ իրավապահ համակարգը այս եւ այլ քրեական գործերով սպասում է փորձագիտական կենտրոնի պատասխանին: Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահ մարմիները, հասկանալով, որ մի շարք ավտովթարների գործերով քրեական գործերը փակուղի են մտել, կապ են հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ եւ նրանց հայտնել են, որ փորձաքննությունների եզրակացությունները ուշանում են, քանի որ ՊՈԱԿ-ի ավտոդատատեխնիկական փարձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել, ուստի մասնագետներ չկան, եւ եզրակացություն էլ լինել չի կարող:

Ասել է թե` քրեական գործի քննության ընթացքը ձգձգվում է փորձագիտական կենտրոնից կադրային արտահոսքի պատճառով:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավար Արտաշես Սուչյանից, թե ինչու են մասնագետները համատարած ազատման դիմում գրել, եւ ինչ է լինելու մի շարք աղմկահարույց գործերով նշանակված փորձաքննությունների ճակատագիրը, ի պատասխան` Սուչյանը հայտնեց. «Նման բան չկա, ուշացումը կախված է բացառապես փորձագետների ծանրաբեռնվածությամբ, որեւէ այլ խնդիր չկա: Ազատումներն ու ընդունումները բնականոն աշխատանքային պրոցեսներ են, մարդն այսօր ցանկանում է այստեղ, մի օր էլ` այլ տեղ , դա կապ չունի: Իսկ Ձեր հարցադրումը համատարած ազատում չկա ու չի էլ եղել:

Կոնկրետ այդ բաժնի հետ կապված խնդիրը հետեւյալն է. այնտեղ հոսունություն կա բաժնում աշխատակիցների, որովհետեւ ԱՊՊԱ ոլորտով էլ են զբաղվում, մասնագետների պահանջարկը շուկայում շատ է, բայց դա չի նշանակում համատարած ազատումների տեսանկյունից, այդտեղ զուտ, կրկնում եմ, ծանրաբեռնվածության խնդիրն է, որ միայն այդ մյուս փորձաքննությունների գծով էլ, ու այդ մասին բոլորը գիտեն, այնպես չէ, որ դա գաղտնիք է: Մեզ մոտ այդ ծանրաբեռնվածության խնդիրը եղել է»:

Ի դեպ, նկատենք, որ այս ամենի հետեւանքով խնդրի առաջ են հայտնվել նաեւ մեղադրյալները, որոնք գտնվում են կալանքի տակ, եւ հենց փորձաքննությունների պատասխանից է կախված նրանց ճակատագիրը:

Քնար Մանուկյան




Լրահոս