2019 թվականի մարտի 8-ից 22-ը Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել: Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ
թափավազքով հեռացատկ վարժությունում բրոնզ մեդալ է նվաճել (մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան):
Խաղերին մասնակցած հայ մարզիկները ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից յուրաքանչյուր տարի ստանում է 2 մլն դրամ պետական աջակցություն՝ ՀՀ առաջնություններ կազմակերպելու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:
Նշենք, որ հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել են 190 երկրներ 7500 մարզիկներ: