Ո՞ր սկզբունքներն ու տարրերը կփոխվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը տեւեց ավելի քան 4 ժամ: Հնչած հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերում էր Արցախյան հակամարտությանը: Հատկապես այս հարցում Փաշինյանը բավական պատրաստված էր ներկայացել ասուլիսին. անդրադառնալով Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու թեմային եւ այն դիտարկումներին, որ դա դիտվում է որպես բանակցային ձեւաչափի փոփոխություն` նա տարեթվերով եւ ամսաթվերով մատնացույց արեց բոլոր փաստաթղթերը, որոնց համաձայն` Արցախը միշտ էլ եղել է բանակցային կողմ, եւ հիմա ոչ թե ձեւաչափ է փոխում, այլ վերականգնում: Նա նույնիսկ լրագրողներին ցուցադրեց դրանք:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախը ներգրավելու` Հայաստանի առաջ քաշած օրակարգը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ Ադրբեջանի համար»,- նշեց վարչապետը` իր խոսքում ընդգծելով, թե բոլորն էլ գիտեն` ով է Արցախը դուրս մղել բանակցային գործընթացից:

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետից հետաքրքրվեց Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների նիստում իր հնչեցրած մի մտքի հետ կապված: Մասնավորապես, նա նշել էր, որ առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ինչպես է դա պատկերացում, եւ այժմ այս ձեւով սկզբունքները ընդունելի են, թե ոչ:

«Մենք ունենք տեքստ եւ ունենք տեքստի տասնյակ մեկնաբանություններ: Եվ, ընդ որում, այդ մեկնաբանություններն արվում են պետական մակարդակով: Ես իմ տեքստում ասեցի, որ շատ կարեւոր է` հասկանանք` ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու հետագա բանակցությունների ընթացքում: Էն մեկնաբանությունները, որոնք տալիս է Ադրբեջանը հայտարարված սկզբունքների վերաբերյալ, մեզ համար անընդունելի են:

Մենք, իհարկե, կարող ենք մեր մեկնաբանությունն ասել, բայց մենք չենք գնում այդ ճանապարհով, որովհետեւ մեր խնդիրը լեզվակռվի մեջ չէ: Մենք ուզում ենք, որ համանախագահները, Ադրբեջանի ներկայացուցիչները, Հայաստանի ներկայացուցիչները, Ղարաբաղի ներկայացուցիչները միասին հասկանանք` այդ սկզբունքները ինչ են նշանակում, եւ ինչ կարող են նշանակել գործնականում», – մեր հարցին ի պատասխան` նշեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը. 2011թ. հունվարի 14-ին հանդես գալով մամուլի ասուլիսում` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ գոյություն ունի կարգավորման երեք սկզբունք:

– ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում;

– ինքնորոշման իրավունք;

-տարածքային ամբողջականություն:

Նալբանդյանը նշել էր նաեւ վեց տարր, որոնք առաջարկվել են կողմերին միջնորդ երկրների կողմից.

1. Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան;

2. մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ;

3. պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը;

4. բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձը անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումից հետո;

5. անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, այդ թվում` միջազգային խաղաղապահների ներկայություն;

6. տարածքների վերադարձ:

Նալբանդյանը նշել էր, որ վերջին տարրը չի հստակեցնում, թե ինչ տարածքների մասին է խոսքը:

Հակամարտության կարգավորման այս սկզբունքների եւ տարրերի մասին բազմիցս խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, համանախագահ երկրների նախագահներն իրենց հայտարարություններում: Բավական է հիշել Լ՛Աքվիլլայի, Հանթսվիլի հայտարարությունները:

Եվ հետաքրքիր է, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, թե այս ուղղությամբ տեղեկատվություն ստանալու առումով շատերի հետ է զրուցում եւ զրուցել, վարչապետ դառնալուց հետո հանդիպել էր հենց Էդվարդ Նալբանդյանին: «Ես նոր մարդ եմ բանակցություններում, ես ուզում եմ հասկանալ` ով է ճիշտ, ով սխալ:

Վարչապետ ընտրվելուց հետո արտաքին գործերի նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մենք խնդրել ենք, որ նա գա եւ որոշակի տեղեկություններ հաղորդի, եւ այս գործընթացը շարունակվում է: Ես` որպես նոր մարդ բանակցություններում, ունեմ բազմաթիվ հարցեր բոլորին եւ նույնիսկ երկրների ղեկավարների հետ այդպիսի հարցեր եմ քննարկում: Այն, ինչի մասին խոսում ենք, ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն», – ընդգծել էր վարչապետը:

Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը դժվարացավ ասել, թե երբ տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը, սակայն հստակ հայտարարեց, որ ինքն այդ բանակցություններում ներկայացնելու է միայն Հայաստանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս