ՀՀ իրավապահ համակարգը շարունակում է իրականացնել Պն պաշտոնատար անձանց գործողությունների մասով բացահայտումները։ Մասնավորապես, Ալիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, կոչումով կապիտան, 2017թ. նոյեմբերի 6-ին` ժամը 10:00-ի սահմաններում, նույն զորամասի զինծառայող, շարքային Ռուդիկ Շահբազյանից տեղեկանալով ուսումնական տագնապով 16 համարի ուղեզրով զորամասից դուրս եկած «ԶԻԼ-131» մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայի` Զառիթափ-Սիսիան երթեւեկելու պահին առաջացած անսարքության եւ ճանապարհին կանգնած լինելու մասին, ինչպես նաեւ ի պաշտոնե տեղյակ լինելով ավտոմեքենայի բաքերում առկա վառելիքի քանակության մասին, կոնկրետ քայլերի է դիմել։
Ըստ իրավապահների` բացահայտման նույն օրը` ժամը 17:30-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Ֆոլկսվագեն Գոլֆ 3» մակնիշի ավտոմեքենայով նախօրոք իր հետ վերցնելով ռետինե խողովակ եւ 11 հատ 20 լիտրանոց տարաներ` մեկնել է Երեւան-Սիսիան մայրուղու Զառիթափ խաչմերուկից 200-300 մետր հեռավորության վրա` ճամփեզրի աջ գոտում կայանված «ԶԻԼ-131» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի մոտ եւ ռետինե խողովակի միջոցով նշված ավտոմեքենայի բաքերից գաղտնի հանել է զգալի չափերի` 88 հազար 725 ՀՀ դրամ արժողությամբ 260 լիտր ավտոբենզինը, որից 40 լիտրը լցրել է իր ավտոմեքենայի բաքի մեջ, իսկ 220 լիտրը` լցրել 11 հատ 20 լիտրանոց տարաների մեջ եւ դնելով իր ավտոմեքենայի մեջ` գաղտնի հափշտակել:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվել. Բաբայանը իր արարքը թաքցնելու համար պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տագնապային թիվ 16 ուղեգրում կատարել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր նշված ավտոմեքենան կատարել է զորամաս-Զառիթափ-Սիսիան երթը, ինչի արդյունքում ծախսել է 265 լիտր ավտոբենզին, եւ իր կողմից կազմված կեղծ փաստաթուղթը հանձնել է զորամասի ավտոծառայությանը:
Իրավապահները բացահայտել են, որ նույն զորամասի այլ պաշտոնյաներ եւս նման գործողություններ են իրականացրել։ Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում, որպես հակաօդային պաշտպանության պետ, կոչումով կապիտան ՀՕՊ ստորաբաժանման հաշվեկշռում գտնվող «Գազ-66» մակնիշի ՊՆ8 զինհամարանիշի ավտոմեքենայի փոխանցման տուփը եւ արգելակման մեխանիզմը վերանորոգելու նպատակով ՊՆ ավտոմեքենայից զգալի չափի` 90000 ՀՀ դրամ արժողությամբ, 270լ ավտոբենզին հատկացրել է նույն ստորաբաժանման պայմանագրային զինծառայող, սերժանտ Գառնիկ Սայադյանին, որպեսզի վերջինս վաճառի եւ նշված գումարով կազմակերպի ավտոմեքենայի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ ստորաբաժանման հաշվեկշռում գտնվող այլ մեքենաների համար պահեստամասեր գնի:
ՀՀ ՊՆ զորամասում որպես վերանորոգման վաշտի հրամանատար, կոչումով կապիտան Գրիգոր Բալյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա ծառայելով 2017թ. նոյեմբերի 21-ին զորամասի վերանորոգման վաշտի ավտոտեխնիկայի վերանորոգման դասակի հաշվեկշռում գտնվող «Զիլ-131» մակնիշի ՊՆ7519Շ զինհամարանիշի ավտոմեքենայի համար լրացված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 819 ուղեզրում կատարել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր նշված ավտոմեքենան կատարել է զորամաս-Խնձորուտ-Գվին-Բարձրունի երթը նույն օրը երկու անգամ, ու 71 լիտր բենզինի փոխարեն ծախսել 142 լիտր բենզին եւ իր կողմից կազմված կեղծ փաստաթուղթը հանձնել զորամասի ավտոծառայությանը, արդյունքում ստացված բենզինը լիցքավորվել է նշված ավտոմեքենան:
Ստացվում է, որ ՊՆ պաշտոնատար անձինք բանակի բենզինի հաշվին զորամասերում առկա պակաս պահեստամասերի եւ իրենց մեքենաները լիցքավորելու խնդիրն են լուծել։