Շիրակի մարզում չարաշահումների հերթական դեպքն է արձանագրվել: Չարաշահումների կիզակետում այս անգամ Մարմաշեն խոշորացված համայնքն է: 15 համայնքի փնջից ձեւավորված Մարմաշեն համայնքի ղեկավարը ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանն է: Վերջինս պաշտոնում ընտրվեց մոտ երկու տարի առաջ, երբ Շիրակի մարզում 3 համայնքներ խոշորացան: Ընդ որում` Մարմաշեն համայնքում թեժ մրցակցություն էր: ՀՅԴ անդամի հետ մրցակցում են հանրապետական երեք թեկնածու, բայց ընտրության արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց Կարեն Արշակյանը: Ավագանին էլ բավականին երկար ժամանակ խոչընդոտում էր Արշակյանի աշխատանքին:
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության եւ Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին եւ հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգեւավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30-ից 50.000-ական դրամ գումարներ: Դրանք ազատամարտիկներին չեն տրվել եւ յուրացվել են:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) եւ 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մարմաշեն համայնքի ղեկավարը չարաշահումների վերաբերյալ կարծիք հայտնել հրաժարվեց. այն, որ քրեական գործ է հարուցվել, վերջինս տեղեկացավ մեր հեռախոսազանգից հետո: «Դա սխալ տեղեկատվություն է, ես ոչնչից տեղյակ չեմ: Իհարկե, եկել ստուգել են, պարգեւատրումներ իսկապես եղել են: Ազատամարտիկները գնացել, իրենց համար խնջույք են կազմակերպել: Չարաշահում չի եղել ընդհանրապես»,- ասաց Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը:
Նախորդ տարի մայիս ամսին ազատամարտիկները համայնքային բյուջեից պարգեւավճարներ ստացել են: Մոտ 17 հոգի օգտվել է օգնությունից: Վերջիններս Բաթումում իրենց ամառային հանգիստն են կազմակերպել: Մարմաշեն համայնքի ղեկավարը անհիմն է համարում արձանագրված չարաշահումները: «Երբ քննությունն ավարտվեց, ես այդ ժամանակ կխոսեմ: Բյուջեից դուրսգրումներ իսկապես եղել են: Ուղարկել ենք մեր ազատամարտիկներին Բաթում հանգստանալու: Ես այդ գումարները ո՛չ յուրացրել եմ, ո՛չ շորթել: Այդ պարգեւատրումը մի անգամ է եղել: 17 հոգի Բաթում են գնացել 50 000 դրամով, որից 24 000-ը ճանապարհածախս է եղել: Ես ոչնչից տեղյակ չեմ, անկեղծ ասած` ինձ չի էլ հետաքրքրում»,-ավելացրեց Կարեն Արշակյանը:
Նշենք, որ Կարեն Արշակյանը նաեւ գործարար է: Գործարար աշխարհից ՏԻՄ ոլորտ տեղափոխված համայնքապետը երբեք չէր աշխատել համակարգում: Կարեն Արշակյանը զբաղվում է ջայլամաբուծությամբ եւ ազնվամորու մշակությամբ:
Հեղինե Մանուկյան