Մեծ Սեպասար գյուղական բնակավայրը ընդգրկված է Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի մեջ: Գյուղում խնդիրները շատ են եւ բազմազան, բայց բնակչությանը հիմնական մտահոգող հարցը գյուղ մտնող եւ գյուղամիջյան ճանապարհներն են: Ընդ որում, խնդիրները նոր չեն, այլ տասնամյակներ շարունակ եղել են, բնակիչներն էլ բազմիցս բարձրաձայնել են այդ մասին: Վերջապես արձագանք է եղել:
Նախորդ տարի աշնանը որոշում է կայացվել գյուղ մտնող եւ գյուղամիջյան ճանապարհները բարեկարգել: Համայնքային բյուջեից 6.5 միլիոն դրամ է տրամադրվել այդ նպատակի համար: Գումարի շրջանակում մոտ 900 մետր ճանապարհ է կավահողով պատվել:
Դեռ աշխատանքների իրականացման ժամանակ բնակիչները բողոքել են՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները, քանի որ պարզ էր` անձրեւային եղանակներին գյուղական բնակավայրը ցեխերի մեջ է հայտնվելու: Այսօր արդեն գյուղացիների կանխատեսումներն իրականանում են. գյուղական բնակավայրն ամբողջությամբ ցեխի մեջ է հայտնվել, գյուղը պարզապես անանցանելի է: Կավահողը պատել է տների չորսբոլորը: Գյուղական բնակավայրը կավագործության արհեստանոց է հիշեցնում: «Ով որ անուշ-անուշ կերել է այդ փողերը, թող անուշ-անուշ հետ բերե: Ըդքան փողերը մեզնից կտրել են, սելն է հեշտ 6.5 միլիոն դրամ: Այսքան տարի հետո իբր բերեցին գորր էրեցին ու մեզի կրակը գցեցին:
Հնարավոր չէ ճանապարհով անցնել, մենակ կալոշ պետք է հագնինք, որ կարողանանք ճամփա անցնել: Սիկ էնէլու բան էր, որ էրեցին: Մեզի լրիվ անհասկցող գեղացու տեղ են դրել: Հենց մեր ավտոներից մեկը Գյումրի կհայտնվի, արդեն գյումրեցիներն էլ ձեռք կառնին, թե սեպասարցիներն եկան: Ավտոլվացման կետերը 10 000 դրամ գումար էլ որ տան, չեն համաձայնվի լվանալ: Սիկ շատ վիրավորական է մեզի համար»,-ասաց Մեծ Սեպասարի բնակիչներից մեկը:
Մեծ Սեպասարը տարածաշրջանի ամենամեծ գյուղերի ցանկում է: Բնակիչների թիվն անցնում է 1500-ը: Ամբողջ գյուղն է ոտքի կանգնել ու բողոքում է: Դժգոհում է հատկապես պատասխանատուներից, ովքեր աչք են փակում խնդրի առաջ: «Երբ որ եկան էդ ավազը լցնելու, զգուշացրինք, որ անթույլատրելի է էդ ավազը ստեղ լցնել, մեզ ասացին` հատուկ լաբարատորիա են ուղարկել էդ ավազը ու համոզվել են, որ կհամապատասխանի մեր ճանապարհներին: Մի խոսքով, համոզեցին մեզի, բայց հմի ինչ է լինելու` չգիտենք»,-ավելացրեց բնակիչներից մեկը:
Մեծ Սեպասարում դասապրոցեսներն էլ խաթարված են: Ավելի հեռու թաղամասերում ապրող երեխաները դպրոց գնալ չեն կարողանում, քանի որ ցեխը ճահճի նման քաշում է: Ով էլ հասնում է դպրոց, ցեխի մեջ կորում է: Նույն վիճակն է նաեւ դպրոցում, մարդկանց բնակարաններում: «Ինչ ձյունը հալվել է, բացակաների թիվը մեծացել է: Սա անընդունելի է: Մենք ծնողներին էլ չենք կարող ստիպել երեխաներին դպրոց բերել: Ստեղծված վիճակը շատ վտանգավոր է, հնարավոր է` երեխաները տուն գնալու ճանապարհին սայթաքեն ու ընկնեն»,-իր մտահոգություններով կիսվեց դպրոցի մանկավարժներից մեկը:
Գյուղում որոշել են` եթե հարցին լուծում չլինի, հանդիպում են պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շիրակի հյուսիսում գտնվող գյուղում լարվածությունը գնալով աճում է: Գյուղատնտեսական տարին մոտենում է, իսկ սեպասարցիները ոտքերը դուրս դնել չեն կարող:
Աշոցքում այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի ունեցան: Հաղթանակ տարավ ծնունդով մեծսեպասարցի Կարեն Մանուկյանը: Համայնքի ղեկավարի դեմ գյուղացիները բողոք չունեն, քանի որ աշխատանքները կատարվել են նախկին ղեկավարի` հանրապետական Արթուր Ալոյանի օրոք: Ճանապարհների նորոգման աշխատանքն էլ իրականացվել է Մարսել Կարապետյանի ճանապարհաշինական ընկերության կողմից, որն Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ամուսինն է:
Ի պատասխան բնակչության բողոքների` Աշոցքի համայնքապետը հանդիպել է Մարսել Կարապետյանի ու Մեծ Սեպասարի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանի հետ:
Նորիկ Սահակյանի փոխանցմամբ` Մարսել Կարապետյանը խոստացել է զբաղվել խնդրով, բայց արդեն առանց հավելյալ ֆինանսավորման: «Մոտ մեկ կմ ճանապարհահատվածի համար 6.5 միլիոն դրամ է ծախսվել: Գումարը կարծես ջուրն է լցվել: Բայց այսօր ինձ խոստացան, որ աշխատանքները կիրականացվեն: Հիմա ցեխը մաքրվում է, ձյունն էլ ամբողջական հալվի, ու Ցողամարգի ավազը կբերեն, կլցնեն»,- ասաց Մեծ Սեպասարի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանը:
Այժմ մի քանի տեխնիկա է գյուղում աշխատում: Ձյան նման ցեխը հեռացվում է ճանապարհներից: Թե ինչ ճակատագրի է արժանացել 6.5 միլիոն դրամը, այն էլ` Աշոցքի նման աղքատ տարածաշրջանի բյուջեից, դեռեւս պարզ չէ:
Տրամաբանությունը հուշում է, որ այսքանից հետո պետք է կատարվածի կապակցությամբ քրեական գործ հարուցվի, եւ այդ գումարները վատնողները, ատկատ անողները հայտնվեն մեղադրյալի աթոռին: Հուսանք` նոր Հայաստանում այս պատմությանն ընթացք կտան:
Հեղինե Մանուկյան
Շիրակ