Գյումրու բազալտե եզրաքարերի հարցը` բախտի քմահաճույքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկեցավ, որ ընկերություններին դեռ չեն վճարվել կատարած աշխատանքների դիմաց անհրաժեշտ գումարները:

Դեռեւս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար: Ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում պետք է հիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, իսկ փողոցները լուսավորվեն խնայողական լամպերով:

Նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն, բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցվեց: Բանն այն է` թավշյա հեղափոխությունից հետո մարզային նոր իշխանությունները շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ արձանագրեցին: Անգամ ծրագրի աշխատանքներով զբաղվող խումբը փոփոխվեց, եւ այն սկսեց ղեկավարել արդեն նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած սրան, մոտ 7 ամիս է, ինչ բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցված է, իսկ աշխատանքային խումբը արդեն երրորդ անգամ է փոփոխվել: Պարզվում է` շինարարական ընկերությունների կողմից իրականացված բազալտե եզրաքարերի տեղադրումը չի համապատասխանում սահմանված ստանդարտներին: Այսինքն` ԳՕՍՏ-ին չի համապատասխանել: Նկատենք, որ, ըստ մասնագետների, ԳՕՍՏ-ի այդ ստանդարտները խորհրդային տարիներից են եւ Հայաստանի անկախացումից ի վեր դրանք չեն փոփոխվել, չեն նորացվել: Եթե այդ ստանդարտներին հետեւենք, ապա Հայաստանում բազմաթիվ փողոցների բազալտե եզրաքարեր պետք է փոխվեն:

Արդյունքում այն ընկերությունները, որոնք շահել են փողոցների բարեկարգման, բազալտե եզրաքարերի շարման վերաբերյալ մրցույթները, այսօր խիստ մտահոգված են. չեն ստացել կատարված աշխատանքի դիմաց վճարները: Ունեն վարկային մեծ պարտավորություններ, որոնք պետք է մարեն, այդ աշխատանքներում ներգրավված աշխատողներին աշխատավարձեր չեն կարողանում տալ: Բայց, չգիտես ինչու, այս գործընթացը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է ե՛ւ մարզային, ե՛ւ քաղաքային իշխանությունների կողմից:

Օրինակ` «Սիսիան ԲՈՒԱՏ»-ի աշխատակիցը, որը խնդրեց չնշել իր անունը, «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ դեռ չեն վճարել կատարած աշխատանքների դիմաց: Նրա խոսքերով` լաբորատոր հետազոտության արդյունքները եկել են, ամեն բան նորմալ է եղել, ուղղակի ԳՕՍՏ-ի ստանդարտները պետք է փոխվեն: «Ամբողջ Սայաթ-Նովայի փողոցի, Բաղրամյան, Իսակովի պողոտաների եզրաքարերը մեր ընկերությունն է շարել, ինչ-որ նոր մարդիկ են եկել ու իրենց են ցույց տալիս: Այն ժամանակ անորակ չէր, հիմա անորա՞կ է:

Նման բան չկա: Ստիպված գնում, վարկ են վերցնում ընկերությունների սեփականատերերը ու բերում իրենց պարտքերը մարում: Օրինակ` «Մերձմոսկովյան» ընկերությունը իր մասով սահմանված ամբողջ ճանապարհի վերակառուցումը վերջացրել է, բայց դեռ գումար չի ստացել: Ընկերությունները վնասներ են կրում, կոպիտ ասած` տոկոսների տակ ճռում են»,- վրդովվեց «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության աշխատակիցը: Մյուս ընկերությունների աշխատողների խոսքերով` ստեղծված իրավիճակը եթե մեկ օր առաջ լուծում չստանա, ապա նրանք կարող են ֆինանսական խնդիրների պատճառով բռնել սնանկացման ճանապարհը, ինչ է թե` մի քանի պետական գործչի սրտով չի եղել խորհրդային տարիներից ժառանգած ԳՕՍՏ ստանդարտները:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է ընկերություններին աշխատանքների դիմաց վճարման ձգձգման պատճառը: Հարցին ի պատասխան` Պետրոսյանն ասաց. «Շիրակի մարզպետարանն այդ գործառույթի հետ որեւէ կապ չունի: Այսինքն` ծրագրի իրականացման հանձնաժողով է եղել, որում ժամանակին նաեւ նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանն է ներգրավված եղել, այդ փուլում իրենք խնդիրներ են տեսել` շինարարության որոշակի կոմպոնենտների հետ կապված: Բայց դա չի նշանակում, որ մարզպետարանը ձգձգում է աշխատանքները: Այդ հարցով դիմե՛ք Գյումրու քաղաքապետարան, դա ուղղակիորեն իրենց տիրույթում է, մենք այս փուլում չենք մասնակցում այդ գործընթացներին»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` որպես մարզպետ արդյոք տեղյակ է, որ ընկերությունները դեռ չեն ստացել իրենց կատարած աշխատանքների դիմաց գումարները, կամ ծանոթ է լաբորատոր հետազոտության արդյունքներին, մարզպետն ասաց. «Այս հարցին պատասխան տվողը Գյումրու քաղաքապետարանն է: Ես չեմ ստացել այդ արդյունքները, չեմ տիրապետում ինֆորմացիային: Այս փուլում համագործակցության բովանդակային նոր քննարկում, նոր ձեւաչափ չունենք»:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի պատասխանները ստանալ նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից: «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա համար էլ չեն ստացել: Չեն ավարտել աշխատանքները, եթե ավարտում են դրանք, ապա կատարողական են ներկայացնում»,- արձագանքեց Բալասանյանը:

Մենք քաղաքապետից հետաքրքրվեցինք նաեւ բազալտե եզրաքարերի լաբորատոր փորձաքննության արդյունքներից, որը անցած տարվանից է տրվել: «Ես, ճիշտն ասած, դա իմ խնդիրը չէ, այլ քաղաքաշինական կոմիտեի, տրանսպորտի նախարարության… ընդհանուր կառավարության խնդիրն է: Ընդհանուր համակարգի խնդիր է, թե ինչ ԳՕՍՏ-ով պետք է աշխատեն` բազալտի եզրաքարերի հետ կապված»,- արձագանքեց Գյումրու քաղաքապետը:

Ի դեպ, վարչապետը, իր երեկվա մամուլի ասուլիսին անդրադառնալով Գյումրու փողոցների անբարեկարգ վիճակին, հայտարարեց, որ այդ հարցով կզանգի Գյումրու քաղաքապետին: «Ժողովուրդ» օրաթերթը Բալասանյանից հետաքրքրվեց` արդյոք զանգ ստացել է վարչապետի կողմից. «Կզանգի, դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որեւէ խնդիր չկա:

Այնպես որ մենք էլ ոչ էլ կախարդական փայտիկ ունենք, որ միանգամից կառուցենք: 3 տարվա ծրագիր է, կսարքենք, կվերջացնենք, Դուք էլ կգաք, գեղեցիկ քաղաքը կտեսնեք: Վարչապետն էլ ասեց` փողը կա, նախագծերը կան, շինարարները կան, ինչի՞ մասին է խոսքը, այ մարդ: Կան այնտեղ որոշ հանգամանքներ, որոնք վերջնական պարզաբանման կարիք ունեն տրանսպորտի, կապի եւ տեղեատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից: Թե չէ` կախարդական փայտիկ որեւէ մեկը չունի այս երկրում, որ խփի ու ասի` փողոցները ասֆատապատվեցին, աշխատատեղերը ստեղծվեց, գումարները եկան, գնացքները գնացին: Այդպես չէ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս