Կա մի մարդ, որին ես դեռ ուզում եմ հավատալ՝ Նիկոլ Փաշինյանն է. Ելենա Բորիսենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկայիս իշխանության կազմում կա մի մարդ, որին ես դեռ ուզում եմ հավատալ եւ վստահել՝ Նիկոլ Փաշինյանն է: Մյուսները մեծ մասամբ ինձ դուր չեն գալիս: Երբ այսպես խոսում եմ, ինձ ասում են, թե հեղափոխությանը դեմ եմ, բայց դա, իհարկե, այդպես չէ: Ես պարզապես ցանկանում եմ, որ նրանք, ովքեր կոչված են խորհրդարանում, կառավարությունում ժողովրդի ձայնը տեղ հասցնելու, իսկապես կատարեն իրենց գործը, բայց ես դա չեմ տեսնում:

Ես չեմ ուզում, որ միանձնյա որոշումներ կայացվեն, վերեւից մեկը մի բան ասի, դա նույնիսկ չքննարկեն, միանգամից ընդունեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ տպավորություն ունի ներկայիս իշխանության գործելաոճից:

Նա խոստովանեց, որ իշխանության շատ քայլեր իր սրտով չեն, սակայն ինքը հաճախ նախընտրում է լռել, եթե չի կարող որեւէ բանով օգտակար լինել: «Օրինակ՝ ի՞նչ է նշանակում արվեստի գործերը թիկնազորի ուղեկցությամբ տանել դպրոցներ: Փոխանակ երեխաներին թանգարան այցելելու մշակույթ սերմանեն, ինչո՞վ են զբաղված… Աբսուրդային բաներ կան, որոնք լսում եմ, գլխումս «երկրաշարժ» է լինում»,- ասաց Ելենան:

Դերասանուհին անդրադարձավ նաեւ Երեւանի օպերային թատրոնի տարածքի սրճարանների մի մասի ապամոնտաժման հարցին. «Այն, որ սրճարանները պետք էր ապամոնտաժել, միանշանակ է, կանաչապատումն անհրաժեշտ է, բայց ես մտածում եմ՝ գուցե պետք էր սրճարանատերերին մինչեւ հոկտեմբեր թողնել աշխատել, իսկ հետո արդեն ամբողջն ապամոնտաժել: Մյուս կողմից էլ` հասկանում եմ, որ ժողովուրդն այս իշխանությունից կոնկրետ քայլեր է պահանջում, ասում է. «Մինչեւ հիմա ի՞նչ եք արել, ցո՛ւյց տվեք», ուստի փորձ է արվում հնարավորինս արագ արդարացնել այդ ակնկալիքները»,-եզրափակեց դերասանուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս