Նախարարությունների օպտիմալացումից եւ դրանց թվի կրճատումից հետո մի քանի նախարարություն կա, որոնք առայժմ գործում են պաշտոնակատարների ղեկավարմամբ: Դրանցից մեկն էլ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն է, որի առաջին տեղակալը Գարեգին Բաղրամյանն է:
Նա հետհեղափոխական կառավարությունում որպես նախարար պաշտոնավարում է անցյալ տարվա հոկտեմբերից, մինչ այդ էլ` հունիսին, զբաղեցնում էր ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանի տեղակալի պաշտոնը: Եւ երբ 2018թ. հոկտեմբերի 2-ին Գրիգորյանն աշխատանքից ազատվեց, անկուսակցական Բաղրամյանն ինքնըստինքյան պաշտոնեական առաջխաղացում ունեցավ` դառնալով ՀՀ գխավոր էներգետիկն ու բնական պաշարների կառավարիչը:
Մամուլը, սակայն, կարճ ժամանակ անց, երբ կառավարությունը հրաժարական տվեց, եւ նախարարները ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ձեռք բերեցին, գրեց, թե Բաղրամյանն իրեն կոմֆորտ չի զգում զբաղեցրած պաշտոնում եւ թախանձում է «իր հագով» մեկ այլ պաշտոնի կարգվել: Ինքը` Բաղրամյանը, սակայն, հերքեց իր մասին ստեղծված տպավորությունը եւ հակառակը պնդեց. իրեն շատ էլ հարմարավետ է զգում, ունի բազմաթիվ ծրագրեր եւ աշխատում է առանց սպասողական վիճակի:
Բայցեւայնպես չար լեզուները պնդում են, որ առաջիկայում կառավարության այս հաղթանդամ ու մռայլադեմ ներկայացուցիչը «դարձ ի շրջանս յուր» կկատարի` վերադառնալով Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով կառույցի նախագահի կարգավիճակում, որը երկար տարիներ զբաղեցնում էր անփոխարինելի Ռոբերտ Նազարյանը: Վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռ անցյալ տարվա հուլիսին, սակայն թափուր մնացած այս պաշտոնում այս ընթացքում նշանակում չի եղել: Մինչեւ հեղափոխությունը, նշենք, Բաղրամյանը Նազարյանի հանձնաժողովում մոտ 7 տարի սակագնային քաղաքականության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, հայտնի է, որ միաձուլման ձեւով կվերակազմակերպվեն` դառնալով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Նոր փաթեթավորմամբ այս սուպերնախարարությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ղեկավարել հեղափոխության մունետիկներից մեկը` Սուրեն Պապիկյանը:
Երկու բաջանաղ, երկուսն էլ` մի բոյի
Գ. Բաղրամյանն, ինչպես հայտնի է, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է` բաջանաղը: Երկուսն էլ, ի դեպ, Երեւանի նույն վարչական շրջանում են ապրում` Արաբկիրում: Եւ երբ Բաղրամյանը հեղափոխությունից հետո «կարերիննի ռոստ» արձանագրեց` հանձնաժողովականից դառնալով նախարարի տեղակալ, հետո էլ` նախարար, շատերը եզրակացրեցին` բաջանաղի շնորհքն է, նրա միջնորդությամբ է նշանակումը եղել:
Բաղրամյանն էլ, որն իրեն պատահական մարդ չի համարում էներգետիկայի բնագավառում, վիրավորված ինքնասիրությամբ արձագանքեց. «Այո, Վանեցյանն իմ բաջանաղն է, իրար ճանաչում ենք շուրջ 14 տարի, բայց ես 20 տարի է` էներգետիկ համակարգում եմ աշխատում։ Չեմ կարծում, որ Վանեցյանի բաջանաղը լինելն է նպաստել, որ նշանակվել եմ այս պաշտոնում»: Կառավարությունում խոսում են, թե Բաղրամյանի հովանավորը իրականում ոչ այնքան Վանեցյանն է, որքան փոխվարչապետ Տ. Ավինյանը, որն իր կուրացիայի տակ է պահում էներգետիկ ոլորտում կադրային նշանակումները: Ասում են, թե նրա առաջարկով են նշանակվել Բաղրամյանի տեղակալ Տիգրան Արզումանյանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը….
Ի դեպ, Արզումանյանը նույնպես արաբկիրցի է, երկուսն էլ նույն թաղի տղա են, Ավետիսյան փողոցում են ապրում: Նշենք նաեւ, որ Բաղրամյանը, որը ՖԲ-ում կարծեք նախարար դառնալուց հետո է գրանցվել, արտահերթ ընտրությունների ժամանակ ժեստ էր արել ու Ավինյանի քարոզչական պաստառով էր կիսվել իր ՖԲ էջում:
Փարիզյան այցը հարամ եղավ
Բաղրամյանի անունը նախարարական պորտֆելը ստանալուց հետո շրջանառվեց կոռուպցիոն մի պատմության մեջ, որը մեծ ռեզոնանս ունեցավ: Փաստերի ստուգման հարթակը գրեց, թե նա` որպես ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ, ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում: Ըստ այդմ` «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենը եւ գործառնական տնօրենը որպես կաշառք ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․ օգոստոսին գնել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ ավիատոմսեր եւ հոգացել վերջիններիս` Փարիզում բնակվելու ծախսերը, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով` 180 դրամից դառնալով 191 դրամ:
«Անհեթեթություն է փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելը: Ինչ վերաբերում է սակագնի բարձրացմանը, կարող եք ուսումնասիրել օրենքները, եւ պարզ կլինի` սակագնի ձեւավորման հարցում մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»,- եղավ Բաղրամյանի զուսպ արձագանքը: Չուշացավ նաեւ նախարարության պաշտոնական կոշտ հորդորը նյութի հեղինակին զերծ մնալու «իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող եւ պետության ապագայով ոչ պակաս մտահոգ մասնագետների բարի համբավը եւ արժանապատվությունը ոտնահարող որակումներից»:
Շարունակելի
Հեղինե Մանուկյան