Ինչ է սպասվում ՀԱՊԿ-ում. փաստաթղթերն անտեսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ-երկրներին:

«Բելառուսի թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոշում կայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռ 2018թ. դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը 2017 թվականի ապրիլի 14-ից: Ու մինչեւ 2020 թվականն այս պաշտոնում ներկայացուցիչ ունենալու իրավունքը տրված է ՀՀ-ին, սակայն 2018 թվականի նոյեմբերի 2-ին, համաձայն սահմանված կարգի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովը հետ կանչվեց:

Պատճառն այն էր, որ Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված: Եւ, ահա, դրանից հետո Հայաստանը ՀԱՊԿ անդամ գործընկեր պետություններին առաջարկեց սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը:

Այս իրադարձություններից հետո Բելառուսը ցանկանում էր իր ոտքը պնդացնել ՀԱՊԿ-ում` իր ներկայացուցչին ժամանակից շուտ դարձնելով գլխավոր քարտուղար: Խնդիրն այն է, որ մինչեւ 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնը հատկացված է Հայաստանի Հանրապետությանը, որն էլ ամենեւին մտադիր չէ իր տեղը ժամանակից շուտ զիջել որեւէ մեկին: Այս մասով ՀԱՊԿ-ի ներսում բազմիցս մի շարք բանակցություններ եւ բանավեճեր են տեղի ունեցել, եւ բոլորը, ըստ էության, հարմարվել են այն վիճակին, որ թեկուզ Հայաստանը չի ներկայացնի իր թեկնածուին, այնուամենայնիվ, Բելառուսը կամ որեւէ այլ երկիր նույնպես չպետք է նման բան անի:

Իզուր չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ բավականին մանրամասն անդրադարձավ այս հարցին` ասելով. «Ո՞նց կարող է առանց հայկական կողմի կարծիքը հաշվի առնելու ՀԱՊԿ քարտուղար նշանակվել, եւ որ դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա: Այդտեղ էլ մեր դիրքորոշումը շատ կառուցողական է։

Մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է։ Մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետեւ ասում են՝ դա կարգավորված չէ, եւ մեկնաբանության տեղ կա։ Հետեւաբար մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք։ Եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, այդ դեպքերում եկեք կանոնակարգենք, որ իմանանք՝ ոնց է կանոնակարգվում հարցը։ Կարծես այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել»,-նշեց վարչապետը:

Նախկին մի շարք իշխանականներ, անդրադառնալով ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի աթոռը կորցնելու հարցին, նշում են, որ սա Փաշինյանի իշխանության ամենամեծ բացթողումներից եւ սխալներից մեկն է: Սակայն Փաշինյանը, ըստ էության, տուրք չտվեց նման խոսակցություններին` շեշտելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: «Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են, եւ մենք ապացուցեցինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են։ Իսկ Հայաստանի շահերը լիարժեք պաշտպանվել են այս ընթացքում, եւ այն խոսակցությունները, որ այս ընթացքում մենք ունեցել ենք ՀԱՊԿ ֆորմատով, ես կարծում եմ, որ դրանք շատ օգտակար խոսակցություններ էին։ Թո՛ւյլ տվեք ասել, որ ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում այդպիսի խոսակցություններ երբեք տեղի չեն ունեցել։ Դա առաջին անգամն էր, որ տեղի ունեցավ»,- ասաց վարչապետը:

Հետաքրքիրն այն է, որ Բելառուսի թեկնածուն՝ այդ երկրի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը, մի քանի անգամ փորձել է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին: Փաշինյաննն, ըստ էության, մերժել է հանդիպումը՝ հստակ հասկացնելով, որ մտադիր չէ զիջել ու ժամանակից շուտ ՀՀ-ին հատկացված տեղում Զասին տեսնել:

Հիմա, փաստորեն, գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ-երկրներին:

ՈՒ այստեղ հետաքրքիր է՝ երբ են ուզում Բելառուսի թեկնածուին հաստատել այդ պաշտոնում՝ ժամկետից առա՞ջ, թե՞ ոչ: Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արտաքին գործերի նախարարություն, սակայն ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը խոստացավ մեր հարցերին պատասխանել ավելի ուշ: Հետաքրքիր է՝ այս հարցի հետ կապված ինչ չպարզաբանված հարցեր են մնացել, որ ԱԳՆ-ն ուշացնում է պատասխանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս