Ինչպես ունենալ երջանիկ Հայաստան․ խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երջանկության միջազգային օրն էր, օր, որ ՄԱԿ-ի առաջարկով նշվում է յոթ տարի շարունակ: 2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է, եւ այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է: Երեկ նաեւ հրապարակվել է ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցը»:

Հայաստանի դիրքերը նախորդ տարվա համեմատ որոշակիորեն բարելավվել են՝ 13 կետով: Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների թվում 116-րդ է` ստանալով 4.559 միավոր, մինչդեռ նախորդ տարի, հիշեցնենք, «Երջանկության համաշխարհային զեկույցի» համաձայն, Հայաստանը 156 երկրերի շարքում 129-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Հասկանալի է` այս ցուցանիշները հարաբերական են, սխալված չենք լինի, եթե ասենք` պարբերաբար փոփոխվող: Բայց փաստը, որ ՄԱԿ-ը Հայաստանի բնակչությանն ավելի երջանիկ է համարում, քան նախկինում, խոսում է ինչ-որ բանի մասին: Բայց եթե անկեղծ լինենք, այդ ցուցանիշը գոհացուցիչ չէ, թեկուզ հենց հարեւան երկրների հետ համեմատության մեջ: Ադրբեջանը 5.208 միավորով 90-րդ հորիզոնականում է, Վրաստանը 4.519 միավորով 119-րդն է, Թուրքիան 5.373 միավորով 79-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը 4548 միավորով 117-րդն է: Այսինքն՝ Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է անցել Վրաստանից ու Իրանից, բայց դեռ շարունակում է զիջել Ադրբեջանին ու Թուրքիային:

Ու սա այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը համարվում է պակաս ժողովրդավար, որտեղ հալածում են քաղաքական ընդդիմախոսներին, անգամ բանտ նստեցնում արտահայտած կարծիքի համար: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության մակարդակն ավելի է խորացել, եւ ՀՀ քաղաքացին կարծես վերգտել է իրեն, դարձել երկրի լիիրավ տերը, դարձել որոշիչ գործոն՝ իշխանության ձեւավորման ու, ընդհանրապես, քաղաքական գործընթացներում:

Այնպես որ, հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է ջանք ու եռանդ չխնայել այդ ուղղությամբ, երկրի հզորացման, բարեկեցության ապահովման համար, որպեսզի քաղաքացին էլ իրեն լիարժեք երջանիկ զգա: Եւ հետո, հիշում եք՝ ԱԺ ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» կարգախոսը հենց սկսվում էր «երջանիկ անհատ» բառակապակցությամբ:

Այնպես որ, անհատի երջանկությունը եւ պետության հզորացումը իշխանությունների համար պետք է լինեն գերնպատակներից: Ի վերջո, հայ ժողովուրդը երջանիկ լինելու իրավունք ունի եւ պետք է լինի երջանիկ:




Լրահոս