Էթիկայի հանձնաժողովն ավարտել է վարույթը. ԵՊՀ ռեկտորը հաղթեց Դավիթ Սանասարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Ինչպես հայտնի է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա, վարույթ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էթիկայի հանձնաժողովը եզրակացություն է տվել առ այն, որ Սանասարյանը խախտել է էթիկայի կանոնները:

Հիշեցնենք` 2019 թվականի հունվարի 17-ին այս հարցով հանձնաժողով դիմում է ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որով հանձանժողովին խնդրել էր ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ: Ըստ Արամ Սիմոնյանի` Երեւանի պետական համալսարանում Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2018 թվականի հուլիսի 30-ից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցնում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների:

Խոսքը Դավիթ Սանասարյանի այն հայտարարությունների մասին էր, թե «Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը:

ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում եւս: Գումարի մասով վերջնական չափ չեմ կարող ասել, բայց, նախնական տվյալներով, երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ»: Այս խոսքերից հետո ԵՊՀ ղեկավարությունը Դավիթ Սանասարյանից պահանջեց հրապարակել փաստաթղթեր կամ չզբաղվել մոլորեցնելով, սակայն դրանից հետո որեւէ բան չհրապարակվեց ՊՎԾ-ի կողմից:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էթիկայի հանձնաժողովն ավարտել է այս գործով վարույթն ու ընդդեմ Սանասարյանի որոշում կայացրել: «ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ին ՀՕ_172-Ն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է` իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկամամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»,- ասված է հայտարարությունում:

Դավիթ Սանասարյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա չպատասխանեց մեր զանգերին ու հաղորդագրություններին: Իսկ ՊՎԾ խոսնակ Զ. Մեջլումյանը խոստացավ որոշմանն առաջիկայում ծանոթանալուց հետո հանդես գալ պարզաբանմամբ:

Լուսինե Մինասյան




Լրահոս