Եթե գալիս ենք հին իներցիայով, ուրեմն վատ է․ Փաշինյանը՝ կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ներկայացվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, որը վերաբերում էր Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելուն։ Նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, թե նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը։ Զեյնալյանը նշեց, թե իրենք առաջարկել են նեղացնել հոդվածները եւ սահմանափակումները։

Հարցի վերաբերյալ բավական երկար քննարկում տեղի ունեցավ, իր տեսակետն արտահայտեց նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Վարչապետը նշեց․ «Կարող ենք ասել, որ մեր գործընկերների մտահոգությունն այն է, որ տարբեր տեղեր գովազդում են վարկեր, փողեր եւ մարդիկ այսպես ասած տոկոսի տակ են ընկնում։ Եվ մեր գործընկերներն առաջարկում են, որ այն մարդիկ, ովքեր լիցենզիա չունեն, գովազդի համար վարչական պատասխանատվության ենթարկվեն։ Սակայն մեր օրենսդրության մեջ կա հնարավորություն, որ առանց լիցենզիա, նման ծառայություն մատուցվի», – նկատեց Փաշինյանը, ասելով, որ պետք է քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրանա։

Վարչապետի խոսքով, մեր առաջարկն այն է, որ գնանք մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելուն եւ նա դիմեց Ջավադյանին՝ այդ առումով աշխատանքները ներկայացնելու համար։ Վերջինս նշեց, թե այս պահին աշխատանքները շարունակվում են, այս պահին էլ աշխատանքներ են ընթանում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ եւ բազմաթիվ ուսուցիչներ վերապատրաստվել են։ Ջավադյանն էլ իր խոսքում նշեց, թե ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված նախագծին կողմ են։ Այդ առումով հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց եւ վարչապետը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչու են դեմ նախագծին։ «Եթե գալիս ենք հին իներցիայով, որ ընդդիմադիրներնն է, մերժենք, ուրեմն վատ իներցիա է։ Արձանագրենք, որ մենք կողմ ենք այս նախագծին», – նշեց վարչապետը եւ քննարկումը երկար շարունակվեց։




Լրահոս