Ֆիզիկական անձանց հետ կնքվել են պայմանագրեր, բայց պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկեր. Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

• Գնումների գործընթացում չեն ներկայացվել գնումների պլաններ, գնման պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտարարություններ, մի շարք գնումներ կատարվել են ֆիզիկական անձանցից, որոնց համար սահմանված կարգով չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկ՝ խախտվել է իրավահարաբերության ծագման պահին գործող՝«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և 15-րդ հոդվածի պահանջները:

• Համայնքում կատարված աշխատանքների իրականացման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվել են պայմանագրեր, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկեր: Վերոգրյալի արդյունքում խախտվել է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:

• Համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է համայնքի գույքագրման փաստաթղթերը, որտեղ չի ներառվել տվյալ ժամանակահատվածում համայնքի կողմից ձեռք բերված նյութական միջոց, որը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի պահանջի խախտում է:

Բացի վերոգրյալից, լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ

• Համայնքի ղեկավարի որոշմամբ փոփոխվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքերը ավելի ցածր հողատեսքի. այդ փոփոխությունների և հողատեսքերի օտարման հետևանքով համայնքի բյուջե պակաս է մուտքագրվել շուրջ 10 միլիոն դրամ գումար:
Նշված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով Կոտայքի մարզպետը դիմել է Կոտայքի մարզի դատախազին:




Լրահոս