ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է պատասխանելու նախկին իշխանությունների արարքների համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա կառավարությունը պատասխանելու է հենց Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ հարցադրումներին: Անազատության մեջ գտնվելու ընթացքում (2010 եւ 2011թթ.) քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երկու բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ իր նկատմամբ հետապնդումներն ու դատապարտումը պայմանավորված են եղել ընդդիմադիր կեցվածքով եւ գործունեությամբ: ՄԻԵԴ-ն էլ այդ բողոքների հիման վրա կառավարությանն առաջադրել է հարցեր Փաշինյանի նկատմամբ գործողությունների իրավաչափության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանության վերաբերյալ: Նկատենք, որ վարչապետ Փաշինյանը ՄԻԵԴ պատասխանում հրաժարվել է իրեն պատճառած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցումից, բայց եւ, ինչպես տեղեկացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, «Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին»։
Դժվար չէ ենթադրել՝ այս գործով վճիռը կլինի հօգուտ Նիկոլ Փաշինյանի, ինչպես ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց նախկին քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործերով: Ու նկատենք, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք հարուցված քրեական գործը, առաջադրված մեղադրանքները քայլ առ քայլ փլուզվում են ՄԻԵԴ-ում:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, չնայած «Հանրապետությունը» կոալիցիայի անդամ չէ, ավելին՝ Աժ ընտրություններում «Մենք» դաշինքի կազմում ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ինքը վարչապետից ստացել է անհատապես եւ անհատապես էլ ընդունել է: ««Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես եւ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն: Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո»,- ասել է նա: Հարցին՝ դուք անհատապե՞ս եք կիսում պատասխանատվությունը, թե՞ կուսակցության հետ, Զեյնալյանը հավելել է. «Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաեւ կիսում է պատասխանատվությունն ինձ հետ եւ կառավարության հետ»:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական-վերլուծական բաժնի պետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Ղուկասյանը պնդել է, որ մարտի 1-ի քրեական գործով իրեն ՀՔԾ հարցաքննության չեն հրավիրել: «Ես չեմ եղել ներգրավված արտաքին ծառայության մեջ: Այսինքն` այդ գործընթացներում չեմ եղել եւ իմ գործառույթները իրականացրել եմ եւ հանձնարարականները ստացել եմ շտաբի պետից»,- մեկնաբանել է նա: Իսկ հարցին, թե կոնկրետ ինչ հանձնարարականներ է ստացել, Ղուկասյանը հստակ չի պատասխանել. «Դուք հիմա մտնում եք մի ոլորտ, որտեղ ես իրավասու էլ չեմ բացահայտելու, թե ինչ հանձնարարականներ եմ ստացել: Համենայնդեպս, հանձնարարականները եղել են օրենքի շրջանակներում եւ դրանք կատարվել են օրենքի շրջանակներում»,- ասել է նա:
Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցները չեն դադարում քննարկել ՊԵԿ աշխատողներին տրված պարգեւավճարները: Այս թեմայով իշխող «Իմ քայլը» խմբակցություն էր հրավիրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ի վերջո, ՊԵԿ-ում ահռելի պարգեւավճարներ են ստացել մարդիկ, որոնք, տարիներ շարունակ նույն ՊԵԿ համակարգում աշխատելով, միլիոններ են կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանն է: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող 3 հատ կտավ, նաեւ 8 մլն դրամը գերազանցող ոսկու ձուլակտոր, զարդեր եւ ժամացույց, իսկ դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար, 10 մլն դրամ եւ 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 741 հազար դրամ: Թե ինչպես է համեստ աշխատավարձով ետ գցել այդ ունեցվածքը, մնում է միայն ենթադրել:
ՀԻՄԱ ԷԼ ԱՄՆ-Ը
ԱՄՆ-ն վերջերս առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր` ԱՄՆ-ն միշտ էլ ջանքեր է գործադրել հիմնախնդրի լուծման ուղղությամբ, սակայն նրա շահագրգռվածությունը վերջերս ավելի ակնհայտ է: Ընդ որում, այս գործընթացը կոորդինացնում է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը 2018թ. հոկտեմբերին տարածաշրջանային այցով ժամանել էր նաեւ Հայաստան ու Ադրբեջան: Այդ այցի շրջանակներում նա ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում խոսել էր ԼՂ խնդրի կարգավորման մասին: Մասնավորապես, Բոլթոնը Բաքվում հայտարարել էր, թե ԼՂ խնդրի կարգավորումը ռազմավարական տեսանկյունից իրենց համար կարեւոր նշանակություն ունի, իսկ արդեն Երեւանում նա ասել էր, թե հիմնահարցի կարգավորումը բխում է ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ շահերից: Նա նաեւ ակնարկել էր, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններում Փաշինյանի գլխավորած ուժը հաղթի, «նա կունենա ուժեղ մանդատ մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար»:
Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ նա հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ քննարկումների հիմնական թեման եղել է Արցախի հիմնախնդիրն ու հակամարտության կարգավորման հեռանկարը: «Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Մենք քննարկել ենք մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության շուրջ», – գրել է Բոլթոնը Թվիթթերի իր էջում առանց հավելյալ մանրամասներ հայտնելու:
Նկատենք, որ ավելի վաղ` հունվարի 23-ին, Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այդ մասին տեղեկատվություն տարածելիս Փաշինյանը հատուկ շեշտել էր, թե իրենք ԼՂ հիմնախնդիրը չեն քննարկել, այլ խոսել են տարածաշրջանային իրավիճակի եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երեկ էլ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանը, կրկին խոսելով Ջոն Բոլթոնի հետ իր ունեցած հեռախոսազրույցի մասին, նշել է, թե զրույցի ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել, «Ադրբեջան» անունը եւս չի շոշափվել:
Թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթաց գրանցել, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստ է, որ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Ֆրանսիան ժամանակ առ ժամանակ փորձում են այս գործընթացն առաջ մղել` ստանձնելով դերակատարություն: