Երեկ կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երդվեցին: Կառավարության կազմը գրեթե չի փոփոխվել` բացառությամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի: Նախարարների երդման արարողությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որն այս կազմում միակն է, ով այլ կուսակցության անդամ է այն դեպքում, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի ուժի հետ կոալիցիա չի կազմել:
-Պարո՛ն Զեյնալյան, երեկ կառավարության անդամները, այդ թվում` նաեւ Դուք, երդվեցիք: Ինչպե՞ս եք իրականացնելու Ձեր ստանձնած պարտավորությունները եւ այն դրույթները, որոնք ամրագրված էին նաեւ հենց երդման տեքստում:
-Պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները եւ դա անել հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության, համազգային իղձերի եւ նպատակների իրականացման: Դա արժեհամակարգ է, մոտեցում է, եւ պետք է հավասարակշռել բոլոր գործող անձանց իրավունքներն ու շահերը: Մեր երկիրը իրավական պետություն է եւ այդպիսին պետք է լինի: Մենք դա դրել ենք մեր առջեւ որպես իղձ եւ նպատակ եւ դրան պետք է հասնենք ու կառուցենք: Իսկ իրավական պետության բովանդակային բաղկացուցիչ մաս է կազմում նաեւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նաեւ դա պետք է հարգեն մեծամասնությունը, եթե նույնիսկ այդ փոքրամասնությունը մեկն է ընդդեմ բոլորի, եւ այդ իրավական պետությունում պետք է շանս ունենա ճշմարիտ դուրս գալու եւ վարքագծի կանոն առաջարկելու բոլորին: Սա է, որ ես պատրաստվում եմ իրականացնել, եւ այնպես, ինչպես իրականացրել եմ մինչեւ պաշտոնատար անձ լինելը` հետեւողականորեն, պլանավորված, ունենալով ստրատեգիա եւ տակտիկա:
-Նախկինում եւս բոլորն էլ հենց նույն տեքստն են արտաբերել, երդվել: Հասարակությունը կարո՞ղ է վստահ լինել, որ կառավարության անդամները, այդ թվում` նաեւ Դուք, հավատարիմ եք մնալու Ձեր երդմանը:
-Գիտեք, դա նպատակ է, դա չափորոշիչ է, մենք ձգտելու ենք այն պահպանել եւ իրականացնել, բայց մարդը սխալական է, պետք է նաեւ սխալական լինի: Բայց նաեւ ժողովրդավարական հասարակարգում սայթաքածին, սխալվածին չեն ոչնչացնում:
-Երկրորդ շա՞նս են տալիս, թե՞ կախված է սխալի չափից:
-Դա կախված է իրավիճակից:
-Պարո՛ն Զեյնալյան, Ձեր վերանշանակման առաջարկն անակնկա՞լ է եղել:
– Կդժվարանամ ասել` անակնկալ էր, անակնկալ չէր: Ես պատրաստ էի ցանկացած լուծման: Սա ծառայություն է, եւ ես պատրաստ եմ ծառայել ժողովրդին ու հանրությանը:
-Ձեզ առաջարկ եղել է վարչապետի՞ կողմից եւ համաձայնեցվել է կուսակցությա՞ն հետ:
-Դա անհատական առաջարկ է, եւ ես այն անհատապես ընդունել եմ:
-Եվ դա չի՞ խանգարում կուսակցական լինելուն:
-«Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես եւ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն: Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո:
-Այսինքն` Դուք անհատապե՞ս եք կիսում պատասխանատվությունը, թե՞ կուսակցության հետ:
-Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաեւ կիսում է պատասխանատվությունն ինձ հետ եւ կառավարության հետ:
-Իսկ կոնկրետ քայլեր կմատնանշե՞ք. հանրությունն աշխատանքի է սպասում:
-Ձեր հարցադրման մեջ կա ենթատեքստ, որ մինչեւ հիմա խոսքեր են ասվել, եւ գործեր չեն արվել: Ես հերքում եմ դա. այս կառավարությունը շատ լուրջ փոփոխություններ է կատարել իր հնարավորությունների չափով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիր մարմինը չի կիսել կառավարության դիրքորոշումն ու տեսակետը: Հիմա միասնական է օրենսդիրը եւ գործադիրը, եւ մեր հնարավորությունները բազմապատկվել են, եւ մենք լուրջ բարեփոխումներ ենք իրականացնելու` հաշվի առնելով այն սկզբունքները, որ կան իրավական պետությունում: Մենք պատրաստվում ենք իրականացնել նաեւ տնտեսական հեղափոխություն եւ յուրաքանչյուրին դարձնել գործող անձ: Յուրաքանչյուրը պետք է անի, որ երկրում տեղի ունենա տնտեսական հեղափոխություն:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Երեկ հայտնի դարձավ` ՄԻԵԴ-ը մարտի 1-ի հերթական գործի մասին տեղեկություններ է պահանջել ՀՀ կառավարությունից: Բայց այստեղ ամենահետաքրքիրն ինքնին գործն է. ՄԻԵԴ դիմել էր այն ժամանակ ընդդմադիր գործիչներից նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ու հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ պետք է պատասխանի ՄԻԵԴ հարցերին: Ժամանակին Փաշինյանը երկու դիմում է ներկայացրել ՄԻԵԴ. այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռեւս 01/04/2010թ.-ին, իսկ հետագայում՝ մինչեւ 27/04/2011թ.-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր), լրացումներ են կատարվել բողոքների ծավալում եւ կից ներկայացված ապացույցների կազմում։
Փաստաբան Վահե Գրիգորյանը, տեղեկացնելով այս մասին, գրել է, որ ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից մասնավորապես նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված են եղել 20/02/2008թ.-ից մինչեւ 01/03/2008թ.-ը քաղաքական ցույցերի եւ երթերի ժամանակ իր քաղաքական ելույթներով, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով եւ գործունեությամբ։ ՄԻԵԴ-ը Կառավարությանն առաջադրել է հետեւյալ 2 հարցերը.
1. Արդյոք դիմողի նկատմամբ կալանքը (12/10/2009թ.-ից մինչեւ 19/01/2010թ.-ը) համատեղելի՞ է եղել ՄԻԵԿ 51 հոդվածի պահանջներին` մասնավորապես, նրա նկատմամբ կամայականություններից եւ անօրինական կալանքից պաշտպանության պահանջին։
2. Արդյոք դիմողի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ եւ նրա դատապարտմամբ չե՞ն խախտվել ՄԻԵԿ 10 եւ 11 հոդվածներով նախատեսված դիմողի ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքները։
Արդեն վարչապետ Փաշինյանը պատասխան է ուղարկել ՄԻԵԴ-ին` միաժամանակ հրաժարվելով իր դիմումով բողոքների շրջանակներում իրեն պատճառված բարոյական եւ նյութական վնասի, ինչպես նաեւ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որեւէ պահանջ ներկայացնելուց: Բայց, ըստ Վահե Գրիգորյանի, «Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին»։
Իսկապես այս գործով ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել: ՄԻԵԴ-ում տեղաշարժ սկսվել է այն ժամանակ, երբ դիմումատուն, ոչ ավել ոչ պակաս, արդեն վարչապետ է: Եվ ստացվում է՝ եթե անգամ պատասխան տրվի ՄԻԵԴ-ին, ապա դա կլինի նոր իշխանությունների անունից, անգամ պատասխանողը կլինի ՀՀ-ն՝ հանձին նոր իշխանությունների: Բայց նոր իշխանությունները պատասխան են տալու իրենց նախորդների արարքների համար:
Սա մարտի 1-ի գործով միակ դիմումը չէ. նախկին մի շարք այլ քաղբանտարկյալներ եւս դիմել էին ՄԻԵԴ, ու հերթով ստացվելու են նաեւ նրանց գործերով հարցադրումները, այնուհետեւ՝ վճիռները:
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրանցված թեկնածուները ինն են՝ ՔՊ կուսակցության անդամ Վահան Զարոյանը, անկուսակցականներ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի աշխատակից Գրիշա Աղաջանյանը, ԱՁ տնօրեն Արսեն Ամիրխանյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի օգնական Արկադի Խաչատրյանը, «Վարդենիսի քարհանքերի վարչություն» ԲԲԸ նախագահ, Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, «Վարդենիս հայրենակցական միության» նախագահ Գարսեւան Սաղաթելյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Գեւորգ Սիմոնյանը:
Նշենք, որ բոլորն ինքնաառաջադրված են, ու իշխող ուժը ոչ ոքի չի սատարում, եւ դաշտն ազատ է թողնված: Ավելին, մեր տեղեկություններով` խիստ հրահանգ է առկա, որ մարզային եւ տեղական չինովնիկները ոչ մի կերպ չխառնվեն ընտրություններին եւ դաշտն իրապես ազատ թողնեն:
ՊԱՐՏՔԸ ՉԻ ՏԱԼԻՍ
«Դարանակ» ՀԷԿ-ի աշխատողների կանայք դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ հայտարարել, որ իրենց ամուսինները հինգ ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: «Ամուսինս աշխատել է, բայց արդեն հինգ ամիս է` չեն տալիս աշխատավարձը: Ասում են` էսօր-էգուց: Մենք անչափահաս երեք երեխաներ ունենք, հաց չունեմ, որ տամ էրեխեքիս, վարձու բնակարանում ենք ապրում, տանտերն եկել է մեր տուն ու տան փողն է ուզում: Եթե չտամ, իմ երեք էրեխուն դնելու ա գրկիս ու տանից հանի: Ես երեխաներիս վերցնեմ ո՞ւր գնամ»,- լացակումած ձայնով պատմեց Քրիստինեն եւ փոխանցեց, որ 500 հազար դրամ է աշխատավարձի պարտքը կազմում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ «Դարանակ» ՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գեւորգյանի հետ եւ հետաքրքրվեց աշխատավարձի ուշացման պատճառների մասին: «Նրանք ստում են, ես ոչ մեկի փողը ուտող չեմ: Իմ գործը պրավալ են տվել, որոշել են չաշխատել, ՀԷԿ-ը հիմա չի աշխատում: Իրենք իրենց ամուսնու գլխից թռել են ու զանգել ձեզ: Ես իրենց պարտք եմ երեք ամսվա աշխատավարձ եւ այն կզրոյացնեմ: Եթե ուզում են, թող դատարան դիմեն, ես իմ սուբյեկտիվ պատճառներն ունեմ չվճարելու»,- վրդովված նկատեց Լարետ Գեւորգյանը: Ապա հայտարարեց, որ ՀԷԿ-ը չի աշխատում, քանի որ գետում ջուր չկա: «Բնությունն է պատճառը, Աստված ա ջուր տալիս, Աստված պապիկը… գետի ջուրը պակասել է: Բայց ձյունը կհալվի, գետը կլցվի, մենք էլ կաշխատենք»,- հույս հայտնեց Գեւորգյանը: