ՉԸՆՏՐՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՀԱՅՏ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, ստուգատես եղան ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար: Իհարկե, հաշվի առնելով հետհեղափոխական էյֆորիան ու ոգեւորությունը` «Իմ քայլը» դաշինքի բացարձակ հաղթանակը միանգամայն սպասելի էր եւ տրամաբանական: Մյուս կողմից` պետք է արձանագրել, որ երկար ընդմիջումից հետո Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար ընտրություններ, եւ, ըստ էության, քվեները ճիշտ արտացոլեցին մասնակից կուսակցությունների վարկանիշը: Համենայնդեպս, որեւէ մեկը չվիճարկեց ընտրության արդյունքները:

ԱԺ ընտրություններից մեկ ամիս անց փորձել ենք պարզել, թե ինչ վիճակում են այդ ընտրություններին ակտիվ մասնակցող կուսակցությունները: Մի կողմից` իհարկե, պարզ է, որ եթե խորհրդարանական ուժերն իրենց լայնորեն ցուցադրելու հնարավորություն ունեն` ԱԺ ամբիոնը օգտագործելով քաղաքական ասպարեզում, ապա արտախորհրդարանական ուժերը զրկված են դրանից: Մյուս կողմից` սակայն, արտախորհրդարանական ուժերն էլ մեծ ցանկության դեպքում կարող են իրենց մասին հիշեցնելու առիթներ գտնել: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ քարոզարշավի ժամանակ արտահայտված այդքան բուռն ոգեւորությունը կուսակցությունների կողմից մարեց:
Հիմա միայն նախկին իշխանական ուժերը` ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն են, որ ակտիվություն են ցուցաբերում քաղաքական դաշտում: Ընտրություններում 4-րդ եւ 5-րդ տեղը գրաված կուսակցությունները չեն կորցրել հետաքրքրությունը հասարակության շրջանում. կուսակցությունների հայտարարությունները, հարցազրույցները բուռն արձագանք են ստանում, ավելի շուտ` քննադատությունների արժանանում: «Դաշնակցությունը» ընտրություններից հետո ժողով հրավիրեց Բյուրոյի կազմը փոխելու համար, քանի որ, ըստ երեւույթին, հասկացավ սերնդափոխության ծառացած խնդրի կարեւորությունը: Այս կուսակցությունը եւս բավական ակտիվ է քաղաքական դաշտում` մամուլի ասուլիս, քննադատական կոշտ խոսքեր վարչապետի եւ ներկայիս իշխանությունների հասցեին, հայտարարություններ Ղարաբաղյան հարցի թեմայով: ՀՅԴ-ին օգնության են հասնում Սփյուռքում իր ներկայացվածությունն ու ազդեցությունը, իսկ Հայաստանի ներսում կուսակցության դիրքերը եւ ազդեցությունը բավականին թուլացել են:
Դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո ՕԵԿ արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը լքեց քաղաքականությունը` կուսակցության ղեկը վստահելով ավելի երիտասարդներին: Դրանից հետո ՕԵԿ-ը կարծես կենդանության նշաններ ցույց չի տալիս: ՈՒ եթե չլիներ Աբովյան փողոցում հայտնի բարձրահարկ շենքը, որի վրա փակցված է ՕԵԿ տարբերանշանը, հազիվ թե այս կուսակցության գոյության մասին որեւէ մեկը հիշեր:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դաշտում երեւում է մեկումեջ` ինչ-որ ուղերձներ հղելով: «Հանրապետություն» կուսակցությունը մասամբ մնաց իշխանության մեջ` հանձին Արտակ Զեյնալյանի: Կուսակցությունը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին է, բայց, որպես այդպիսին, քաղաքական դաշտում չի երեւում: Այս կուսակցությունը դրսեւորվելու հնարավորություն ունի Երեւանի Ավագանիում` «Լույս» խմբակցությունում ունենալով ավագանու երկու անդամ: «Սասնա ծռեր» կուսակցությունը` որպես քաղաքական ուժ, կարծես թե խամրել է: Կուսակցության անդամները ակտիվանում են միայն իրենց հետ կապված դատական նիստերի ժամանակ: Նրանք հասարակության մեջ ասոցացվում են ՊՊԾ գնդի գրավման հետ միայն:
Քարոզարշավի ժամանակ հատկապես երիտասարդության շրջանում հետաքրքրություն առաջացրեց «Քաղաքացու որոշում» կուսակցությունը: Այնուամենայնիվ, քաղաքացիների մի մասը այս կուսակցության մեջ պոտենցյալ էր տեսնում, սակայն այս ուժը եւս արագ կորցրեց հետաքրքրությունը, եւ հիմա միայն հիշվում է կուսակցության խորհրդանշանակ միրգ մանդարինը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանն էլ իր ընդդիմադիր կեցվածքը փորձում է արտահայտել լավագույն դեպքում ստատուսներ գրելով, որոնք, սակայն, ոչ մի լուրջ արձագանքի չեն արժանանում մամուլի կողմից: Տիկին Հարոյանի հետ կապված ամենաքննարկվող թեման թերեւս եղավ այն, թե ինչ դիմահարդարմամբ էր վերջինս ներկայացել հայտնի դեբատին:
Մեկնաբանությունների համար փորձեցինք խոսել այդ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Փայտյանի պնդմամբ` հասարակության շրջանում մեծ է հետաքրքրությունը կուսակցության հանդեպ: Այժմ կուսակցությունը աշխատում է սահմանադրական փոփոխությունների վրա, որն էլ հետո պատրաստվում է ԱԺ ներկայացնել: Կուսակցությունը նաեւ մարզային այցեր է կատարում` հասկանալու եւ մյուս խորհրդարանական կուսակցություններին նեկայացնելու մարզերի խնդիրները: Թե ինչպես է հասարակությունն այս կուսակցության հանդեպ հետաքրքրություն դրսեւորում, պարզ չէ: Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն էլ պարզապես լուռ է. երբեմն-երբեմն այս կուսակցության առաջնորդ Լեւոն Շիրինյանին կարելի է հանդիպել որպես քաղաքագետ հարցազրույցներ տալիս:
Արձանագրենք` ընտրությունները իսկապես արտացոլեցին քաղաքական դաշտի պատկերը, որովհետեւ խորհրդարան չանցած ուժերի մեծ մասը հանրության համար հետաքրքրություն չեն ներկայացնում

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉԵՐԴՎԵՑ
Կառավարության անդամները երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երդվեցին նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Նրանք երդվեցին պահպանել Սահմանադրությունն ու կառավարության անդամի բարձր անունը: Նկատենք, որ կառավարությունն ամբողջովին ձեւավորված չէ, եւ կառուցվածքն էլ հայտնի չէ, երեկ էլ երդվեցին արդեն նշանակված նախարարները: Սակայն երդման արարողությունից բացակայում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինիս մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, թե նախարարը գտնվում է Բելառուսի Հանրապետությունում երկօրյա այցով: Նշենք, որ նախարարի գլխավորած պատվիրակությունը Բելառուս է մեկնել հունվարի 28-ին եւ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Բելառուսի առողջապահության պատասխանատուների եւ այլ ներկայացուցիչների հետ։ Փաստորեն, ստացվում է, որ կառավարության բոլոր անդամները երդվեցին ծառայել ՀՀ-ին, բացի Թորոսյանից: Հետաքրքիր է՝ նա Հայաստան վերադառնալոց հետո առանձին կերդվի, թե, այնուամենայնիվ, թեման կհամարի փակված:

 

 

ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՐԾԻ՞Ք
ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, թե մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման հոդվածը «մի քիչ ծիծաղելի է», բուռն արձագանք գտավ: Հասարակության շրջանում այս հայտարարությունն ընկալվեց որպես Արցախի իշխանությունների տեսակետ ու առիթ դարձավ խոսելու Արցախ-Հայաստան հարաբերությունների վատ լինելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, որն էլ նշեց, որ Բալասանյանի ասածը չի արտահայտում իշխանությունների տեսակետը. «Վիտալի Բալասանյանը ինքն էլ ասաց, որ դա անձնական կարծիք է: Դա պետական կարծիք չէ»: Միայն թե նկատենք` որքան էլ ԼՂՀ նախագահի խոսնակը հայտարարի՝ հայտարարությունը Բալասանյանի անձնական տեսակետն էր, միեւնույն է, նա պետական պաշտոնյա է, որի խոսքերն ասոցացվում են այդ երկրի իշխանությունների տեսակետի հետ: Եւ Բալասանյանի հայտարարությունները պետք է իրենց երկրի իշխանությունների կողմից համապատասխան արձագանք ստանան:

 

 

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարան է դիմել «Արմավիր» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Արսեն Համբարձումյանը: Վերջինս պահանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարությանը իրեն ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում վերականգնելու եւ դեռ ավելին` իր օգտին ՀՀ արդարադատության նախարարությունից միջին ամսական աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձելու: Մեզ հայտնի դարձավ, որ մեկ ամսվա համար այդ գումարը կազմում է 631 հազար 454 դրամ: Համբարձումյանն աշխատանքից ազատվել էր նախորդ տարվա հունիսի 15-ին:

 

 

ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին նշեց, որ դրանք բանակցություններ չեն, այլ ոչ պաշտոնական շփումներ, որոնց ընթացքում տեղի է ունենում մտքերի փոխանակում: «Պարոն Ալիեւի հետ հանդիպմանն ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ միասին ռեկոմենդացիա կներկայացնեն` կորոշենք»,- ասել է Փաշինյանը: Անդրադառնալով «տարածքներ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունն Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել, եւ որեւէ զուգահեռ գտնելու փորձերը նախկինում վարված որեւէ քաղաքական ուղղվածության գծի հետ միանգամից ասեմ, որ կատարյալ մոլորություն են»,- շեշտել է նա:

 

 

ՕՐՀՆԵՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատրաստվում է նախաձեռնել ՀՀ օրհներգի փոփոխություն: Սիմոնյանը ցանկանում է, որ վերադառնանք Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգի երաժշտությանը, որը Սովետական Հայաստանի հիմնն էր: Ըստ նրա` մարդիկ իր նախաձեռնությանը դրական են արձագանքում: «Ես զարմացած եմ, որ արձագանքների 90 տոկոսը դրական է, եւ դա շատ հուսադրող է: Պատգամավորի կարծիքով` ներկա օրհներգը` «Մեր հայրենիք»-ը, հայկական չէ: Օրհներգը պետք է բարձրացող լինի, իսկ այս օրհներգը իջնող է»,-ասել է Սիմոնյանը: Ըստ նրա` Արամ Խաչատրյանը համամարդկային արժեք է, եւ նրա երաժշտությունն իր մեջ պարունակում է հայկական մելիզմներ. «Այն իր մեջ պարունակում է քրիստոնեական շարական: Նա այդ օրհներգի մեջ հայկական աղոթքի շարականներ է մտցրել»: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւս կարծում է, որ պետք է ՀՀ օրհներգը փոխել:

 

 

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԿԱ
Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարեց, թե Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն: «Այդ առումով միջազգային հանրության մոտ կա կոնսենսուս. բոլոր մասնակիցները, եռանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, բոլորը համակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն: Իսկ ահա բանակցությունների անցկացումը, քայլերի հաջորդականությունը, դրանց արդյունքը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի համար, այդ թեման շատ արդիական է, բայց հարցը պետք է քննարկվի հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- ասել է նա:




Լրահոս