Երեկ ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացրեց 2018 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը, ըստ որի` այն աճել է 11,2%-ով (2267-ով ավել)` կազմելով 22 հազար 551 դեպք:
Ըստ Շտաբի պետի` հիմնականում աճը գրանցվել է երկու ոլորտում: Առաջինը կոռուպցիայի հետ կապված հանցագործություններն են. արձանագրված դեպքերի թիվը 634-ից հասել է 1353-ի (2,5 անգամ աճ):
Արմեն Ղուկասյանը 2003-ից մինչեւ 2011 թվականը եղել ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական-վերլուծական բաժնի պետ: Ասել է թե` 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին նա լուրջ պաշտոն է զբաղեցրել ոստիկանությունում: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիս հետ զրուցեց մարտի 1-ի իրադարձությունների, իրեն տրված հրահանգների մասին:
-Պարո՛ն Ղուկասյան, Դուք 2003-ից մինչեւ 2011 թվականը եղել եք ոստիկանության շտաբի պետի տեղակալ, այսինքն` մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Դուք պաշտոնատար անձ եք եղել, եւ այսօր ՀՔԾ-ում ոստիկանության գործողությունների վերաբերյալ լուրջ քննություն է ընթանում: Մասնավորապես, մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ներխուժեց Ազատության հրապարակ եւ սկսեց այնտեղ խուզարկություններ իրականացնել, թե իբր օպերատիվ տվյալներ ունի այն մասին, որ զենք կա այնտեղ, թմրանյութ եւ այլն: Դուք կասե՞ք, թե կոնկրետ այդ օրը ինչ հրահանգ եք ստացել:
-Ես ստացել եմ եւ կատարել եմ իմ հրահանգները իմ ծառայողական պարտականությունների շրջանակում:
-Կոնկրետ կասե՞ք, թե ումից եք ստացել, ինչ հրահանգ եք ստացել եւ, ի վերջո, Ձեզ մարտի 1-ի իրադարձությունների համար արդյոք կանչե՞լ են հարցաքննության:
-Չեն կանչել, քանի որ ես չեմ եղել ներգրավված արտաքին ծառայության մեջ: Այսինքն` այդ գործընթացներում չեմ եղել եւ իմ գործառույթները իրականացրել եմ եւ հանձնարարականները ստացել եմ շտաբի պետից:
-Ձեր շտաբի պետից կոնկրետ ի՞նչ հանձնարարական եք ստացել, մանրամասնեք, խնդրում եմ:
-Այ տեսնում եք, դուք հիմա մտնում եք մի ոլորտ, որտեղ ես իրավասու էլ չեմ բացահայտելու, թե ինչ հանձնարարականներ եմ ստացել: Համենայնդեպս, հանձնարարականները եղել են օրենքի շրջանակներում եւ դրանք կատարվել են օրենքի շրջանակներում:
-ՀՔԾ-ն, ոստիկանության աշխատակիցներին կանչելով հարցաքննության, մարտի 1-ի գործով կոնկրետ հարցադրումներ է անում, թե մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեսել են արդյոք` բանակը որտեղ է եղել, ինչ գիտեն այդ մասին եւ նման այլ հարցեր: Դուք բանակը տեսե՞լ եք կամ իմացե՞լ եք` ուր պետք է տեղակայվեին նրանք:
-Նոր կրկնեցի, որ իմ ծառայությունը կատարել եմ ոստիկանության վարչական շենքում եւ տեսել եմ կամ չեմ տեսել բանակը, ինչքան որ տեսել է ցանկացած քաղաքացի:
-Հանցագործները հանցավոր ինքնավստահություն ունեն եւ պաշտոնատար անձանց տներ են թալանում: Թալանեցին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի տունը, փորձ արեցին գողություն անել Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տնից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակվեցին: Մուտք գործեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի տուն եւ այսպես շարունակ: Չե՞ք ամաչում` որպես ոստիկանության լուրջ պաշտոնյա, որ հանցավոր ինքնավստահություն ունենալով` անգամ փոխոստիկանապետի տուն են թալանում: Արդյոք սա ամոթ չէ՞ ոստիկանության համար:
-Գիտե՞ք, հարցը ամոթի մեջ չէ: Իհարկե, ես ինձ շատ վատ եմ զգում, բայց միայն խնդիրը ոստիկանապետի տեղակալի կամ դատախազի կամ մեկ այլ պաշտոնատար անձի տունը մտնելը չէ, այլ ցանկացած քաղաքացու տուն` անկախ այն բանից` ինչ ունեցվածք ունի նա, ինչ դիրք ու ձիրք: Ինձ համար մեծագույն ցավ է, բայց դրա դեմ համակարգված պայքար պետք է տանել, դա միայն ոստիկանական ուժերով հնարավոր չէ: Օրինակ բերեմ, մենք շատ ենք խոսում բնակարանային գողություններից, որ շքամուտքերի վրա տեղադրեն կոդային փականներ: 2008 թվականին մշակվել էր հանցագործությունների կանխարգելման ծրագիր, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ տնտեսվարողներին պարտադրել` բերեն, տեղադրեն, բայց բավական գործ արվեց: Հիմա եթե վերլուծում ենք, թե որտեղ են կատարվում այդ դեպքերը, տեսնում ենք, որ կոդային փականներ ունեցող շենքերում շատ հազվադեպ են լինում բնակարանային գողություններ: Խնդիրը համակարգային է, կողոպուտների մասով պատշաճ լուսավորությունը կանխարգելիչ գործառույթ ունի :
-Այսինքն` Դուք դիմում եք քաղաքապետարանին, որ ապահովեն, նրանք չե՞ն անում:
-Միանշանակ դիմել ենք, եւ նման հանձնարարականներ նաեւ եղել են այդ ծրագրի շրջանակներում, բայց պետք է տնտեսվարողներին հորդորել, որ իրենց օբյեկտներում տեղադրեն տեսանկարահանող սարքավորումները եւ ոստիկանության պահանջով անհրաժեշտության դեպքում տրամադրեն, որ մենք կարողանանք պայքարել: Հանցավորությունը օր օրի գնալով ավելի տեխնիկապես հագենում է, հանցագործները ավելի կատարելագործվում են ու տեխնիկապես ավելի պատրաստ են, ուստի մենք պետք է կարողանանք մեր կազմակերպվածության շնորհիվ առավել արդյունավետ կազմակերպել:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով` ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Աբովյանում կրակոցներ էին հնչել:
Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գեւորգյանը, մահացած:
«Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյանի ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի եւ տրամաչափի պարկուճներ: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Իրականացվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու եւ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն»:
Այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի որդին:
ՆՊԱՍՏԸ ՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ տեղեկացնում, որ իրենք դեռ չեն ստացել իրենց հասանելիք «Աղքատության նպաստը»: Նրանցից տիկին Վերան մեզ փոխանցեց, որ իրենք այն սովորաբար ստացել են հունվարի 22-ին, 23-ին կամ 24-ին: Բայց պարզվում է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն մեկ շաբաթ է, ինչ ուշացրել է նպաստի վճարումը: Քաղաքացիների խոսքերով` նախարարության «Թեժ գիծ» ծառայության աշխատողն իրենց փոխանցել է, որ կառավարությունը նպաստների բաշխման գործընթացի վերաբերյալ որոշման նախագծին սահմանված ժամկետից ուշ է հավանություն տվել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սոցապ նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանին, որն արձագանքեց` նշելով, որ հունվարի 31-ից կսկսվի նպաստի բաշխման գործընթացը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հետաքրքրվել ուշացման պատճառների մասին եւ փոխանցեց կառավարության կողմից ժամկետից ուշ որոշման նախագիծն ընդունելու մասին տեղեկությունը: Հարցին ի պատասխան, ասաց. «Որոշումը նոր է … ալո, ալո ալո…»,- եւ կախեց լսափողը: Հավանաբար հարցը անհարմար դրության մեջ դրեց նրան:
ԿԱՐՈՂ Է ԲՌՆԿՎԵԼ
ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայությունը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը, որտեղ վերջին ամիսներին հարաբերական անդորր է հաստատված, կարող է բռնկվել եւ ռազմական գործողությունների մեջ այս կամ այն չափով ներքաշել ՌԴ-ին. այս մասին ասել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը մնում է ռազմական հակամարտության պոտենցիալ աղբյուր: Հակամարտության բռնկումը կարող է իր մեջ ներքաշել նաեւ Ռուսաստանին»:
ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անցկացնելը: Ռոբերտ Քոչարյանը 2019թ. հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414Ա-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ եւ 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը` հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթների` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները: Ըստ դիմողի` խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը եւ մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաեւ սահմանադրական նորմերի մեկնաբանման եւ միատեսակ կիրառման գործառույթ: Դիմողի կարծիքով` Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը եւ դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը եւ քննելով բողոքը` հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից` ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները:
26 ՄԻՋԱԴԵՊ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2018թ. տարեկան զեկույցը, ըստ որի` արձանագրվել է լրագրողների եւ օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումների 8 դեպք: Այդ 26 միջադեպերից 15-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, դրանցից 4 գործ մտել է դատարան: Ըստ ԽԱՊԿ կոմիտեի դիտարկումների` ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների գերակշիռ մասը գրանցվել է ապրիլին` հեղափոխության ամենաթեժ շրջանում: Արձանագրվել է լրագրողների եւ օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումների 8 դեպք: Այդ 26 միջադեպերից 15-ի առնչությամբ է քրգործ հարուցվել, դրանցից 4 գործ մտել է դատարան, որից առայժմ միայն 3-ով է դատավճիռ կայացվել: Մնացած դեպքերով կա՛մ ի սկզբանե քրգործ չի հարուցվել, կա՛մ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել, կա՛մ էլ արդեն հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: