«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
-Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ փոխվարչապետ Ավինյանը հնարավոր համարեց «Գազպրոմ Արմենիայի» կողմից ներքին սպառման գազի գնի սուբսիդավորումը: Ինչի՞ հաշվին է հնարավոր «Գազպրոմի» սուբսիդավորումը, դա իրատեսական համարո՞ւմ եք:
-Փորձեմ ավելի մանրամասն ասել: Հիմա եթե այլ հավասար պայմաններում սակագնում չլինեին անարդյունավետության տարրեր, ապա գազի սակագնի փոփոխությունով` մոտ 10 տոկոսով, այլ հավասար պայմաններում պետք է հանգեցներ 5 տոկոս միջին կշռված սակագնի բարձրացման: Բայց քանի որ կան արդյունավետության բարձրացման տարրեր, հետեւաբար այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում:
-Նշվեց այն մասին, որ գնագոյացման ինչ-որ կոմպոնենտներ պիտի վերանայվեն: Մասնավորապես ինչի՞ մասին է խոսքը:
-Բազմիցս այդ մասին խոսվել է:Նաեւ որոշակի մտահոգություններ կան, արդյունավետության բարձրացման հնարավորություններ կան, ինչպես կորստի ցուցանիշների, այնպես էլ ծախսային կառուցվածքում ավելի օպտիմիզացիոն վարքագծերի մասին:
-Ներքին աուդիտորական վերլուծությունից ու վերահաշվարկից բացի` գնագոյացման վրա քաղաքական գործոնի ազդեցության մասին ի՞նչ կասեք:
-Հիմա մենք պիտի երկու մաս բաժանենք` գազի գինը սահմանին, որ, մեծ հաշվով, բանակցությունների, այդ թվում` քաղաքական բանակցությունների առումով ամեն երկրի հետ է իրականացվում: Այս մասով Եվրասիական տնտեսական միության մեջ առնվազն ռազմավարություն կա, որ աստիճանաբար այդ մասով պետք է համահարթեցում լինի:
-Ի՞նչ ասել է` համահարթեցում. ընդհանուր մի գի՞ն
-Ռազմավարական, այսպես ասած, երկարաժամկետ փաստաթղթերում ամրագրված է, որ տեսլականը պետք է լինի միասնական էներգետիկ շուկայի ձեւավորումը, որում, մեծ հաշվով, պետք է աստիճանաբար ռուսական ապրանք արտադրողները հավելյալ մրցակցային առավելություններ, այդ թվում` էներգետիկ համակարգի միջոցով, չստանան: Սահմանին գազի գինը այդ բանակցությունների արդյունքում տրված մեծություն է, եւ մնացած անարդյունավետությունները կամ արդյունավետության բարձրացման ուղիները արդեն բաշխման համակարգում են հնարավոր, որը արդեն գտնվում է ՀԾԿՀ-ի եւ պատկան մարմինների ուսումնասիրության ներքո:
-Հաշվարկն արվում է, ի վերջո, գազի սակագնի նախկին գնի պահպանմա՞ն, թե իջեցմա՞ն համար:
-Այն պահից ի վեր, որ ինքնանպատակ կլինի սակագին պահպանել, սակագինը անպայման իջեցնել… խնդիրը հետեւյալն է. սակագինը պետք է լինի արդարացի: Հիմա ուսումնասիրություններ են իրականացվում, եւ տեսնում եք, որ եթե արդյունավետության բարձրացման ուղիներ չլինեին, ապա ավտոմատ գազի գինը սահմանին, քանի որ գործոններից մեկն է, եւ այլ հավասար պայմաններում պետք է բերի 5 տոկոս թանկացման:
-Միջին վիճակագրական սպառողին պարզ մի հարց է հետաքրքրում. հնարավո՞ր է գազի գնի անակնկալ թանկացում, ասենք, տարեկեսին:
-Նույն էներգետիկ համակարգում, էլեկտրաէներգիայի մասով եմ ասում, դրական արդյունք էր ձեւավորվել, որի արդյունքում փետրվարի մեկից սոցիալապես խոցելի խավերը ցածր սակագնով են վճարելու էլեկտրաէներգիայի համար:
Կա ինֆլյացիա, այդ նույն գնումները, ապրանքներն ու ծառայությունները, որոնք որ ձեռք են բերվում, դրանք էլ չէ՞ փոփոխման միտում ունեն, եւ այդ պարագայում քանի որ ՀԾԿՀ-ն էլ հետաքրքրված է համակարգի հուսալիությամբ,ոչ արհեստական սակագինը ցածր պահելով կամ բարձրացնելով, այդ պարագայում նրանց հետաքրքրում է երկարաժամկետ տեսլականը: Եթե որեւէ իրական գործոն չի փոխվում, իսկ գազի գնի փոփոխությունը օրենսդրությամբ էլ դիտարկվում է որպես այն գործոնը, որը կարող է հանգեցնել ավելի արագ վերանայման հայտերի, բայց եթե որեւէ բան չի փոխվում, ապա 6 ամիսը մեկ, ինչպես ջրինը եւ այլն, վերանայման տարբերակներ, վերանայման մոտեցումներ են իրականացվում: Այո՛, դուք ճիշտ եք, վերջնական սպառողին հետաքրքրում է` իր գրպանին դա ոնց է հարվածելու: Այս պահի դրությամբ մտահոգվելու որեւէ առիթ չկա:
-Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններում Փաշինյանի վարած քաղաքականությունը գազի գնի ձեւավորման վրա որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ:
-Գազի գինը շատ տարբեր է. Գերմանիայում ուրիշ մեթոդաբանությամբ է ձեւավորվում, Հայաստանում ուրիշ մեթոդաբանությամբ է ձեւավորվում, Բելառուսում ուրիշ մեթոդաբանությամբ եւ Ղազախստանում` ուրիշ: Եթե մի բանը բանակցային է, չկա հստակ բանաձեւ: Գազի գինը սահմանին, հասկանալի է, որ քաղաքական գործոնը կապ ունի: Ես չգիտեմ` այդ քաղաքական կուրսի հետեւանքով ապագայում հնարավոր է ինչ-որ մի բան փոխվի, թե ոչ:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ՆԱԵՎ ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Իջեւան քաղաքի աղբահանության հիմնահարցը չի լուծվում: Այդ խնդրին նվիրված Իջեւանի երաժշտական դպրոցի դահլիճում հունվարի 25-ին կայացած քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը, Սամվել Ռուբենյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջեւանի աղբահանությունն իրականացնող կումունալ ծառայության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջեւանի բնակիչներ: Քննարկման ժամանակ մտահոգություն հնչեց Աղստեւ գետն աղտոտելու, Իջեւան քաղաքի տարբեր հատվածներում կուտակված աղբակույտերի վերաբերյալ: Քաղաքապետ Վարդան Ղալումյանը նշեց, որ անցած տարիներին նվազել է Աղստեւ գետն աղտոտող օրինախախտ տնտեսվարողների թիվը, պարբերաբար բացվում են Սպիտակ լիճ ջրամբարի փականները գետի հունը մաքրելու նպատակով: Նրա խոսքերով` կտրվում են Աղստեւի գետափին աճած ծառերը, սակայն անվտանգության նկատառումներով պահպանվում է դրանց արմատը շրջակա շինությունների հիմքը չխարխլելու համար: Աղբահանությունը նորմալ իրականացնելու համար խնդիր կա` մասնավոր, սեփական տարածքների հետ կապված, քանի որ դրանց տերերն իրենց տարածքում աղբամաններ չեն ուզում տեղադրել: Քննարկման մասնակիցները նշել են, որ Իջեւանի աղբահանության խնդիրները միայն Աղստեւ գետով չեն սահմանափակվում, հարկ է Տավուշի մարզկենտրոնի բոլոր հատվածները մաքուր պահել, բարձրացնել փողոցները ավլող հավաքարարների աշխատավարձը: Դա կարելի է անել համայնքի բյուջեով, այդ թվում` կոմունալ ծառայության տնօրենի տեղակալի հաստիքի հաշվին:
ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ
Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված: Ազատամուտի դպրոցի տնօրենի հավակնորդները 3-ն էին` այդ դպրոցի ուսմասվար Լիլիթ Ավետիսյանը, զինղեկ Արտակ Եգանյանը եւ պատմության ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանը: Հունվարի 14-ին կայացած մրցույթին մասնակցել է Ազատամուտի դպրոցի կառավարման խորհրդի 5, հունվարի 18-ին` 4 անդամ: Եթե խորհրդի 8 անդամներից առնվազն 6-ը չեն ներկայանում մրցույթին, այն համարվում է կայացած, սակայն ոչ իրավազոր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանն ասաց, որ ԿԳ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել 2 մրցույթներին: Օրենքի համաձայն` դպրոցի տնօրենի 3 հավակնորդների ներկայացրած դպրոցի կառավարման 5-ամյա ծրագրերը, նրանց անձնական գործերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին, որը կորոշի, թե ով է լինելու Ազատամուտի դպրոցի տնօրենը: Հունվարի 21-ին փոստով Ազատամուտի դպրոցի տնօրենի 3 թեկնածուների ներկայությամբ այդ փաստաթղթերը ուղարկել են ՀՀ փոխվարչապետին: Օրենքի համաձայն` 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետը պետք է ներկայացներ իր որոշումը, սակայն մինչ օրս չի արել. Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակված չէ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն արդեն մի քանի տարի զբաղվում է Գյումրիում անօթեւաններին բնակարաններ տրամադրելու գործունեությամբ: Հիմնադրամը ստեղծվել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Հետագայում ձեւավորվեց հոգաբարձուների խորհուրդը, որը սկսեց ղեկավարել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպ. Աջապահյանը: Սակայն արդեն մեկ տարի Շիրակի թեմի առաջնորդը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: Սրբազան հոր հրաժարականից հետո հոգաբարձուների խորհուրդը սկսեց հետզհետե լուծարվել: Հրաժարական տվեց նաեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը: Նրան փոխարինեց տնակների հաշվառմամբ զբաղվող ընկերը՝ Մհեր Խաչատրյանը: Վերջինս հիմնադրամի գործունեության վերաբերյալ բացահայտումներ է կատարել:
Ըստ Մհեր Խաչատրյանի` 2017 թվականին Ղարիբ Հարությունյանը, լինելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն, կեղծ հաշվետվություն է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որտեղ ֆինանսական չարաշահումներ կան: Վերջինս նաեւ պնդում է, որ նա կեղծ աշխատող է ձեւակերպել, ինչի մասին իր ձեռքի տակ փաստեր կան: Այս ամենը, ըստ նրա, ուսումնասիրված է, եւ առաջիկայում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է կայանալու, որի ժամանակ կստեղծվի ներքին վերահսկողական հանձնախումբ, եւ ուսումնասիրություններ կկատարվեն: «2017 թվականին կոնկրետ այն ժամանակվա տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից հոգաբարձուների նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն: Ֆինանսական չարաշահումներ կան այդտեղ ծախսերի հետ կապված. աշխատող չունենալու ժամանակահատվածում` աշխատավարձի ձեւակերպում, ու հիմա ամբողջ փաստերն իմ ձեռքի տակ կան, հետազոտությունները մինչեւ վերջ ավարտված են, առաջիկայում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, նիստի ժամանակ այդ հարցը կբարձրաձայնվի, կներկայացվի ու, ըստ կանոնադրության 17-րդ կետի, ներքին վերահսկողական հանձնախումբ կստեղծվի: Բոլոր ուսումնասիրությունները կկատարվեն հիմնադրամի ներսում»,- ասաց Մհեր Խաչատրյանը:
Ըստ Մհեր Խաչատրյանի` Գյումրիից 300 քաղաքացիներ` հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցներ, ամեն ամիս իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցում են հիմնադրամին: Ըստ Մհեր Խաչատրյանի` հիմնադրամը պետք է հաշվետվություններով հանդես գա կուռուցիոն ռիսկերից խույս տալու համար:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանն էլ հակառակն է պնդում: Վերջինս էլ ասում է, որ Մհեր Խաչատրյանը ինքնագործունեությամբ է զբաղվում, քանի որ հոգաբարձուների անդամները տեղյակ չեն վերջինիս ծավալած ուսումնասիրություններից: Ղարիբ Հարությունյանը նաեւ նշում է, որ նախկին եւ ներկա տնօրենների միջեւ ընդունում-հանձնում դեռ չի կատարվել, ուստի որեւէ տեղեկության հրապարակումն անօրինական է: «Կոչ եմ անում իրավապահ մարմիններին զբաղվել այս հայտարարությամբ: Եվ երկրորդը` քանի որ հայտարարություն է արվել հանցագործության մասին, հաղորդում վերցվել զրպարտության մասին, այս պահին տեղի է ունեցել զրպարտություն»,- ասաց Ղարիբ Հարությունյանը:
Ըստ Ղարիբ Հարությունյանի` հայտարարության հիմքում կա քաղաքական ենթատեքստ ու կան ուղղորդողներ: Թե ովքեր են նրանք, պարզ կդառնա առաջիկայում: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին Մհեր Խաչատրյանն ու Ղարիբ Հարությունյանը տարբեր քաղաքական ուժերի էին սատարում:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի