ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:
«Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է: Ում հարցնես` կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են, բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի: Որովհետեւ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա կամ ընդհանրապես չգնա: Եւ այսպես շարունակ: Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը»,-իր գրառման մեջ նշել է վարչապետը: Նրա համոզմամբ՝ նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման. «Եւ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»,-նշել է պարոն Փաշինյանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ Քրիստինե Հովհաննիսյանի հետ:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, այս պարագայում արդյոք տեղին չէ՞ խոսել մասսայական եւ ոչ մասսայական արվեստ հասկացություններից, նկատել, որ անկախ իշխանությունների գործելաոճից՝ բնական է, որ, օրինակ, փոփ համերգին ավելի մեծ թվով մարդ պետք է այցելի, քան դասական համերգին բոլոր ժամանակներում եւ բոլոր պարագաներում:
-Որքան հասկացա, վարչապետը շեշտադրել է մարդկանց՝ ազգային արժեքներին մոտեցնելու հանգամանքը: Առաջին հայացքից թվում է՝ լավ է, բայց երբ վարչապետը խոսում է, օրինակ, արվեստի գործերը ԲՏՌ-ով, թիկնապահների ուղեկցությամբ դպրոց տանելու մասին, որ աշակերտները հասկանան դրա արժեքը, ինձ մոտ որոշակի մտավախություններ են ի հայտ գալիս առ այն, որ որպես հայեցակարգ եւ ռազմավարություն մասնագետների հետ դա չի քննարկվել: Ես չեմ կարծում, որ դա կունենա այն ազդեցությունը, որն ակնկալում է վարչապետը: Վարչապետի ասած մեխանիզմը, ըստ որի` արվեստաբանը պետք է մտնի դպրոց եւ սկսի բացատրել նկարի գեղագիտական նշանակությունը, լավագույն ձեւաչափը չէ մշակույթը կրթական օջախներ մտցնելու համար: Նախ՝ աշակերտները հակված չեն լսելու, հատկապես այսօր՝ տեխնոլոգիաների այս դարում, ուսումնական մեթոդները մեծ մասամբ միտված են նրանց աշխատեցնելուն: Բացի այդ՝ խնդիր կա նման նախաձեռնությունները դպրոցական ծրագրերի հետ ներդաշնակեցնելու իմաստով: Ի վերջո, կան դպրոցական առարկաներ, որոնք այդ խնդիրը պետք է լուծեն: Հիմա պետք է, որ մասնագետների համար մշակվի հայեցակարգ, եւ դա լինի դպրոցական ծրագրերի ընդհանուր ռազմավարության համատեքստում: Այսօր երկու շատ մեծ ծրագրերի մասին է խոսվում՝ «Քո արվեստը դպրոցում» եւ «Դասական արվեստը դպրոցում»: Վախենամ՝ երկուսն էլ տապալվեն: Պարզ չէ՝ մանկավարժական ինչ մեթոդներով դրանք պետք է իրականացվեն, եւ արդյոք դրսից հրավիրված արվեստագետները տիրապետում են դրան:
-Ի՞նչ է հարկավոր, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Մանսուրյանը դառնան մեր արժեհամակարգի մի մասը:
-Ի դեպ, ասեմ, որ մանրամասն ուսումնասիրել եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը կրթության մասով եւ հավատացնում եմ, որ ազգային արժեհամակարգի ձեւավորման վերաբերյալ այնտեղ որեւէ նախադասություն չկար: Սպասում եմ, որ գոնե կառավարության ծրագրում այդ բացը լրացվի: Այսինքն՝ պետք է հայեցակարգային, ռազմավարական լուծումներ լինեն, ոչ թե պահի տակ արված հայտարարություններ, որոնց իրականացման մեխանիզմն այնքան էլ հստակ չէ:
-Ի՞նչ կարող է անել կառավարությունը հիմա:
-Արդեն պետք է արած լիներ, եթե ոչ, գոնե հիմա պետք է ձեւավորվեն մասնագիտական խմբեր Կրթության նախարարության անմիջական նախաձեռնությամբ: Այդ խմբերում կարող են ընդգրկված լինել ուսուցիչներ, դասախոսներ, կրթության փորձագետներ, ինչու ոչ, Մշակույթի նախարարությունից ներկայացուցիչներ: Պետք է տեսնել՝ կարճաժամկետ եւ երկրաժամկետ պլանով ինչ առաջարկներ են ներկայացվում կառավարությանը: Կրթության ոլորտում մասնագիտական լայն շրջանակների պետք է ներառել երկխոսությունների եւ քննարկումների մեջ: Այդ դեպքում կարող են ուրվագծվել արդյունավետ լուծումներ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է»
«Գուցե շատերը համարեն ինձ ռոմանտիկ, բայց ես իրատես եմ, ինձ գոհացնում է ներկայիս կառավարության գործելաոճը, նկատում եմ դրական տեղաշարժեր եւ հասկանում եմ, որ ամեն բան չէր կարող միանգամից վերականգնվել ու շտկվել: Պետք է աստիճանաբար հասնել դրական արդյունքների»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը:
Նրա խոսքով՝ իր վրա Փաշինյանի դեմ տարվող ակտիվ հակաքարոզչությունը ոչ մի կերպ չի ազդում. «Միեւնույն ժամանակ փորձում եմ ինքնախաբեությամբ չզբաղվել: Բայց ես չեմ կարող չնկատել այն դրական քայլերը, որոնք արվում են, օրինակ, մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 20 տոկոսով: Արի ու տես, որ անգամ այս քայլը ոմանց կողմից արհամարհական վերաբերմունքի արժանացավ: Գտնվեցին մարդիկ, որ դա համարեցին «հեչ բան»: Ինչպե՞ս կարելի է այդպես»,-շեշտեց երգահանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնում Վլադիմիր Կարապետյանի նշանակմանը, հատկապես որ որոշ քաղաքագետներ համարում են, որ Տեր-Պետրոսյանի ամենամոլի, ամենանվիրված եւ ամենակատաղի հետեւորդներից ու գաղափարակիցներից մեկին այդ պաշտոնում նշանակելն անթույլատրելի է, Գիսանե Պալյանը պատասխանեց. «Կոնկրետ այդ կադրի մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց պետք է նշել, որ Փաշինյանն այլ կուսակցությունների ներկայացուցիչների էլ է վերցրել տարբեր պաշտոններում, եւ այդ քայլն արժանացել է նմանօրինակ արձագանքների: Այս պարագայում կարեւորն այն է, որ մարդիկ դրսեւորվեն իրենց աշխատանքում արդեն խաղի նոր կանոնների պայմաններում: Այդ դեպքում բոլոր խոսակցությունները կավարտվեն»:
Երգահանի համոզմամբ՝ բնական է, որ այս փուլում Փաշինյանի դեմ ակտիվ հակաքարոզչություն է տարվում. «Որոշ մարդիկ կորցնելու շատ բան ունեն՝ ունեցվածք, դիրք, պաշտոն… Նրանց համար մշուշոտ է իրենց ապագան: Եվ հասկանալի է, որ մի խումբ մարդիկ պետք է ամեն գնով պայքարեն կորցրածը հետ բերելու համար: Բայց ես համոզված եմ, որ մեր հանրության գիտակից հատվածը շատ լավ տարբերում է առողջ քննադատությունը սադրանքից, ճիշտ ինֆորմացիան ապատեղեկատվությունից եւ այլն»,-եզրափակեց Գիսանեն:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ