Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու ե՛ւ նախագահի, ե՛ւ խորհրդարանի ընտրություններ: Արդեն իսկ նշմարվում են նախագահի հնարավոր թեկնածուները՝ ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ԼՂՀ ԱԽՔ, նախկինում ընդդիմադիր Վիտալի Բալասանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Բալասանյանի վերջին աղմկահարույց հայտարարություններն էլ հենց այդ հանգամանքով էին պայմանավորված. նա սկսել է քարոզարշավը` փորձելով շահել Արցախում ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները` միաժամանակ մոռանալով, որ ինքն առանցքային պետական պաշտոնյա է: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ղեկավարն է, ընդունված կերպար է ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում: Եվ պատահական չէ նաեւ, որ Արայիկ Հարությունյանն անվերապահ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը:
Եւ, ընդհանրապես, Արցախում այս ընթացքում կուսակցություններն ակտիվացել են՝ բացելով նոր գրասենյակներ, նաեւ նոր կուսակցություններ են բացվում: Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ իրենց մոտ 16 քաղաքական ուժ կա, որոնց մի մասը նոր է բացվել, մի մասն էլ գրանցման փուլում է:
2018թ. հոկտեմբերի 2-ին նախորդ խորհրդարանի՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում» ընդունած փոփոխությունների աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան ուղղված դիմումի քննությունը տեղից չի շարժվում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ օրինագծի շուրջ բարձրացած աղմուկից հետո դիմել էր Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս քննի եւ որոշի` որքանով է ընդունված փոփոխությունը սահմանադրական: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ այս տարվա հունվարի 22-ին պետք է սկսվեր դատաքննությունը, սակայն տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է եւ այն տեղի կունենա ապրիլի 19-ին: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ այդ օրենքն ի վերջո սահմանադրական ճանաչվի, եւ այս հետաձգումն էլ պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որպեսզի հիմնավորումներ գտնվեն: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսվում է ԱԺ նիստերը պատգամավորներից անկախ պատճառներով տեղի չունենալու դեպքում համարել պարզապես ընդհատված, այլ ոչ թե չկայացած:
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքի են դուրս եկել՝ պնդելով, որ իրավապահ համակարգը ոչինչ չի անում հանցագործությունները բացահայտելու համար: Ավելին, նրանք հայտարարում են, որ այդ գործերը կոծկելու հարցում մեծ դեր ունի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոստանյանը պնդել է, թե իր պաշտոնավարման օրոք կասեցված գործերը վերաբացվել են, դրանցից մեկով նույնիսկ սպա կա դատապարտված: Միաժամանակ, իր հասցեին քննադատությունների վերաբերյալ Կոստանյանն ուշագրավ ակնարկ է արել. «Դուք մտածեք, թե ինչու են սլաքները ինձ ուղղում, քանի որ չեմ հասկանում, չեմ ցանկանա գնալ այն կանխավարկածով, որ որոշ անձինք այս հանգամանքը ուզում են օգտագործել ինձ վարկաբեկելու նպատակով: Ես երեք տարի է՝ ինչ գլխավոր դատախազ չեմ, այդ դեպքում ինչո՞ւ գործերը չեն բացահայտվել: Եվ մի բան էլ՝ ես զինդատախազ եմ նշանակվել 2011-ին, իսկ այդ գործերը իմ նշանակումից 1, 5, 10 տարի առաջվա են: Ես չբացահայտված գործ չեմ ունեցել, մնացած հետեւությունները դուք արեք»:
Երեկ, ՀՀ կառավարության որոշմամբ, աշխատանքից ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը: Ընդ որում, Էլոյանը հայտարարել է, թե ինքը աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել: Ըստ որոշ տեղեկությունների` նրա պաշտոնանկության պատճառը եղել է Ամանորն արտերկրում նշելը, քանի որ իշխանությունը ներքին որոշում էր կայացրել ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում. անգամ եղել են պաշտոնյաներ, որոնք իրենց նախապես գնված տոմսերը հետ են վերադարձրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էլոյանը Ամանորին եղել է ԱՄՆ-ում ընտանիքի հետ եւ, ընդհանրապես, նա 2018թ ամռանը ԱՄՆ-ից Հայաստան էր տեղափոխվել Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկի պատճառով: Կառավարության այս որոշումը անակնկալ է եղել ՀՀ Ճարտարապետների պալատի անդամների համար, եւ պալատի անդամները խիստ մտահոգվել են այն բանից, որ Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը չի քննարկվել պալատի հետ:
ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՐԿԱՎՈՐ ԷՐ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան՝ 2008թ. մարտի 1-ի նախկին քաղբանտարկյալներից Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործով դատավճիռները բեկանելու եւ նոր քննության ուղարկելու համար: Դատախազության մեկնաբանմամբ` այս գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ: ՄԻԵԴ-ը բավարարել է ժամանակին Մուշեղ Սաղաթելյանի բողոքն ու արձանագրել, որ նախկին քաղբանտարկյալի դեպքում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին մեկ այլ քաղբանտարկյալի՝ Արամ Բարեղամյանի գործով էր դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Այս դեպքում էլ դատախազությունը նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա պահանջել էր Բարեղամյանին արդարացնել՝ հռչակելով անմեղությունը:
Որ նախկին քաղբանտարկյալների գործերով բողոքները հատկապես ՄԻԵԴ-ը բավարարելու է, այս ավելի քան տասը տարիների ընթացքում որեւէ մեկը չի կասկածել: Քաղբանտարկյալների մեծ մասը, այդ թվում` Բարեղամյանն ու Սաղաթելյանը, դատապարտվել են այն ժամանակ «մոդայիկ» դարձած մեղադրանքով՝ իբր իշխանության ներկայացուցչին իբր դիմադրություն ցուցաբերելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Իսկ գործերը հիմնված են եղել ոստիկանների կեղծ ցուցմունքների ու կեղծ ապացույցների վրա` նպատակ ունենալով ճնշել այն ժամանակվա ընդդիմադիր շարժումն ու բանտարկել ընդդիմադիր առանցքային գործիչներին: Եւ այդ իրավիճակում բնական էր, որ հասնելով ՄԻԵԴ` դրանք հերթով փլվելու էին:
Պարզապես Հայաստանում հարկավոր էր իշխանափոխություն, որպեսզի իշխանության ներկայացուցիչները նախկին քաղբանտարկյալներին նաեւ ներպետական ատյաններով արդարացնելու գործընթաց սկսվեր: Այլապես ՄԻԵԴ-ը նախկին քաղբանտարկյալներից առաջինը բավարարեց Ալեքսանդր Արզումանյանի բողոքը, այդ գործով որոշում կայացվեց 2018թ. հունվարին, այսինքն՝ նախկին իշխանությունների օրոք, բայց դատախազությունը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այդպես էլ չփորձեց դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Հիմա այլ իրավիճակ է: Եւ հիմա դատախազությունը նաեւ այս գործով կդիմի Վճռաբեկ դատարան, կդիմի նաեւ ՄԻԵԴ-ում հաղթած մյուս նախկին քաղբանտարկյալների՝ Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի գործերով: Նաեւ այն գործերով, որոնք դեռ պետք է հաղթեն:
Նույնիսկ այն դեպքում, երբ ՄԻԵԴ-ը բավարարի նախկին քաղբանտարկյալների դիմումները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը հռչակի նրանց անմեղությունը, անհնար է վերադարձնել ազատազրկման մեջ նրանց անցկացրած տարիները, փոխհատուցել այդ ժամանակն ու կորուստները: