ԱՐՑԱԽՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ՍԿՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում պատրաստվում են իշխանափոխության: Ավարտվում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, եւ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանի ու նախագահի ընտրություններ:

Այս ընթացքում Արցախում արդեն իսկ նշմարվում են իշխանության գալու ցանկություն հայտնող անձինք՝ հաջորդ նախագահի հավակնորդները, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր թիմը ձեւավորել կամ օրակարգ թելադրել: Եվ ամենեւին էլ պատահական չէին Հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի օրը լրագրողների հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կոշտ հայտարարությունները. ի վերջո, նա արդեն քարոզարշավ է սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այս պահի դրությամբ Արցախում երկու հիմնական թեկնածուի մասին է խոսվում՝ Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի: Ներկայիս նախագահ Բակո Սահակյանն արդեն իսկ հայտարարել է, որ 2020 թվականին հեռանալու է. մյուս երկուսն այս ընթացքում ակտիվանալու փորձեր են անում:
Վիտալի Բալասանյանն այս ընթացքում ավելի ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս եւ փորձում է այդ կերպ իր շուրջը հավաքել Արցախի ընդդիմադիրներին, որոնք դեմ են նաեւ ներկայիս իշխանություններին: Հենց դա է վերջին շրջանում Բալասանյանի կոշտ հայտարարությունների պատճառը` ուղղված ՀՀ իշխանություններին կամ առանձին անձանց: Այսպես Բալասանյանը նաեւ մեկ այլ խնդիր է լուծում. Փաշինյանի իշխանության «հարվածի» տակ առաջինը հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները. անձինք, որոնք Ղարաբաղից են եւ այնտեղ մեծ ազդեցություն ունեն, եւ Վիտալի Բալասանյանը, նրանց պաշտպանելով, փորձում է շահել Արցախում համակիրների զանգված:
Բալասանյանը եւս երբեք չի բացառել, որ մասնակցելու է Արցախում տեղի ունենալիք քաղաքական գործընթացներին: Միեւնույն ժամանակ Բալասանյանը մոռանում է, որ ինքն այժմ պետական պաշտոնյա է եւ իրեն չպետք է պահի ընդդիմադիր գործչի պես, եւ նրա մասնավոր տեսակետներն ընկալվում են որպես պաշտոնական կարծիք: Եվ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ ինքն այդ պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի շնորհիվ «Սասնա ծռեր» խմբավորման հետ բանակցությունները հաջող անցկացնելու համար, իսկ մինչ այդ Բալասանյանը կրկին ընդդիմադիր գործչի «խաղեր էր տալիս»: Եվ, կարծես թե, նա մոռացել է իր կարգավիճակը:
Նախագահի լուրջ թեկնածու է համարվում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի «Հզոր հայրենիք» կուսակցությունն Արցախի խորհրդարանի ամենամեծ թվով պատգամավորներ ունեցողն է: Արայիկ Հարությունյանն Արցախում ունի, այսպես կոչված, «հարց լուծողի» իմիջ, քաղաքականապես էլ ընկալելի կերպար է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի իշխանությունների համար: Եվ պատահական չէ նաեւ, որ Արայիկ Հարությունյանն անվերապահ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, իր վերջին մի քանի հայտարարություններում հստակ շեշտադրումներով հանդես եկել: Նշենք նաեւ, որ հունվարի 14-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: «Այսօր մեկ անգամ եւս փաստում եմ, որ 2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին»,- ասել է նա բացման արարողության ժամանակ:
Նկատենք, որ Արցախում որպես լուրջ քաղաքական բեւեռ դիտվում է նաեւ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը: Նա Արցախում համակրանք է վայելում առաջին հերթին իր հասանելի եւ հասարակ նախագահ լինելու համար. շրջում է առանց թիկնապահների, պատրաստ է փողոցում կանգնել եւ ժամերով զրուցել բնակիչների հետ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, նա արդեն իսկ հայտարարել է, որ 2020 թվականից հետո չի առաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում սպասվող գործընթացների շուրջ զրուցել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: Նա մեզ հետ զրույցում բնական համարեց կուսակցությունների եւ առանձին գործիչների ակտիվացումը` ընդգծելով հաջորդ տարի սպասվող երկու կարեւոր ընտրությունների մասին. «2018 թվականին մենք էլ կուսակցության նոր գրասենյակ բացեցինք: Արցախում այժմ 16 կուսակցություն կա, մի քանիսն ամռանն են բացվել, մի քանիսն էլ գրանցման փուլում են: Նախորդ խորհրդարանական ընտրություններին էլ 7 ուժ էր մասնակցում: Այսինքն` ակտիվ շրջան է սպասվում»: Հավելեց, որ փետրվարին նաեւ տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը:
Անդրադառնալով նախագահի ընտրությանը` Խանումյանը նշեց, թե իրենց համար անընդունելի է ներկայիս իշխանությունների վերարտադրությունը տարբեր անուններով, եւ պատգամավորը հատկապես մատնանշեց հենց Արայիկ Հարությունյանին: Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին կողմ կամ դեմ լինելուն` Խանումյանը նշեց. «Մեզ համար չափանիշը սահմանադրական փոփոխություններն են, եւ դրան կողմ հանդես եկած քաղաքական գործիչներն ու ուժերը մերժելի են եւ անընդունելի»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՍԵՆ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ներման խնդրագրերի վերաբերյալ առաջարկությունը: Ընդհանրապես, նկատենք, որ ներման թեման վերջերս ամենաշատն է քննարկվում հատկապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի շրջանակներում, քանի որ նրա ազատ արձակման համար կողմնակիցներն ակտիվ պայքար են մղում: Եւ, ահա, Մհեր Ենոքյանի հետ կապված առաջարկություն եւս նախագահին ուղարկված է եղել: Թե կոնկրետ ինչ որոշում է կայացվել, որեւէ պետական գերատեսչություն չի մանրամասնում: Նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ամեն դեպքում, հստակ չէ` Մհեր Ենոքյանի վերաբերյալ ներելու, թե չներելու առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ենոքյանին ներելու առաջարկը մերժվել է: Հավելենք, որ այդ որոշումներն ուղարկվել են արդեն Արդարադատության նախարարություն, սակայն վերջինիս լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե այդ առնչությամբ հայտարարություն կանեն միայն այսօր եւ այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Միեւնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթին հավաստի տեղեկություններ հասան այն մասին, որ վարչապետը բոլոր պատկան գերատեսչություններին հստակ հրահանգել է այսուհետ մանրազնին ուսումնասիրել բոլոր գործերը, քննարկել բազմակողմանի եւ հետո ներկայացնել վարչապետին, որպեսզի հասարակության մոտ այդ առնչությամբ կասկածներ կամ այլ հարցեր չառաջանան: Նիկոլ Փաշինյանն այդ հարցը շատ հստակ է դրել:

 

 

ԱԱԾ-ԻՑ ՀԵՌԱՑՎԱԾՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱԱԾ տնօրեն Գեւորգի Կուտոյանի որոշմամբ համակարգից հեռացված աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գեւորգ Խաչատրյանը: Նա պահանջում է, որ դատարանն ԱԱԾ-ին ստիպի վերացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանի 2017 թվականի հրամանը՝ իրեն ծառայությունից արձակելու մասին, ու վերականգնեն աշխատանքում: Ի դեպ, Գեւորգ Խաչատրյանը միակ անձը չէ, որ հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ԱԱԾ գործողությունների: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԱԾ-ի դեմ հայցադիմում է ներկայացրել նաեւ մեկ այլ նախկին աշխատակից Գարեգին Պետրոսյանը կրկին ԱԱԾ-ում վերականգնելուն պարտավորեցնելու պահանջով: Ի դեպ, դեռեւս 2015 թվականին Կոտայքի մարզում ավտովթար էր տեղի ունեցել, որին իրավապահները ընթացք էին տվել: Արդյունքում պարզվել էր, որ վթարի կիզակետում էր հայտնվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչությունում կոչումով ԱԱԾ մայոր Գարեգին Պետրոսյանը, սակայն նրան ազատելու հրամանը եղել է 2018 թվականի սեպտեմբերին:

 

 

ՀԱՏՈՒԿ՝ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եւ ասել եմ՝ ինչու են մեզ բոլորը հարցնում՝ պատրաստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որեւէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրաստ են, թե ոչ: Եվ, հետեւաբար, ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»: Վարչապետն անդրադարձել է նաեւ սոցիալական ցանցերում եւ մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող այն տեղեկություններին, թե իբր ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում: «Ես մի օր հրավիրել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ հարցրել՝ կարո՞ղ է մեր վրա ճնշում են գործադրում, եւ մենք գլխի չենք ընկել: Որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանում ամենաչտեղեկացված մարդիկ մենք ենք՝ ես, ապա պարոն արտգործնախարարը»,- կատակել է Փաշինյանը՝ հերքելով նմանօրինակ լուրերի իսկությունը:

 

 

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը, նշել է, որ Ռուսաստանը ողջունում է կառուցողական շփումները Երեւանի եւ Բաքվի միջեւ: «Մենք ողջունում ենք Երեւանի եւ Բաքվի միջեւ տարբեր մակարդակներում տեղի ունեցող քաղաքական շփումները: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք հնչեցրել են հենց երկու մայրաքաղաքները այս առնչությամբ, եւ մենք հավատում ենք, որ դա ճիշտ ճանապարհն է առաջ շարժվելու համար»,-նշել է Զախարովան: Հիշեցնենք, որ Հայաստանի նոր իշխանությունների եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հարցով բանակցությունները բավականին ակտիվացել են: Երկու երկրների առաջնորդների ու ԱԳ նախարարների միջեւ արդեն տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, իսկ շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կտրուկ նվազել է:

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մասնակցել է հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը, որին նա ելույթ է ունեցել, որում բարձր է գնահատել հայկական զինված ուժերի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում: Նա ընդգծել է Հայաստանի հավատարմությունն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը եւ ասել, որ Հայաստանը այն երկրների հնգյակում է, որոնք, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացնում: Եզրափակելով ելույթը` Լաուրա Կուպերը հայտնել է Հայաստան այցելելու հետաքրքրության, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության ոլորտում կապերը խորացնելու ուղիներ որոնելու ցանկության մասին:




Լրահոս