Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության կառավարության դիմաց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացանում՝ բարձրաձայնելով, որ իրավապահ համակարգը ոչինչ չի արել, կոծկել է իրենց որդիների մահվան իրական հանգամանքները:
Երեկ եւս որդեկորույս մայրերը կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության դիմաց՝ նշելով. «Ոչ մի բան չի փոխվել, ընդամենը դատավորը գործը կասեցումից հանեց, նորից վերսկսեցին»:
Որդեկորույս մայրերի խոսքով` Փաշինյանն իրենց խոստացել է չբացահայտելու դեպքում գործը տեղափոխել ԱԱԾ. «Մարտի 15-ին կլրանա իմ տղայի սպանության 9 տարին, նորից 9 տարի պիտի սպասե՞մ: Քանի դեռ քննիչները չեն փոխվել, ոչինչ չի բացահայտվի, քանի որ հենց իրենց ձեռքով է կոծկվել գործը: Չեղած Կոստանյանը, որ էսօր անմեղ կանգնել ա ու ուզում ա դառնալ դատախազ, առաջին հանցագործ խուժանն է, իր ձեռքերով է փակվել իմ տղայի գործը: Նույն փչացած համակարգն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը որդեկորույս մայրերի բողոքի եւ հայտարարությունների շուրջ զրուցեց նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է նա կոծկել զինծառայողների մահվան հանգամանքները, ինչպես պնդում են որդեկորույս մայրերը:
-Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր ծնողներին` իրենց որդիների մահվան կապակցությամբ, եւ դա միշտ ինձ համար հոգեբանական խնդիր է եղել,- ասաց Կոստանյանը՝ հավելելով,- ինչո՞ւ են հիմա սլաքները ինձ ուղղում, ես ձեզ որ նկարագրեմ փաստական իրադրությունը, կարծում եմ` ինքներդ այդ հետեւությունները կանեք: Ինձ համար նաեւ զարմանալի է այդ մոտեցումը. ինչո՞ւ, որովհետեւ այդ բոլորը գործերով որ ծնողները մինչեւ հիմա բողոքում են այսքան երկար տարիներ, այդ գործերից, սպանություններից կամ ինքնասպանություններից որեւէ մեկը իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չի եղել: Ես զինվորական դատախազ նշանակվել եմ 2011 թվականի հունվարին, բայց այդ գործերը իմ պաշտոնավարումից, իմ նշանակումից մեկ, հինգ, տասը տարի առաջվա դեպքեր են: Այսինքն` իմ պաշտոնավարման ժամանակահատվածի որեւէ քրեական գործով որեւէ մեկը կառավարությունում բողոքի ակցիա չի անում, որովհետեւ իմ` զինվորական դատախազ պաշտոնավարման ժամանակահատվածում ես չբացահայտված գործ չեմ ունեցել: Հիմա Դուք ինքներդ հետեւություն արեք: Հարցադրում մեկ` ո՞նց եղավ, որ ես խոչընդոտեցի, երկրորդ` իմ պաշտոնավարման ժամանակահատվածում այդ բոլոր գործերը եղել են իմ ուշադրության կենտրոնում:
-Այդ ժամանակ ինչո՞ւ չբացահայտեցիք:
-Երբ ես նշանակվեցի զինվորական դատախազ, այդ գործերի մեծ մասը կասեցված էին, ես դրանք բոլորը վերաբացեցի, քննություն իրականացրեցի, եթե չեմ սխալվում, տիկին Նանա Մուրադյանի որդու ինքնասպանության գործով ես անգամ սպա, եթե չեմ սխալվում, թե զինծառայող դատի տվեցի: Այսինքն` ես անգամ այդտեղ հասա: Քննությունը շարունակվում էր: Ես չեմ ասում, որ ես անխոցելի քննություն կամ հսկողություն եմ իրականացրել: Նախ` Ձեզ ասեմ` քննության մասին չէ խոսքը, այլ հսկողության, որովհետեւ իմ զինվորական դատախազ, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածում քննության լիազորություն չեմ ունեցել: Քննությունը իրականացնում էր Պաշտպանության նախարարության քննչական ստորաբաժանումը: Հիմա չգիտեմ` քննությունը ինչ ընթացքի մեջ է, բայց ենթադրում եմ` եթե մայրերը շարունակում են բողոքել կառավարության դիմաց, ենթադրում եմ, որ մայրերը քննության արդյունքներից բավարարված չեն:
-Ըստ Ձեզ` հիմա ինչո՞ւ չի բացահայտվում, թավշյա հեղափոխությունից հետո նախկին գործերին նոր ընթացք տվեցին, նոր մեղադրյալներ ի հայտ եկան:
-Եթե նախկինում խոչընդոտող հանգամանք կար, հիմա ենթադրվում է, որ մարդիկ կարող են ողջամտորեն նման դիրքորոշում ունենալ, որ այլեւս նման խոչընդոտ չկա, պետք է այս գործերը բացահայտված լինեին: Այստեղ խոչընդոտելու կամ չխոչընդոտելու խնդիր չկար մեկ պարզ պատճառով, խոսքը մահվան մասին է, մեր երեխեքի, զինվորի մահվան մասին է: Ոչ մի նորմալ մարդ չի կարող խոչընդոտել, ոչ մի նորմալ մարդ չի կարող չուզենալ, որ այդ գործերը բացահայտվեն եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Խնդրում եմ նկատի ունենաք` ես Գլխավոր դատախազ եմ եղել եւ զինվորական դատախազ եմ եղել, ես քննություն իրականացնող անձը չեմ եղել:
-Բայց Դուք այդ ընթացքը հսկողն եք եղել:
-Շատ ճիշտ եք ասում, որ հիմա ասում են` այս գործը, այն գործը բացահայտվեց, դա քննությունն է բացահայտում, բայց ես չեմ ուզում ասել, որ մենակ հսկող էի, թող քննիչը բացեր, ես նման արտահայտություններ երբեք չեմ արել: Ընդամենը ցանկանում եմ ընդգծել, որ քննությունը, դատախազությունը այդ առումով տարբեր են: Ես չեմ պատկերացնում թե՛ նախկինում, թե՛ հիմա որեւէ մեկին, ով չէր անի առավելագույնը այդ գործերը բացելու համար: Այդ բոլոր գործերը, կրկին ուզում եմ ասել, իմ պաշտոնավարումից առաջ են եղել, այսինքն` դա գոնե փաստ է :
-Բայց այսօր սլաքները Ձեզ են ուղղված, ասում են, որ Դուք եք կոծկել:
-Դա Դուք մտածեք, թե ինչու են սլաքները ինձ ուղղում, քանի որ չեմ հասկանում , չեմ ցանկանա գնալ այն կանխավարկածով, որ որոշ անձինք այս հանգամանքը ուզում են օգտագործել ինձ վարկաբեկելու նպատակով: Չեմ ուզում այդ կանխավարկածով գնալ, քանի որ դա շատ էժան վարքագիծ է, դրան չեմ ցանկանում անդրադառնալ: Ուղղակի փորձում եմ ինքս տրամաբանությունը հասկանալ: Եթե առիթ լինի, ես ծնողների հետ թեեւ բազմիցս հանդիպել եմ իմ պաշտոնավարման ընթացքում, վստահ եմ, կգտնեմ առիթ ծնողների հետ հանդիպելու, որ ասեմ` ինչու եք ինձ ուղղում : Դուք կարող եք ինձ մեղադրել` ինչու ես ամեն ինչ չեմ արել բացելու համար: Դա կարող է ծնողի տեսակետից ողջամիտ լինել, քանի որ մարդը քո վրա հույս ունի, որ դու կարող ես բացել, բայց դու չես բացում: Այսինքն` ողջամտորեն ինքը կարող է այդ պահանջը քեզ ներկայացնել, այս դեպքում էլ ես չեմ կարող բարոյական առումով իրեն բացատրել, որ, տիկի՛ն, ես առավելագույնս, իմ պատկերացմամբ, արել եմ: Լավ, լավ, դատախազ չեմ, համաձայն եմ, կարող է այդպես լինել, բազմաթիվ թերություններ ունեմ, խելքս չի հասել, երեք տարի է` դատախազ չեմ արդեն, դե թող բացվի:
-Իսկ եթե բացվի, ու պատասխանատվության ենթարկվե՞ք..
-Միանշանակ, հասկանո՞ւմ եք, այս հարցերը ինձ համար ոչ միայն իրավական ընթացակարգեր են, նաեւ բարոյական: Չգիտեմ` մարդիկ ինչպես կհասկանան, ես էլ երեխա ունեմ, վաղը իմ երեխան էլ է բանակ գնալու, այսինքն` սրանք բարոյական բաներ են: Երբ մարդիկ նման ձեւ են փորձում դրան վերաբերվել, ես անարգանք ունեմ նման երեւույթի նկատմամբ, քանի որ չի կարելի մարդկանց ցավը, մարդկանց դժբախտությունը կոնկրետ նպատակների վրա ուղղորդել, լավ բան չէ սա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային: Վարչապետը նշել է, որ KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է 2018թ. նոյեմբերին KfW բանկի հետ ստորագրված «Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը` 23,208,483.13 եվրո ընդհանուր արժեքով, որը մեր տարածաշրջանում այս ոլորտի ամենանշանակալի ծրագրերից մեկն է: Գոհունակություն հայտնելով հայաստանյան տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքից` Զիմելկան ավելացրել է, որ Հայաստան-KfW գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական կապերի զարգացմանը:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ըստ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի նպաստելու երկրի առաջընթացին: Զրուցակիցները կարեւոր են համարել խորհրդարանի ակտիվ գործունեությունը ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովը նոր քաղաքական մշակույթի ձեւավորման, երկխոսության եւ համատեղ աշխատանքի կարեւոր հարթակ է, եւ հուսով է, որ խորհրդարանական բոլոր ուժերն այն առավելագույնս արդյունավետ կօգտագործեն՝ ի շահ նոր Հայաստանի ու ժողովրդի: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում համագործակցել խորհրդարանի հետ եւ աջակցել օրենսդիր մարմնի գործունեությանը:
ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի` փետրվար ամիսը շատ տաք է լինելու: Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով: «Եղանակի շուտ տաքանալու դրական կողմերը այն է, որ վաղ կսկսեն գյուղատնտեսական աշխատանքները»,-ասել է ֆերմեր Հարություն Մնացականյանը` հավելելով, որ դրա շնորհիվ գյուղատնտեսական տարին առաջ կընկնի, բանջարային կուլտուրայի գները ավելի շուտ կէժանանան եւ ջերմատնային տնտեսություններից անցում կկատարվի բանջարաբոստանային տնտեսություններին: Խոսելով սրա բացասական կողմերի մասին` Մնացականյանը նշել է. «Բացասական կողմը ցրտահարությունն է, որ հանկարծ բույսի վեգետացիայից հետո 2-3 օր ցրտահարություն եղավ, շատ լուրջ հետեւանքներ կլինեն»:
ԿՈՇՏ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բացօթյա ապօրինի առեւտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում եւ նախազգուշացնում էին չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երեւանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի: «Այս պահի դրությամբ մենք ունենք գրեթե 90 տոկոսանոց արդյունք: Բացատրական աշխատանքների փուլն արդեն կարող ենք համարել փակված, այժմ անցնում ենք կոշտ վարչարարության եւ, առիթից օգտվելով, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին զերծ մնալ փողոցային առեւտուր իրականացնելուց»,- ասել է քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը: Երեւանում այսօր գործում է գյուղմթերքի 24 շուկա, որտեղ կա 1540 ազատ տեղ: Փողոցային առեւտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ, սակայն, հրաժարվում են շուկաներ տեղափոխվել: Քաղաքապետարանը պատրաստ է քննարկել եւ հատկացնել առանձին տեղեր, բայց ոչ օրենքին հակասող:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորում երկու եղբայրներին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Նշենք, որ 2018թ. օգոստոսի 30-ին «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Վանաձորի բնակիչը` ծնված 1993թ., նրա անչափահաս եղբայրը` ծնված 2002թ.` «ձախ աճուկային շրջանի թափանցող վերք» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քր. օր. 112-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: