«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան Սարգիս Գրիգորյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, դերասանը խոսել է իր նախասիրությունների, տարբեր իրավիճակների վերաբերյալ մոտեցումների, իր վախերի եւ էներգիայի աղբյուրների մասին:
-Սարգի՛ս, հե՞շտ եք արթնանում: Ձեզ համարում եք գիշերայի՞ն, թե՞ ցերեկային մարդ:
-Ցերեկային մարդ եմ, բայց այնպես է ստացվել, որ գործի բերումով ուշ եմ պառկում քնելու, հետեւաբար ուշ էլ զարթնում եմ:
-Ովքե՞ր են այն մարդիկ, որոնց պարբերաբար ասում եք «շնորհակալություն»:
-Կնոջս, երեխաներիս եւ նրանց միջոցով` Աստծուն:
-Ո՞րն է եղել մինչ այժմ Ձեր ստացած ամենաթանկ նվերը բոլոր իմաստներով:
-Մայրիկիս եւ կնոջս՝ Մանոյի նվիրած մատանին երեսունամյակիս կապակցությամբ:
-Կա՞ մի բան, որ կցանկանայիք փոխել Ձեր արտաքինում:
-Ոչ մի բան, պարզապես ափսոսում եմ, որ տարիքի հետ մազերս թափվում են: Կցանկանայի այդ խնդրից հնարավորինս խուսափել:
-Շարունակե՛ք միտքը. «Բոլոր կանանց էլ դուր են գալիս տղամարդիկ, որոնք…»:
-Ուժեղ են, պատասխանատու եւ գրպանում կանխիկ գումար ունեն կամ բանկային լավ հաշիվ (ծիծաղում է):
-Ո՞վ չի կարող դառնալ Ձեր ընկերը:
-Քաղքենի, երկերեսանի մարդը, որը կփորձի սիրաշահել, ինչպես նաեւ այն մարդը, որ հատուկ կփորձի կիրթ կամ տեղեկացված երեւալ: Լպրծուն տեսակներին տանել չեմ կարողանում:
-Ո՞րն է Ձեր ամենասիրելի ուտեստը, որից երբեք չեք հրաժարվի:
-Տապակած դդմիկը:
-Տվե՛ք մի երկրի անուն, որտեղ կցանկանաք անպայման լինել:
-Իտալիա: Ի դեպ, Հռոմից բացի՝ կցանկանամ լինել նաեւ այլ քաղաքներում, գյուղերում, երկրի կոլորիտը, համն ու հոտն ամբողջապես ընկալելու համար:
-Նախընտրում եք լինել ուշադրության կենտրոնո՞ւմ, թե՞ ստվերում:
-Եթե ասեմ՝ ստվերում, սուտ կլինի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր դերասան հոգու խորքում էկրանից այն կողմ էլ ուզում է ուշադրության կենտրոնում լինել: Դա մի բան է, որ նստած է ենթագիտակցության խորքերում:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Երկու բանից՝ հայրենիքիս անվտանգությունը եւ ընտանիքիս անդամների առողջությունը վտանգելուց: Հայրենիքս շատ եմ սիրում, եւ սրանք պարզապես խոսքեր չեն: Փորձը ցույց է տվել, որ տասը օրից ավել այլ երկրում չեմ կարողանում մնալ, տեղս չեմ գտնում: Սրանք են այն հարցերը, որոնք մշտապես անհանգստացնում են ինձ, մնացած ամեն բան հաղթահարելի է:
-Ո՞ւմ եք պարտական:
-«Օսկար» ստացողների տեքստերը պետք է կրկնեմ, բայց ասեմ՝ ծնողներիս, ընտանիքիս, Աստծուն:
-Ումի՞ց եք միշտ սովորում ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես դերասան:
-Երեւի ամենաշատը ինքս ինձնից եմ սովորում՝ սեփական սխալների վրա: Անգամ հաճախ թույլ եմ տալիս, որ փոքրիկ սխալներ գործեմ, որպեսզի այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշումներս է՛լ ավելի ամրապնդվեն: Մասնագիտական առումով մի քանի դերասան կա, որոնք ինձ համար վարպետության գագաթնակետն են՝ Ռոբերտ դե Նիրո եւ Անդրեյ Միրոնով: Երբեմն ուղղակի ուզում եմ հասկանալ՝ այս երկուսն ինչ միս ու արյունից են ստեղծված:
-Անպատասխան սերեր ունեցե՞լ եք:
-Այո, իմ առաջին սերն անպատասխան է եղել:
-Զգուշանում եք այն մարդկանցից, որոնք…
-Որոնց աչքերն անընդհատ խաղում են, որոնք չեն կարողանում քո աչքերին նայել: Դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չեն անում:
-Ինչի՞ց եք դրական էներգիա ստանում:
-Երբ երեխաներս զանգում են ու ասում են` «պա՞պ», իմ աշխատանքից: Առհասարակ, պոզիտիվ մարդ եմ եւ հաճախ եմ փնտրում դրական էներգիայի աղբյուրներ:
-Ո՞ր դեպքում մուտք կգործեք քաղաքականություն:
-Քաղաքականություն մտնելու վերաբերյալ բավական լուրջ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ: Ես սովորել եմ Սոս Սարգսյանի փորձի վրա…Դերասանը պետք է իր գործով զբաղվի:
-Շարունակե՛ք միտքը՝ «Կանայք ամենաշատը վախենում են…»:
-Երեւի ծերանալուց:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է տղամարդկանց «հախից գալու» լավագույն ձեւը:
-Նրանց հնազանդվելը: Առհասարակ, տղամարդիկ սիրում են, որ կանայք «բզբզում են», բնավորություն են ցույց տալիս, բայց երբ նրանք ինչ-որ բան այն չեն անում, կանայք կարող են լռել: Այդ պարագայում տղամարդն ավելի հեշտ է ընդունում իր սխալը:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Տղամարդկանց «հախից գալու» մասին հարցը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՔԱՐԿՈԾՈՂՆԵՐԸ»
«Այս կառավարությունը նոր է ձեւավորվել, ի՞նչ են ուզում անընդմեջ քարկոծողները, թող այս իշխանությունը դեռ նախորդների «խարաբ արած» գործերը շտկի: Հե՞շտ է այդ ամենը կարգավորելը: Քսան տարվա քանդածը երկու ամսում պետք է վերականգնե՞ն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում տեղ գտած այն արձագանքներին, ըստ որոնց` նախորդ իշխանությունից հրաժարվելուց հետո մարդկանց կյանքում ոչ մի զգալի տեղաշարժ չի եղել:
Պարոն Ծատուրյանի համոզմամբ՝ մեր ժողովուրդը շատ է սիրում քննադատել, եւ ով էլ որ նստի երկրի ղեկին, միեւնույն է, քարկոծվելու է. դա արդեն սովորության հարց է:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հեղափոխությունը խժռի իր զավակներին նաեւ Հայաստանի պարագայում, պարոն Ծատուրյանը կատակով պատասխանեց. «Չէ՛, հայերին խժռելն այդքան էլ հեշտ չէ»:
Պարոն Ծատուրյանը նկատեց՝ այսօր նախկին իշխանությունը ոտքի է կանգնել, որովհետեւ նախ` ուզում է ապացուցել, որ ինքը լավն էր, երկրորդ՝ մտադիր է կրկին գալ իշխանության, վերարտադրվել. «Հակառակ դեպքում ընկնելու են նրանց ետեւից եւ ունեցվածքից զրկեն, դատեն»,-ասաց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, այս իշխանության պարագայում եւս կան մի շարք քայլեր, որոնք պարոն Ծատուրյանի սրտով չեն. «Օրինակ՝ պարգեւավճարների՝ աղմուկ բարձրացրած հարցը… Պետք չէր, որ իրենք իրենց նկատմամբ այդքան շռայլ լինեին, անգամ եթե օրենքը թույլատրում էր: Մարդիկ այս իշխանությունից ակնկալում են արժեքային այլ համակարգ: Բայց գոնե լավ է, որ չեն թաքցնում, բացահայտ ասում են՝ որքան են պարգեւատրել, ինչու… Դեռ հետազոտություններ անցկացնելու եւ համապատասխան ենթադրություններ անելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ՝ այդ ամենը կարվի նախորդների սխալները չկրկնելու համար: Համենայնդեպս, չի կարելի անընդհատ դժգոհել: Հիմա պետք է ազգովի համախմբվենք եւ երկիր կառուցենք, ոչ թե անընդհատ հուսահատվենք»,-եզրափակեց բեմադրիչը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՊՐԻԼԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ
ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ՀՖՖ-ի քայլերը` ուղղված մարզերում ֆուտբոլի զարգացմանը: Մելիքբեկյանը հայտնել է, որ մասսայական ֆուտբոլի զարգացմանն ուղղված փոքր խաղադաշտերի կառուցման ծրագիրն արդեն մեկնարկել է, ու արդեն ապրիլին Հայաստանում կկառուցվեն 10 այդպիսի խաղադաշտեր: Շահագործման կհանձնվի նաեւ Սեւանի՝ արհեստական խոտածածկով մարզադաշտը՝ արդեն նախատեսված պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար: Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ենթակառուցվածքների հետ կապված մյուս ծրագրերը կհրապարակվեն առաջիկայում:
ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«Մանչեստեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց թիմի հարձակվող Անտոնի Մարսիալի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը: Հիշեցնենք, որ Մարսիալը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 162 խաղ` դառնալով 46 գոլի հեղինակ:
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ ՌԵՇՖՈՐԴԻՆ
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերը. այս մասին տեղեկացնում է TheSun-ը: «Արքայական ակումբը» պատրաստ է 130 մլն. եվրո վճարել «կարմիր սատանաների» աստղի դիմաց: Իսպանական գրանդը խոստացել է 21-ամյա անգլիացուն, որ նա կդառնա թիմի աստղը, եւ նրանք մեծ հույսեր են կապում Ռեշֆորդի հետ: Հավելենք նաեւ, որ Մանկունյացիները ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մարկուսին եւ նրան պահել թիմում:
ԳՏՆՎԵԼ ԵՆ
«Քարդիֆ»-ի նորեկ Էմիլիանո Սալայի ինքնաթիռի նստատեղերի բարձիկների մի մասը գտել են Ֆրանսիայի ծովափերից մեկում: Ինչպես տեղեկացնում է Goal-ը, այդտեղ կիրականացվեն ստորջրյա որոնումներ, որոնք կտեւեն 3 օր: Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալայի ինքնաթիռը անհետացել էր հունվարի 21-ին, իսկ որոնողական աշխատանքները դեռեւս ոչ մի նկատելի արդյունք չեն տալիս:
ՆՈՐ ԱԿՈՒՄԲ ՈՒՆԻ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը վարձավճարով տեղափոխվել է «Արսենալ»: Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը: Նշվում է նաեւ, որ ամռանը լոնդոնյան թիմը հնարավորություն կունենա ձեռք բերելու իսպանացու տրանսֆերը: