ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվեքննիչ պալատի 2018թ.-ի գործունեության եւ սոցիալական ոլորտի հաշվեքննության արդյունքների մասին զրուցել ենք ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի հետ։

-Պարո՛ն Նռանյան, ամիսների լռությունից հետո կրկին հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները, որոնց անդրադարձել են նաեւ լրատվամիջոցները։ Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ, կարծես թե, պալատը մե՛կ շատ ակտիվ է, մե՛կ էլ՝ ոչ։
-Այդպիսի տպավորություն ձեւավորվում է Հաշվեքննիչ պալատի գործունեության առանձնահատկության պատճառով։ Հայաստանում ունենք բազմաթիվ ստուգող, հսկող եւ վերահսկող մարմիններ, սակայն ՀՊ-ն միակն է, որի աշխատանքի ողջ արդյունքը ենթակա է հրապարակման։ Սակայն մյուս կողմից` ՀՊ-ն որեւէ իրավունք չունի պարզապաբանումներ եւ մեկնաբանություններ անել ընթացիկ աշխատանքի վերաբերյալ։ Իրականում այդ լռության փուլի ժամանակ իրականացվում է մեծածավալ աշխատանք, որը հանրությանը տեսանելի է դառնում միայն վերջում՝ արդյունքների հրապարակումից հետո։ Ի դեպ, մենք ավարտել եւ հրապարակել ենք 2018-ի ծրագրի մի քանի հաշվեքննության արդյունքներ։ Առաջիկայում կհաստատվեն եւ կհրապարակվեն 2018-ի նոր եզրակացություններ, իսկ 2019 թվականին պլանավորումը կազմակերպելու ենք այնպես, որ հաշվեքննության եզրակացությունները ներկայացվեն պարբերաբար ողջ տարվա ընթացքում։
-Իսկ թավշյա հեղափոխությունը որքանո՞վ ազդեց պալատի գործունեության վրա:
-Հաշվեքննիչ պալատը քաղաքական գործունեություն չի իրականացնում։ Սահմանադրության համաձայն` այն անկախ պետական մարմին է։ Անկախ քաղաքական իրադարձություններից` ՀՊ-ն պալատն իր տարեկան ծրագիրը պետք է կատարի, քանի որ մեր գործունեության շահառուն հանդիսանում է հենց հանրությունը, շարքային քաղաքացին եւ ԱԺ-ն: Անշուշտ, քաղաքական իրավիճակը չի կարող չազդել հաշվեքննության սահուն ընթացքի վրա, սակայն ՀՊ-ն պատրաստ է նման իրավիճակներին։
-Նախորդ տարի կրկին անդրադարձել եք կենսաթոշակներին եւ ընտանեկան նպաստներին։ Հրապարակումների համաձայն` արձանագրվել են բավական մտահոգիչ փաստեր…
-Այո, իրականացվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Սոցիալական ապահովության պետական ծառայության 2017 թվականի բյուջեի հաշվեքննություն (2018 թվականի բյուջեի հաշվեքննությունը կիրականացվի 2019-ին)։ Այդ ոլորտի հանդեպ hանրության ուշադրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ` սոցիալական ոլորտը ամենամեծ տեսակարար կշիռն ունի պետական բյուջեում։ Միայն կենսաթոշակների տարեկան բյուջեն 2017-ին գերազանցել է 220 միլիարդ դրամը, իսկ միայն ընտանեկան նպաստի ծրագրով՝ 37 միլիարդը։ Հաջորդ պատճառը այն է, որ այս ոլորտը ունի ամենամեծ թվով շահառուները։ Նաեւ չմոռանանք նախկինում արձանագրված չարաշահումները, ինչը զգայուն է դարձնում այս թեման բոլորիս համար։
-Եվ ի՞նչ եք արձանագրել այս անգամ։
-Առաջին անգամ փորձել ենք համապետական մասշտաբով համադրել տարբեր պետական մարմինների շտեմարանների տվյալները՝ բացահայտելու ոչ միայն չարաշահումները, այլ նաեւ առկա ռիսկերը։ Տեսե՛ք, մենք ունենք տարբեր մարմինների կողմից կառավարվող տեղեկատվական բազաներ՝ Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգություն, Անշարժ գույքի կադաստր, հարկային, մաքսային եւ այլն… Թոշակների կամ նպաստների նշանակման կամ նշանակումը չեղարկելու որոշումների կայացման համար անհրաժեշտ է որոշակի պայմանների բավարարումը, որոնց տվյալները առկա են տարբեր բազաներում։ ՀՊ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվեց ահռելի աշխատանք այդ բազաները համադրելու ուղղությամբ, եւ բացահայտվեցին մի շարք մտահոգիչ երեւույթներ։
-Օրինա՞կ։
-Համաձայն օրենսդրության` թոշակառուն պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով ներկայանալ բանկ, իսկ կանխիկի դեպքում գումարը պետք է ստանա անձամբ ինքը կամ լիազորված անձը։ Պարզվել է, որ Հայաստանից 12 ամիս բացակայող քաղաքացիներին անկանխիկ վճարվել է 702,6 մլն դրամ, իսկ կանխիկ եղանակով՝ 619,1 մլն դրամ։ ՀՀ-ից 3-9 ամիս բացակայողների դեպքում այդ գումարը կազմում է համապատասխանաբար 9 եւ 4 մլրդ դրամ։ Ի վերջո, ստացվում է, որ ինչ-որ մարդիկ այդ բացակայող քաղաքացիների թոշակները կանխիկ ստացել են, որի իրավասությունը չունեին։ Նաեւ ակնհայտ դարձավ, որ Հայփոստի միջոցով թոշակների վճարումը մեկ անձի հաշվարկով 12,7 անգամ ավելի ծախսատար է, քան բանկային համակարգի միջոցով։ 2017-ին Հայփոստին դրա դիմաց վճարվել է 1,5 մլրդ դրամ, այնինչ բանկերին՝ ընդամենը 80 մլն դրամ։
Բազաների համադրումը բացահայտել է բազմաթիվ պրոբլեմներ նաեւ ընտանեկան նպաստների ծրագրում։ Պարզվել է, որ նպաստառուների ցանկում գրանցված են եւ մոտ 420 միլիոն դրամի նպաստներ են ստացել մարդիկ, որոնք միաժամանակ անշարժ գույքի գործարքներ են արել, մի քանի անգամ ներկրել եւ վաճառել են ավտոմեքենաներ, նույնիսկ մաքսատան միջոցով ներկրել եւ իրացրել են մեծաքանակ ապրանքներ, վճարել հարկեր եւ մաքսատուրքեր։ Հազարավոր ընտանիքներ, չսպառելով իր հասցեով գազ եւ հոսանք, այսինքն՝ ենթադրաբար փաստացի չապրելով, նույն հասցեով գրանցված են եւ նպաստ են ստացել (տարեկան 825 մլն դրամ)։
-Լավ, ի՞նչ է լինելու պալատի եզրակացության արդյունքում։ Շատ է խոսվել այն մասին, որ նման բացահայտումները մնում են անհետեւանք։
-Օրենսդրության համաձայն` ՀՊ-ի եզրակացությունը հրապարակվում է կայքում, տրամադրվում է ԱԺ-ին եւ կառավարությանը։ Գործադիրը մեկամսյա ժամկետում պետք է արձագանքի պալատի նյութերին։ Դրանից հետո պալատի լիազորությունները ավարտվում են։ Այնինչ թե՛ հաշվեքննության միջազգային ստանդարտները, թե՛ մեր օտարերկրյա գործընկերները բարձրացնում են հետհսկողական մեխանիզմների ձեւավորման հարցը, որպեսզի ՀՊ-ն ՀՀ կառավարության հետ համատեղ կարողանա հետամուտ լինել թերությունների վերացմանը եւ համապատասխան հետեւությունների կատարմանը։ Հենց նույն արդեն հիշատակված սոցիալական ապահովության ծառայության մասով աշխատանքի ծավալը այնքան մեծ է, որ հասկանում ենք՝ մեկ ամսվա ընթացքում ֆիզիկապես հնարավոր չի լինի մանրամասն ուսումնասիրել տասնյակ հազարավոր դեպքեր։ Եվ հաշվեքննությունից հետո հետհսկողական մեխանիզմները թույլ կտային մի քանի ամսվա ընթացքում պալատին գործադիրի հետ միասին մանրամասն ուսումնասիրել ու վերացնել բոլոր ռիսկերն ու չարաշահումները։
Թե՛ այս մասով, թե՛ բազմաթիվ այլ ուղղություններով այսօր ի հայտ է գալիս օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը։ Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն իրականացնելու հնարավորությունը (տվյալ դեպքում՝ Հայփոստում եւ բանկերում), ինչը թույլ կտար նույն այդ սոցիալական ոլորտի հաշվեքննության բացահայտումները հասցնել մինչեւ վերջ։ Այնինչ տարբեր գաղտնիքների եւ տվյալների պաշտպանության պատրվակով Հաշվեքննիչ պալատի առջեւ հաճախ փակվում է մուտքը տարբեր տեղեկատվությանը, ինչը միջազգային նորմերի խախտում է եւ պարարտ հող է ստեղծում չարաշահումները կոծկելու համար։ Պալատը` որպես պետական բյուջեի մասով բարձրագույն վերահսկողական մարմին, պետք է հասանելիություն ստանա տեղեկատվության ողջ պաշարին։ Այստեղ աբսուրդ իրավիճակ է ստեղծվում. մարմինը, որն ունի պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք, չի կարող ստանալ, օրինակ, նպաստառուին կամ թոշակառուին վերաբերող տեղեկատվություն։
-Անհրաժե՞շտ եք համարում օրենքների փոփոխությունը։
-Միանշանակ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը ենթակա է փոփոխության։ Օրենքի նախագծում առկա խնդիրների մասին դեռ օրենքի մշակման փուլում բարձրաձայնում էին մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՍԻԳՄԱ կազմակերպությունը։ Իրենք այդ խնդիրը բարձրացրել են նաեւ վերջերս Հայաստանի կառավարությանը իրենց կողմից ներկայացրած ՀՀ հանրային կառավարման գնահատման զեկույցում։ Միջազգային դոնոր կառույցները (Համաշխարհային բանկ, Եվրամիություն եւ այլն) շատ են կարեւորում ժամանակակից ստանդարտներով պետական արտաքին ֆինանսական հաշվեքննության իրականացումը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

 

 

 

ՈՏՔԻ ՏԱԿ ՓՈՐԵԼՈՎ
Ավետիք Էլոյանի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից անակնկալ ազատումը նոր քննարկումների առիթ է դարձել: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ Էլոյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը քննարկվել է մեկ այլ թեկնածուի անուն, որը եղել է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից: Պարզվում է` թեկնածուն երկար ժամանակ չի հանձնվել եւ ամեն կերպ փորձել է Էլոյանի «ոտքի տակ փորել» (հակառակի պես Էլոյանը անթերի է աշխատել, համենայնդեպս այդպես պնդում են ոլորտի մասնագետները): Ու աթոռակռիվը հասել է նրան, որ կառավարությունը եւս սպասել է Էլոյանի «բացթողումներին»: Արդյունքում Էլոյանի` դեպի ԱՄՆ կատարած այցը առիթ է հանդիսացել, որ գործադիրը նրան աշխատանքից ազատի:

 

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԼԻՆԵՆ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Մասնավորապես, նա առաջարկում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ օրենքում» եւ ամրագրել, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին պետք է հաշվետու լինեն նաեւ դեսպանները եւ մինչեւ նշանակվելը նաեւ հանդիպեն հանձնաժողովի անդամներին: Նա առաջարկում է ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության` օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ նրանց առաջադրվելուց հետո՝ մինչեւ նշանակվելը, կազմակերպվի հանդիպում հանձնաժողովի անդամների հետ, եւ իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ կազմակերպվի համատեղ հանդիպումներ:

 

 

ՀԷՑ-Ի՞ ՊԱՏՃԱՌՈՎ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով անցած տարվա նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկությունը Հանձնաժողով է ներկայացրել երեք օր ուշ` դեկտեմբերի 28-ին: Ավելին` ընկերությունը հունվարի 16-ի գրությամբ հայտնել է, որ անցած տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերության սեփական կարիքների համար ՀԷՑ-ի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակների եւ հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված տույժերի մասով ծագել են տարաձայնություններ: Եւ հաշվառման սկզբնական փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները շտկելու գործընթացով պայմանավորված` տեղեկությունը հանձնաժողով է ներկայացվել դեկտեմբերի 28-ին: Չնայած այս բացատրությանը` հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստին ընկերությանը նախազգուշացում կտա:




Լրահոս