Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, կարծես թե, նոր թափ են առնում: Մասնավորապես դրա մասին են վկայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ տարբեր պաշտոնյաների շփումները Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ, իհարկե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա կատարած այցի արդյունքները: Ընդ որում, ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական ընթացքի մասին անգամ բարձրաձայնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն իր գործընկերներ Արփինե Հովհաննիսյանի եւ Վիգեն Սարգսյանի հետ եւս Գերմանիայում էր: Աշոտյանը հայտարարել է, թե մինչեւ մայիս հնարավոր է` Գերմանիան վավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, եւ վերջինս սպասում է հստակ գործողությունների ծրագիր Հայաստանից հետագա համագործակցության համար: Միայն թե ՀՀԿ-ականներն այս ամենն արձանագրում են այն ենթատեքստով, որ ժամանակին իրենց վարած քաղաքականության պտուղներն են նոր իշխանություններն այսօր քաղում:
Փորձենք վերլուծել վերջին օրերի իրադարձությունները: Մասնավորապես, հունվարի 28-ին երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նրա հանդիպումների օրակարգը բավական լայն էր եւ հագեցած: Նա, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, նախագահ Արմեն Սարգսյանի եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Դրանից հետո եղած հայտարարությունները, այդ թվում` հենց Հաննի կողմից, վկայում են հարաբերությունների նոր փուլի մասին: Հանն իր խոսքում ընդգծել է Երեւանի եւ Բրյուսելի միջեւ փոխհարաբերությունների բնականոն զարգացման եւ նաեւ քաղաքական կամքի առկայության, ինչպես նաեւ ծրագրեր ունենալու կարեւորության մասին: Նա իր խոսքում շեշտել է, որ եկել են լսելու` ինչ ծրագրեր կան, եւ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել: Եվ պետք է արձանագրենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, չնայած տարբեր ուժերի վատատեսական կանխատեսումներին, զարգանում են բավական դինամիկ ձեւով: Դա են վկայում նաեւ Նիկոլ Փաշինյան-Անգելա Մերկել հանդիպումից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունները: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից օրակարգում դրված բարեփոխումների փաթեթը պետք է կարողանալ իրականացնել առավել արդյունավետ, հետեւաբար, գնդակը Հայաստանի կառավարության դաշտում է։
«ԵՄ ներկայացուցիչներն արդեն հայտնեցին, որ պատրաստ են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալները։ Այս առումով ակնհայտ է, որ Հայաստանի ու ԵՄ-ի, ինչպես նաեւ ԵՄ երկրների հետ առանձին հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված, եւ ես չեմ կարծում, որ այս առումով խոչընդոտներ կունենանք: Պետք է կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր փաթեթը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ մեր գործընկերներից», – հայտարարել է Փաշինյանը:
Միաժամանակ, Փաշինյանը նշել է. «Եվրամիության ներկայացուցիչները արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները։ Այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում եւ Եվրամիության երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված։ Ես չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք։ Ըստ էության, Հայաստանում իսկապես ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, եւ որեւէ կասկած չկա, որ այս զարգացումները կշարունակվեն՝ անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից, որովհետեւ ժողովրդավարությունը, եւ նաեւ վերջին ընտրություններում դա արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովրդի արժեքային համակարգը»։
Եվ սա այն դեպքում, երբ նոր իշխանությունների ձեւավորումից հետո Փաշինյանի ընդդիմախոսներն անընդհատ բարձրաձայնում էին նրանց ձախողման եւ արտաքին քաղաքականության ոլորտում հարաբերությունները տապալելու ու ձախողելու մասին: Սկզբում մեղադրանքներն ուղղված էին հայ-ռուսական հարաբերություններին եւ այն հանգամանքին, թե Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընդունելի չէ: Սակայն այս թեզը մերժվեց հենց Պուտինի կողմից, եւ ապացուցվեց հակառակը նրանց հանդիպումների ինտենսիվությամբ: Այժմ էլ նույնը ՀՀ-ԵՄ հարաբերությունների պարագայում է: Եվ չնայած բոլոր վատատեսական տրամադրություններին` եվրոպական կողմը ձգտում է հարաբերություններ ունենալ եւ զարգացնել, սակայն, ինչպես նկատեց ՀՀ վարչապետը, գնդակն իսկապես կառավարության դաշտում է: Եվ մնում է` վերջիններս կարողանան հստակ ծրագրեր ներկայացնել եվրոպական կողմին, որպեսզի կարողանան նաեւ ստանալ ֆինանսավորումը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԻՍՏԻ ՕՐԸ
Փետրվարի 12-ի լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանի դատին կներկայացնի իրենց ծրագիրը: Ինչպես հայտնի է, նախագահի կողմից նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն ձեւավորել է կառավարության 2/3-րդը, ըստ այդմ, կառավարությունը համարվում է կազմավորված: Հիմա, Սահմանադրության համաձայն, պետք է 20-օրյա ժամկետում օրենսդիրին ներկայացնի ծրագիրը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը կկայանա փետրվարի 12-ին, չնայած ծրագիրը դեռ ամբողջովին պատրաստ չէ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին նաեւ ասվել է, որ այդ օրերին քաղաքում լինեն, որպեսզի չբացակայեն նիստերից: Ծրագրի մասին դեռ մանրամասներ հայտնի չեն. նախագծի վրա աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն ծրագրի հիմքում ընկած է լինելու տնտեսական հեղափոխության դրույթի իրականացումը:
ԲԱՑԱՍԱԲԱՐ
ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ: Այս ընթացքում մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով մասնակցած Տիգրան Պետրոսյանի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդյության հարցերով նախկին նախարար Լեւոն Վահրադյանի անունները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցում ինչ-որ խնդիրներ են ի հայտ եկել: Բանն այն է, որ Տրգրան Պետրոսյանը համարվում է «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի ընկերը, որը, ի դեպ, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի համակարգողներից է: Իսկ ինչպես հայտնի է, Շիրակի մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել մարզում անօթեւան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ: Չի բացառվում, որ այս պատմությունը բացասական անդրադառնա Տիգրան Պետրոսյանի կարիերայի վրա, եւ այդպես էլ նա չնշանակվի:
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԿՌԻՎ
ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պարենային, դեղամիջոցներով եւ բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետի թափուր պաշտոնի շուրջ կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշոտ Մովսեսյանը 2019 թվականի հունվարի 25-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրաասության դատարան՝ պահանջելով` դատարանը ստիպի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթը ճանաչել անվավեր: Ըստ էության, ՊՆ-ում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, եւ անցած թեկնածուի հաղթանակը կասկածի տակ են դնում:
ԱՅԼԵՎՍ ՎՏԱՆԳՎԱԾ ՉԷ
«Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել եւ խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը այլեւս վտանգված չէ», – ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայում: Նա նաեւ շեշտել է. «Այս վերջին ընտրություններն ամրապնդեցին մեր ձեռքբերումները եւ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում: Նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերը հաղթանակ տարան: Նախկին քաղաքական վերնախավը ներկայացնող ուժերը ճնշող մեծամասնությամբ մերժվեցին: Հայ ընտրողը մերժեց բոլոր նրանց, ում անուններն աղերսվում էին կոռուպցիայի, հիմնարար ազատությունների սահմանափակման, վատ կառավարման, տնտեսական անարդյունավետության եւ լճացման հետ: Փոխարենը նրանք իրենց քվեն տվեցին խորը փոխակերպման, օրենքի գերակայության եւ հաշվետու կառավարման վրա հիմնված հասարակությանը: Մեր ժողովրդավարական նվաճումների համար «Էկոնոմիստը» Հայաստանին ճանաչեց տարվա երկիր»:
ԿՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԻ
Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելով` վտանգ կա, որ այն կքաղաքականացվի. այս մասին ասել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման: Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաեւ ուզում եմ ասել, որ, ամեն դեպքում, նախարարը քաղաքական պաշտոն է: Եթե ԱԱԾ նախարարը լինի քաղաքական գործիչ ու զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է, ուզի թե չուզի, առաջ տանել իրենց քաղաքական ուժին, քաղաքականացվելու է»,-ասել է Վանեցյանը: Դիտարկմանը, թե այս դեպքում ստացվում է` բանակը քաղաքական է, Վանեցյանն արձագանքեց. «Բանակը նախարար ունի, բայց ունի նաեւ Գլխավոր շտաբի պետ, որը որեւէ կապ չունի քաղաքականության հետ ու իրականացնում է զորքի անմիջական ղեկավարումը»: Անդրադառնալով ԱԱԾ-ի հաշվետվողականությանը` Վանեցյանն ասել է. «Վերացված է այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին: Գոնե վերջին 10 ամիսներին չկա մեկ դեպք, որ մենք չենք պատասխանել որեւէ հարցի, եթե այդ հարցը չի պարունակում պետական գաղտնիք»:
ԱՅՑ ԱՐՑԱԽ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում երեկ հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու եւ զարգացնելու պատրաստակամությունը: Աշոտ Ղուլյանը կարեւորել է երկու հայկական օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կընդլայնվեն խորհրդարանական դիվանագիտության շրջանակներն՝ ի շահ միասնական օրակարգում տեղ գտած հարցերի լուծման: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այցի նպատակն է նորընտիր պատգամավորներին ծանոթացնել Արցախի գործընկերների հետ եւ հստակեցնել առաջիկայում համազգային խնդիրների լուծման ուղղությամբ անելիքները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ՀՀ պատգամավորների կողմից միջազգային հարթակներում Արցախի խնդիրը համակողմանի ներկայացնելու եւ չճանաչվածության պայմաններում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը ապահովելու հարցը: