«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը ուղարկվել է Ռուսաստան` փորձաքննության: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՌԴ մասնագետները տվել են սեւ արկղի ձայնային կարդիոգրաման:
Ինչպես հայտնի է, աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին փաստի առթիվ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները առգրավել էին դիսպետչերական կետի ձայնագրությունը, որտեղ առկա էր օդաչուների վերջին խոսակցությունը: Նախնական տվյալներով` մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին` ժամը 10.20-ի սահմաններում, Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում` պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները: Մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները, թե ինչ են խոսել օդաչուները դիսպետչերական կետի անձնակազմի հետ: Մեզ հայտնի է օդաչուների վերջին խոսակցությունը: Այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ եւ հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետ եւ կրկնել, որ եղանակը շատ վատ է, եւ իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է կապ հաստատել օդաչուների հետ հասկանալու համար, թե ինչ որոշում կայացրին` հետ են վերադառնում, թե ոչ: Սակայն վերջիններս որեւէ կերպ չեն երեւացել տեսադաշտում եւ, առհասարակ, կապի դուրս չեն եկել:
Ինչեւէ, այս հարցաքննությունների շարքը նախաքննական մարմնին որեւէ դրական տեղաշարժ չէր ապահովել վթարի իրական պատճառները հասկանալու համար: Դեռեւս 2018 թվականի դեկտեմբերի 13-ին գրել էինք, որ քննիչները, հաշվի առնելով, որ հայտնաբերված սեւ արկղը կա, բայց բավականին վնասված է, ՀՀ մասնագետները չեն կարող այն փորձաքննության ենթարկել, որոշում են կայացրել այն ՌԴ ուղարկելու մասին: Այսպիսով, արկղը ուղարկվել է ՌԴ, եւ ՀՀ մասնագետները ՌԴ մասնագետների հետ քննության են ենթարկել այն: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` զարմանալի արագությամբ ՌԴ մասնագետները սեւ արկղը ենթարկել են փորձաքննության եւ արկղի դետալներից մեկի մասով Պաշտպանության նախարարությանն են ուղարկել ինքնաթիռի ձայնային կարդիոգրաման: Նրանք ներկայացրել են խոսակցության բովանդակությունը, թե ինչպես է ինքնաթիռը իջնում, բարձրանում, ինչ են խոսում ինքնաթիռում գտնվող օդաչուները: Ըստ էության, ՊՆ-ում կուսումնասիրեն այն եւ նոր կտրամադրեն նախաքննական մարմնին: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` ՌԴ մասնագետները դեռեւս չեն ուղարկել ՀՀ իրավապահներին սեւ արկղի հիմնական հարցի պատասպանը. ինչո՞ւ է ինքնաթիռը վթարի ենթարկվել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը գործի քննության ընթացքի մասին փորձեց տեղեկանալ ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «ՍՈՒ 25 ինքնաթիռի թռիչքից առաջ` նախաթռիչքային սպասարկման ժամանակ, վառելիքի մաքրությունը ստուգելու նպատակով վերցվել է փորձանմուշ, որը նույն օրը առգրավվել է: Առգրավված վառելիքի նմուշով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն` նմուշի փորձաքննությամբ պարզվել է, որ սառեցման ջերմաստիճանի, մեխանիկական խառնուկների ջրի, մասազտիչ կազմի, բռնկման ջերմաստիճանի, ընդհանուր ծծմբի զանգվածային բաժնի եւ խտության ցուցանիշներով համապատասխանում է ռեակտիվ շարժիչի վառելիքին ներկայացվող պահանջներին»:
ԱՆՀԻՄՆ ՀԱՄԱՆԵՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2018 թվականի դեկտեմբրի 22-ին գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը hամաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել: Մենք տեղեկացրել էինք, որ սա պատահական հրաման չէ, եւ իրականում իրավապահ համակարգը բացահայտումներ է արել` համաներման գորընթացի հետ կապված, ինչը մտահոգության տեղիք է տվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա համաներումը չէր տարածվում:
Եվ, ահա, մեր այս հրապարակումից 1 ամիս անց մեր տեղեկությունը հաստատվեց պաշտոնապես: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` արձանագրվել են 19 անձի վերաբերյալ համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր (5-ը` ՀՀ Շիրակի, 3-ը` Լոռու, 1-ական` Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի, 3-ը` Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների, 4-ը` ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության դատախազների կողմից), որոնց շտկման նպատակով ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ, մասնավորապես` վերացվել են խախտումներով կայացված համապատասխան դատավարական որոշումները:
Այս փուլում Համաներման մասին օրենքի կիրառման հիմնական խնդիրները կապված են եղել առավելապես նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործերով մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ կայացված որոշումների ոչ բավարար հիմնավորվածությամբ: Միայն մեկ դեպքում է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է ՔԿՀ պետի որոշումը, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն:
Գերակշռել են այն դեպքերը, երբ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու կամ չիրականացվելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումները կայացվել են թերի կատարված նախաքննության պայմաններում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտման ուղղությամբ, իսկ առավելապես` մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելու հետ:
Եղել են նաեւ դեպքեր, երբ մեղադրյալի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելիս անտեսվել է, որ մեղադրյալի կողմից երկու կամ ավելի նույնատիպ հանցանք կատարելու պայմաններում Համաներման օրենքի դրույթները կիրառելի չեն:
Որոշ դեպքերում քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաներման ակտ կիրառելու համար հիմք հանդիսացող ոչ բոլոր անհրաժեշտ հանգամանքներն են ամբողջությամբ ստուգվել եւ ճիշտ գնահատվել` մասնավորապես կապված վերջին տասը տարվա ընթացքում մեղադրյալի ունեցած դատվածության, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության հետ: Ասել է թե` իրավապահ համակարգի թեթեւ ձեռքով կոնկերտ անձինք են ազատ արձակվել, ու այստեղ հետաքրքիր է մեկ բան` ինչ շահագրգռվածություն են ունեցել, որ այս մարդկանց ազատ են արձակել:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԱՐԳԵԼՔ ԿՍԱՀՄԱՆՎԻ
ՀՀ քրեական օրենսգրքի, ինչպես նաեւ «Ներման մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով` խոշտանգում կատարած կամ անմարդկային վերաբերմունք դրսեւորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաեւ պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտը կիրառելու արգելք կսահմանվի: Նախագիծն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում շրջանառության մեջ է դրել ՀՀ արդարադատության նախարարությունը: Հիմնավորման մեջ նշվում է, որ արգելք նախատեսող օրենսդրական հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից` նպատակ հետապնդելով երաշխավորել վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված կարգավորումների ամբողջական իմպլեմենտացիան ազգային մակարդակում:
ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՏԵՍՈՒՉԻՆ
ՀՀ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վերլուծության բաժնի տեսուչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ 5 միլիոն դրամ եւ 5 հազար դոլար գումար հափշտակելու համար: Ըստ ՀՀ ՔԿ-ի` Ա.Պ.-ն 2018թ. մայիսին եւ օգոստոսին երկու քաղաքացիներից ստացել է մի դեպքում` 5 հազար դոլար, մյուս դեպքում` 5 միլիոն դրամ, վերջիններիս օգտին գործողություններ կատարելու համար, սակայն խաբեությամբ հափշտակել է այդ գումարները եւ որեւէ քայլ չի ձեռնարկել: ՊԵԿ տեսուչին մեղադրանք է առաջադրվել: Նրա հետ ապօրինի գործարքների գնացած քաղաքացիներից երկուսին նույնպես մեղադրանքներ են առաջադրվել կաշառք տալու, կաշառք տալու փորձի համար, երրորդի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` հարուցվել է քրգործ` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով` գողություն կատարելու դեպքի առթիվ: Նախօրեին ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երեւան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ եւ գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Նշանակվել են դատամատնադրոշմային եւ դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել 2 տասնյակից ավել անձինք: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերեւույթ գողացվել էին, իրենց տեղում են: Նախաքննությունը շարունակվում է: