ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՈՐԴԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԼԻՍԿԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին: Այն մակագրվել է դատավոր Գրիգորի Վարդանյանին: Նրանց դատական վեճը կենցաղային բնույթ ունի:

Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Սուրիկ Խաչատրյանի կնոջ` Լորետա Բարսեղյանի հետ: Նշենք, որ պտտվող այն լուրերը, թե վերջինս հանրապետությունում չէ, չեն համապատասխանում իրականությանը: Տիկին Բարսեղյանը պատասխանեց մեր զանգին եւ ասաց, որ չնայած որեւէ խնդիր չկա, սակայն ինքը չի ուզում անձամբ խոսել այդ գործի մասին: Մանրամասներ ճշտելու համար զրուցեցինք Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի եւ Իգոր Խաչատուրովի փաստաբան Մինաս Մալխասյանի հետ: Պարոն Զիլֆուղարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի ապօրինի բան չկա, եւ նախօրոք եղել է պայմանավորվածություն, սակայն Խաչատուրովի փաստաբանը, ըստ էության, ասաց հակառակը:
-Պարո՛ն Զիլֆուղարյան, ի՞նչ կառույցի մասին է խոսքը: Մի փոքր կմանրամասնե՞ք:
-Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում է ներկայացրել: Կառույցի որոշակի մաս իր հողատարածքի վրա է կառուցվել: Պարոն Խաչատրյանն ու Յուրի Խաչատուրովը հարեւաններ են եղել: Իրենք իրար լավ ճանաչում են: Դա եղել է փոխհամաձայնության, պայմանավորվածության արդյունքում: Պայմանավորվածության մանրամասներին, անկեղծ ասած, չեմ տիրապետում: Ապօրինության մասին խոսք չի կարող լինել: Քանի որ հիմա Յուրի Խաչատուրովը կարծես այստեղ չէ, Սուրիկ Խաչատրյանն էլ արտերկրում է, նրանք պիտի հանդիպեն, որ որոշում կայացնեն: Դուք ասեք` ինչպե՞ս կարող են հարեւաններ լինել եւ պայմանավորվածություն չունենալ: Իսկապես ոչ մի խնդիր չկա: Տղան է դիմել դատարան: Իգոր Խաչատուրովը, կարծես թե, շտապում է, չի համբերում, որ մեծերը իրենց խոսքն ասեն, որ, հին ավանդույթի համաձայն, նոր մի բան որոշվի: Մենք ոչ մի անհանգստություն չունենք. նորից կհանդիպեն, կպայմանավորվեն: Չգիտեմ` ինչ կորոշվի. կզիջե՞ն անվերադարձ, անհայտույց, նվիրատվությամբ, թե՞ գումարով, դա արդեն, բնականաբար, իրենք կորոշեն: Բայց որ համաձայնությամբ են հողի վրա կառուցել, դա վստահեցնում եմ:
-Եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ է Իգոր Խաչատուրովը դիմել դատարան:
-Իսկապես չեմ կարող ասել. դա պետք է պարզել: Այդ հողատարածքի սեփականատերը Իգոր Խաչատուրովն է: Ինքը իրավունք ունի դիմելու դատարան: Ըստ էության, ինքը չի պայմանավորվել Խաչատուրվի հետ, այլ հայրիկը:
-Այսինքն` տեղյակ չի՞ եղել պայմանավորվածությանը:
-Իհարկե տեղյակ է եղել: Բայց թե հիմա ինչ է մտածում, չեմ կարող ասել: Գուցե այս քայլով նա պարզապես շտապեցնում է քննարկումը:
-Պարոն Սուրիկ Խաչատրյանը տեղյա՞կ է այս հայցի մասին:
-Այս պահին դեռ ոչ: Ես եմ գնացել, խնդրել, որ դատական նիստը հետաձգվի, որ հասցնեմ նյութերին ծանոթանալ: Եվ հիմա էլ դեռ վերջնական ծանոթ չեմ:

Իգոր Խաչատուրովի փաստաբան Մինաս Մալխասյան
-Պարո՛ն Մալխասյան, փաստաբան Զիլֆուղարյանից տեղեկացանք, որ այդ հողատարածքի եւ կառույցի մասով նախնական պայմանավորվածություն է եղել Յուրի Խաչատուրովի եւ Սուրիկ Խաչատրյանի մեջ: Ինչո՞ւ է Իգոր Խաչատուրովը դատի տվել նախկին մարզպետին եւ նրա կնոջը:
-Ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում, որ նրանք համաձայնության են եկել նախկինում եւ այլն, եւ այլն: Դա համապատասխանում է իրականությանը թե ոչ, հստակ չեմ կարող ասել, սակայն կարծում եմ, որ չի կարող համապատասխանել, որովհետեւ պայմանավորվածության առկայության պարագայում հարցի լուծմանը դատական կարգով չէր գնա իմ վստահորդը` հայցվոր Իգոր Խաչատուրովը: Մեր հայցադիմումը մուտք է արվել դատարան եւ դա ուղղակիորեն վերաբերում է մեր տարածքում առկա ինքնակամ կառույցների քանդման աշխատանքներին: Այսինքն` մեր տարածքում առկա ինքնակամ կառույցները ուզում ենք հանել այդտեղից:
-Քանի՞ տարվա պատմություն ունեն այդ կառույցները: Տեղյա՞կ եք, թե ինչու է հիմա հայց ներկայացվել:
-Տեղյակ չեմ` քանի տարվա պատմություն ունի: Ինձ երբ որ դիմել են, ես ուսումնասիրել եմ գործը: Չափագրման արդյունքում պարզվել է, որ տարածքում առկա են ինքնակամ կառույցներ: Պարզվելուց հետո մենք դիմել ենք դատարան: Փաստի պարզ դառնալուց մեկ ամիս էլ դեռ չէր անցել, որ մենք դիմեցինք դատարան: Այսինքն` մենք չափագրման արդյունքում ենք պարզել, որ այդ տարածքում նման կառույցներ կան:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ
Փետրվարի 17-ին կկայանան Իջեւան համայնքի ավագանու, Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ համայնքի ավագանու, Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Իջեւանի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 33 թեկնածու: Ակնաղբյուր համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր 4 թեկնածու, 4-ն էլ անկուսակցականներ են: Համայնքի ղեկավարի թեկնածուներ են գործող համայնքապետ Կարեն Դոլմազյանը եւ ոչ մի տեղ չաշխատողներ Վրույր Մայիլյանը, Գրիգոր Եգանյանը եւ Վարդազար Շահնազարյանը, սակայն Վարդազար Շահնազարյանն ինքնաբացարկ է հայտնել: Կարեն Դոլմազյանը Ակնաղբյուր համայնքը ղեկավարում է արդեն 15 տարի` 2004 թվականից: Նախորդ` 2015 թվականի մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում Կ. Դոլմազյանը ներկայացել է որպես ՀՀԿ անդամ: Ուշագրավ է, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում` համայնքների ղեկավարների վերաբերյալ բաժնում, Կ. Դոլմազյանն իր կենսագրության մեջ չի նշել, որ համայնքը ղեկավարում է 2004 թվականից, միայն նշել է, որ վերընտրվել է 2012 եւ 2015 թվականներին: 2265 բնակիչ ունեցող Գետահովիտ համայնքի ավագանու 7 տեղի համար առաջադրվել է 8 թեկնածու, որից մեկն ինքնաբացարկ է հայտնել: Փաստորեն, այդ գյուղում ավագանու համար մրցակցություն չկա: Գետահովտցիներն ասում են, որ տեղյակ չեն իրենց համայնքում ավագանու ընտրությունների մասին, որպեսզի իրենց թեկնածությունն առաջադրեն:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ 46-ամյա Կորյուն Ստեփանյանը մեղադրվում է հորը սպանելու համար: Ըստ մեղադրանքի` 2018թ. հուլիսի 2-ին` ժամը 08.30-ի սահմաններում, Վազաշենում գտնվող իրենց տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հոր` Դերենիկ Ստեփանյանի հետ, որի ընթացքում դիտավորյալ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի համար վտանգավոր գանգուղեղային ծանր վնասվածք եւ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով եւ 118 հոդվածով: Նրա դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Կ. Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը. նա գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

2 ՏԱՐԵԿԱՆ ԷՐԻԿԸ 2 ՇԱԲԱԹ ՉԻ ՍՆՎԵԼ

Երկու տարեկան Էրիկ Հախնազարյանը կարիք ունի դիետիկ հատուկ սննդի, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է կազմում: Նրա հոր` Գեւորգ Հախնազարյանի խոսքերով` 2-ամյա Էրիկը երկու շաբաթ է` անհրաժեշտ կերը չունի, որ ուտի: Էրիկի մոտ ախտորոշվել է ցելիակիա (անբավարար փարթամություն, անեմիա): Փոքրիկի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշենք, որ Գեւորգ Հախնազարյանն ապրում է ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Գեւորգը պատմեց, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի է մեկնում, բայց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառով հետ է եկել: Հախնազարյանի ընտանիքն այլեւս գումար չունի Էրիկի համար անհրաժեշտ կերը եւ դեղերը գնելու համար:
«Ես կերի համար դիմել եմ բազմաթիվ տեղեր եւ ստացել մերժում»,- պատմեց Գեւորգը: Նրա դիմումին ի պատասխան` Առողջապահության նախարարությունից արձագանքել են հետեւյալը. «ԱՆ-ն մանկական կերերի կենտրոնացված կարգով գնում չի իրականացնում, չի ստանում նաեւ որպես մարդասիրական օգնություն, ուստի այն ձեր երեխային տրամադրել չի կարող»: Ապա հորդորել է դիմել պոլիկլինիկա, քանի որ դեղերի դուրսգրումն իրականացվում է` «ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան»: Արարատի քաղաքապետարանը եւս չի օգնել դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքին` պատճառաբանելով, որ գումար չկա: Փոխարենը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն եւ իր ենթականերին խոշոր գումարով պարգեւատրում է: Թե որ արժանիքի համար, անհայտ է: Իսկ, ահա, նախագահի աշխատակազմից արձագանքել են` նշելով. «Ըմբռնումով ենք մոտենում Ձեր խնդրին, բայց 2019 թվականի բյուջեով այդ նպատակի համար միջոցներ չկան»: Ապա դիմումը հասցեագրվել է Առողջապահության նախարարություն: «Դիմել եմ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, բայց իր աշխատակիցներն ասել են ինձ, որ չեն կարող օգնել, քանի որ նպաստ եմ ստանում: Ասացին` մենք չենք կարող ձեզ օգնել, քանի որ հենց դա ձեզ օգնություն է: Բայց նպաստը կազմում է 25 հազար դրամ: Մեր տանը աշխատող ուժ չկա, մենք ապրում ենք սոցիալական ծանր պայմաններում»,- ցավով նկատեց Գեւորգը:
Բացի այս, Հախնազարյանների տունը գրավադրված է «Արդշինբանկում»` 2 մլն դրամի դիմաց: «Հայրս առողջական խնդիրներ ուներ. սրտի շտապ վիրահատություն պետք է արվեր, այս պատճառով մենք տունը գրավադրեցինք, հիմա բանկը դիմել է դատարան. երեք ամիս չենք վճարել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Հուսանք` ինքն իրեն պարգեւատրած Գարիկ Սարգսյանն այս պատմությունից հետո քայլեր կձեռնարկի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս