ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ Է ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, եւ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանի ու նախագահի ընտրություններ: Այս ընթացքում Արցախում արդեն իսկ նշմարվում են իշխանության գալու ցանկություն հայտնող անձինք. հաջորդ նախագահի հավակնորդներ են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ Արցախում որպես լուրջ քաղաքական բեւեռ դիտվում է նաեւ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից չի ցանկանում անմասն մնալ նաեւ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նշենք, որ վերջինս, իհարկե, անձամբ եւ ուղղակի ներգրավված չէ քաղաքական պրոցեսներում եւ այս փուլում, ըստ էության, գործում է ստվերում` փորձելով ճկունություն ցույց տալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձեւավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի միակ փրկությունը եւ նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահմանադրական խոչընդոտի: Բանն այն է, որ համաձայն Արցախի Սահմանադրության հոդված 48-ի 2-րդ կետի` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Բոլորին է հայտնի, որ Սամվել Բաբայանը 2005թ. Երեւանում հիմնել է «Դաշինք» կուսակցությունը: Այդ կուսակցությունը գլխավորելով` մասնակցեց ՀՀ խորհրդանական ընտրություններին, սակայն նրան չհաջողվեց հաղթահարել ընտրական շեմը: Պարտությունից հետո Բաբայանը դուրս եկավ ակտիվ քաղաքականությունից եւ լքեց Հայաստանը` ըստ ամենայնի մեկնելով Ռուսաստանի Դաշնություն: Հիշեցնենք` 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններից հետո ստորագրահավաք մեկնարկեց, որի պահանջը Բաբայանի վերադարձն էր: Եվ արդեն 2016թ. մայիսի 23-ին «Սամվել Բաբայան վերադարձ» քաղաքացիական շարժումը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես ասված էր.
«Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը այսօր վերադարձել է Հայաստան: Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում»:
Պաշտոնապես հայտարարվում է, որ Բաբայանը Հայաստան է վերադարձել 2016թ. մայիսի 23-ին: Այսինքն` նա չի կարող իր թեկնածությունը առաջադրել որպես նախագահի թեկնածու: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց Սամվել Բաբայանի հետ: Վերջինս սկզբում նշեց, որ ինքը նման մտադրություն չունի, սակայն հետագա խոսակցությունից պարզ դարձավ, որ նա, ըստ էության, իրեն տեսնում է այդ պաշտոնում, սակայն ինչ-որ բանի է սպասում Արցախի իշխանությունների եւ ժողովրդի կողմից:
-Պարո՛ն Բաբայան, լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դուք ցանկություն ունեք Արցախում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես որեւիցե ներքաղաքական հետաքրքրություն չունեմ ո՛չ Արցախում, ո՛չ այստեղ:
-Դուք հերքո՞ւմ եք այն, որ ցանկություն ունեք թեկնածություն դնել:
-Նման բանի մասին դեռ չեմ մտածում:
-Դե՞ռ: Առաջիկայո՞ւմ էլ չի լինելու:
-Չգիտեմ, բայց նաեւ ոչինչ չեմ բացառում:
-Ինչի՞ց է կախված` կունենաք նման մտադրություն, թե ոչ:
-Արցախի Հանրապետության սահմանադրության համաձայն` վերջին 10 տարին պետք է ապրած լինես այնտեղ: Դե ես էլ Հայաստանում եմ ապրել: Հիմա Հայաստանում ասում են` էս ինչի է եկել էստեղ, ղարաբաղցիք էլ դե, գիտեք, սահամանափակում են: Հիմա ես էլ չգիտեմ` ոնց Ձեր հարցին պատասխանեմ:
-Այսինքն` օրենսդրական փոփոխությունների սպասո՞ւմ եք:
-Ես չեմ սպասում, որ իրենք կամավոր կարող են նման փոփոխություն անել:
-Չեք էլ խառնվելո՞ւ, որ նման զարգացումներ լինեն:
-Դեռեւս ոչ մի բանի չեմ խառնվելու:
-Դեռե՞ւս: Ինչ-որ առաջակության եք սպասո՞ւմ:
-Հիմա ուղղակի հետեւում եմ զարգացումներին: Ամեն ինչ թող իր հունով գնա: Ինչո՞ւ պիտի խառնվեմ: Ես նման կոմպլեքս չունեմ: Եթե կլինի առաջակություն, կքննարկենք: Նման առաջակություն դեռ չկա:
-Ո՞ւմ կողմից եք սպասում առաջակության:
-Դե եթե լինի, կմտածեմ: Հիմա ո՞վ կանի այդ առաջակությունը: Գուցե Ղարաբաղի ժողովո՞ւրդը: Եթե ոչ մեկը չի անում նման բան, գնամ, ասեմ` եկել եմ, որ ի՞նչ: Եկել եմ ձեզ փրկե՞մ, ձեզ ծառայե՞մ: Ծառայում են էլի տղերքը, թող ծառայեն:
Հ.Գ. Մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ Արցախի ոստիկանության անձնագրային բաժնից, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ՝ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Հանդիպումը եղել է հենց ընդդիմադիր խմբակցության հրավերով, որին նախարարը դեմ չի եղել։

Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե արտգործնախարարին հրավիրել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաեւ երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման եւ մտքերի փոխանակման համար։ Եվ մոտ երկու ժամ կողմերը քննարկել են հենց Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փակագծեր չբացեց, սակայն հայտնեց, որ նախարարին նաեւ հարց են ուղղել` կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե ղարաբաղյան հակամարտությունը ունի 3 կողմ: Մարուքյանը նշեց, թե իրենք պատասխանը ստացել են, եւ նախարարի խոսքով` պետք է ընկալել հետեւյալ կերպ, որ Հայաստանը ունի իր մասը հակամարտության մեջ, այդ մասը անվտանգության երաշխավոր լինելն է»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միայն Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր, եւ այլ թեմայի անդրադարձ չի եղել, իսկ հանդիպմանն էլ մասնակցել են խմբակցության բոլոր պատգամավորներն առանց բացառության, սակայն ոչ բոլորն են ակտիվ եղել եւ հարցեր ուղղել. նրանցից մի մասը եւ ավելի շատ նոր պատգամավորները եղել են լսողի դերում։ Մենք տեղեկացանք, որ ամենաակտիվ պատգամավորներն են եղել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Արման Բաբաջանյանը. նրանք են եղել հիմնական հարցերը բարձրաձայնողը։ Երկու կողմն էլ գոհ է եղել հարցուպատասխանից: Ըստ մեր տեղեկությունների` Մնացականյանը որոշ դեպքերում կրկնել է վարչապետ Փաշինյանի կողմից տարբեր առիթներով հնչեցրած մտքերը, նաեւ մանրամասներ պատմել Ադրբեջանի իր պաշտոնակցի՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից, այդ հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումներից եւ այլն:
Ընդհանուր առմամբ, մեր տեղեկություններով` հանդիպումը շատ ակտիվ է անցել, եւ երկուստեք գոհ են մնացել: Ընդ որում, հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում, եւ լարվածություն չի եղել:
Մեր տեղեկություններով` այսպիսի ձեւաչափը շարունակվելու է, եւ փակ ֆորմատն էլ նպատակ ունի այնպիսի հարցեր չհրապարակայնացնել, որոնք կարող են վնասել բանակցային ֆորմատին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՎԵՐԱԴԱՐՁ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու օրերին հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պետք է ներգրավվեն նաեւ ճանապարհ անցած պրոֆեսիոնալ կադրեր:
Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունի, ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը զիջումների չի գնալու, հետեւաբար լուծումը մոտ չէ: Դատելով նրա հրապարակային ելույթներից` վարչապետն առավել հակված է առկա իրավիճակի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել, ու դա նշանակում է, որ իրավական դաշտում անելիքներ կան: Ու որպես այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը` թերեւս գործին կմիանա ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Նա Արցախյան հիմնահարցի իրավական մեթոդաբանությանը միջազգային իրավունքի տեսանկյունից առավելագույն լրջությամբ եւ խորությամբ է տիրապետում: Հիշեցնենք, որ անկուսակցական Գեւորգ Կոստանյանը իրավաբանական հարթության մեջ նախորդ տարի հասավ այնպիսի հաջողության, որ Արցախի ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը մասնակցեց ՄԻԵԴ նախարարների կոմիտեի նիստին:
Վերջում հավելենք, որ հետհեղափոխական Հայաստանում նախկին իշխանության կադրերի ներգրավումը կատարվում է մի պայմանով. նրանք նախկինում չպետք է մասնակցած լինեն որեւէ կոռուպցիոն պատմության: Գեւորգ Կոստանյանի անունը, ըստ էության, չի կապվում որեւէ կոռուպցիոն գործարքի հետ, ավելին, նա` որպես դատախազ, անհանդուրժող է եղել նման երեւույթների հանդեպ:

 

ՀԱՎԱՔԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների պնդմամբ` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ իր մոտ հանդիպման է կանչել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Սակայն ուշագրավն այն է, որ հանդիպմանը ներկա չեն եղել հանձնաժողովների՝ ԲՀԿ-ական եւ ԼՀԿ-ական նախագահները, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնելուց` ասելով, որ գաղտնիք է:
Նկատենք` «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ սովորություն է ձեւավորվել փակ նիստեր անելն ու քննարկած հարցերը գաղտնի պահելը: Պատգամավորներն էլ սա բացատրում են նրանով, որ դրանք ընդամենը աշխատանքային հանդիպումներ են, եւ դեռ շատ բաներ կիսատ են, ուստի իմաստ չկա հրապարակելու:




Լրահոս