ՄԻՍՏԻԿԱ ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԿ ՆԻՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության նիստ է եղել: Թեեւ ի սկզբանե խոսվում էր, որ իշխող խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպելու են կառավարության անդամների հետ, սակայն իրականում ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու երկու մարզպետներ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպումից հետո ասել է, որ նիստում կառավարության ծրագրին ու կառավարության կառուցվածքային փոփոխությունների խնդրին շատ հպանցիկ են անդրադարձել, որ դրանք դեռեւս կառավարության օրակարգում են, եւ քննարկումները շարունակվում են: Ըստ էության, նիստից մանրամասներ չեն ներկայացվել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` ավելի մանրամասն տեղեկություններ չեն հրապարկվում միայն այն պատճառով, որովհետեւ նիստում քննարկված հարցերը դեռ նախնական փուլում են, եւ հստակ որոշումներ չեն եղել, զուտ զրույցներ, հարց ու պատասխան: Թեեւ նախատեսված է եղել, որ հարցեր ուղղեն ոչ միայն Փաշինյանին, այլեւ ԿԳ նախարարին ու մարզպետներին, սակայն հիմնական հարցուպատասխանն, այնուամենայնիվ, ընթացել է Փաշինյանի հետ: Ասել է թե` Փաշինյանի ներկայությունը նախարարին ու մարզպետներին փրկել է պատգամավորների հարցապնդումներից:
Ինչ վերաբերում է քննարկված հարցերին, ապա երկար զրույց է ընթացել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Փաշինյանը պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից: Նա Ալիեւին ներկայացրել է ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու իր փաստարկները, որ իրավասու է խոսել միայն ՀՀ-ի անունից, իսկ ԼՂՀ անունից կարող է բանակցել միայն այդ երկրի իշխանությունը: Այսինքն՝ Փաշինյանն ասել է այն, ինչ տարբեր առիթներով նա հայտարարել է հրապարակային: Նրանք տեղեկատվություն են փոխանակել, թե այս կամ այն փուլում ինչպես են ընթացել զարգացումները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետին հարցեր են ուղղել նաեւ Դավոսյան համաժողովից ու Գերմանիա այցից, խոսվել է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների հեռանկարների մասին:
«Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել է նաեւ կադրային փոփոխություններից: Քանի որ հիմնական քննարկվող թեմաներից մեկն էլ այսօր ՊԵԿ-ում մեծ չափերի հասած պարգեւավճարների հարցն է, խոսվել է այդ կառույցի աշխատանքի արդյունավետության մասին: Փաշինյանն, ի դեպ, խիստ դժգոհություն է հայտնել ՊԵԿ գործունեությունից՝ հայտարարելով, որ ՊԵԿ-ում արմատական կադրային փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բացի այդ, նա խոսել է մի քանի այլ ոլորտներում եւս կադրային փոփոխություն անելու ցանկության մասին: Նա նշել է, որ պարգեւավճարների ֆոնդերը հատկապես ՊԵԿ-ում կրճատվելու են:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, որը, սակայն, ասաց, թե իրենք ներկա են եղել ոչ թե մարզպետի կարգավիճակով, այլ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: «Ժողովուրդ» օրաթերթը նիստի մասին զրուցեց պարոն Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ տարօրինակ եւ արտասովոր բան չկա: «Դա նորմալ քաղաքական գործընթաց է, երբ իշխող քաղաքական ուժի վարչությունը հանդիպում է իր ֆրակցիային: Եվ «Իմ քայլը» ֆրակցիան` որպես մեր քաղաքական ուժի պառլամենտական ներկայացուցիչ, հանդիպում է ունեցել մեզ հետ: Այս կոնտեքստում վարչապետի հետ հանդիպումը կրել է արտաքին, ներքաղաքական զարգացումների, ընթացիկ քաղաքական իրավիճակի շուրջ հարցուպատասխանի, քննարկումների բնույթ: Սա միտված է եղել նրան, որ մեր ֆրակցիան ԱԺ-ում հստակեցումներ անի, ինչ-որ հարցերի պատասխաններ ունենա, նաեւ արտաքին քաղաքականության հետ կապված վարչապետի տեսակետները, վարչապետի ունեցած հանդիպումների մասին որոշակի ինֆորմացիա փոխանցվեց: Չգիտեմ` ինչու են սեւեռվել դրա վրա եւ անընդհատ հղում են անում փակ նիստին: Շաբաթ օրն ենք արել, որովհետեւ աշխատանքային օրերին ֆիզիկապես հնարավոր չէ հասցնել: Չկա ոչ մի գաղտնի բան: Դրա մեջ միստիկա մի՛ փնտրեք, որեւէ ստվերային բան չի եղել»,-մեզ հետ զրույցում ասաց մարզպետը: Հետաքրքրվեցինք` հետագայում մանրամասներ կհրապարակվեն արդյոք նիստից, պարոն Պետրոսյանն ասաց, որ հնարավոր է, ինքը դա չի բացառում:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՆԻՍՏԵՐ
Չնայած ԱԺ մշտական հանձնաժողովների կազմը մեծամասամբ հայտնի է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ կան պատգամավորներ, որոնք որեւէ հանձնաժողովում ներկայացված չեն։ Ավելին, հանձնաժողովների ամբողջական կազմերը դեռեւս տեղադրված չեն նաեւ Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Պատճառը հանձնաժողովների ոչ ամբողջական կազմավորված լինելն է։ Բանն այն է, որ ի սկզբանե պատգամավորները նախապատվություն են տվել ընդգրկվելու մեկից ավելի հանձնաժողովներում: Վերջնական որոշումը կայացվել է հանձնաժողովներում պատգամավորների թվաքանակից ելնելով, որպեսզի պահպանվի ընդհանուր համամասնությունը։ Ի վերջո, յուրաքանչյուր հանձնաժողովի համար սահմանված է պատգամավորների թվաքանակի վերին եւ ստորին շեմ, եւ որոշվել է այնպես անել, որ գոնե նվազագույն շեմն ապահովված լինի։ Եվ չնայած հանձնաժողովների կազմերը պաշտոնապես չկան, սակայն, մեր տեղեկություններով, պատգամավորները հաճախ են հավաքվում, կարճատեւ նիստեր եւ քննարկումներ անցկացնում հնարավոր կազմով։

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿԳՆԱ՞
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ցանկանում է լքել պաշտոնը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրան հասկացրել են, որ մերձավոր ազգականներից մեկը ՀՀԿ-ական է, ուստի ճիշտ կլինի, եթե նա դուրս գա: Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Սուրեն Քրմոյանից, սակայն Քրմոյանը վստահեցրեց, որ իրեն չեն ազատում, հետեւաբար պատճառ էլ փնտրել պետք չէ: Որպես իր խոսքերի ապացույց` նա նշեց, թե մեզ հետ զրուցելու պահին ՀՀ կառավարությունում է: Այստեղ հետաքրքիր էր եւս մեկ բան, թե երեկոյան 20:00-ի սահմաններում ՀՀ կառավարությունում արդարադատության փոխնախարարը ինչ քննարկման էր մասնակցում:

 

 

ՄՈՏ 10 ՕՐԻՑ
Դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները լինելու են բացարձակ անվճար, մինչդեռ դրանք մինչ այս պետպատվերի շրջանակերում համավճարի սկզբունքով էին իրականացվում: Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթ են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ հետաքրքրվում, թե երբվանից են մեկնարկելու անվճար վիրահատությունները: Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վիրահատությունները կատարվելու են այն բուժհաստատություններում, որոնք կբավարարեն պահանջներին եւ կունենան ուռուցքաբանության լիցենզիա: «Հիվանդանոցների ցանկը կունենանք, երբ բոլորի հետ պայմանագրերը կնքված ու ավարտված կլինեն. մինչեւ 10 օր»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ «Հետք» լրատվական կայքի հրապարակումների` Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տեւել է շուրջ 6 ժամ, չի ավարտվել եւ դեռ պետք է շարունակվի: Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն մինչ այս պահը տարածված լուրը ՀՔԾ-ի կողմից չի հերքվել։

 

 

ԵՐԿՈՒ ԱՆԵԿԴՈՏ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան ilur.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում օրհներգի փոփոխության բանավեճին, հիշեցրել է ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետեւյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի` ասելով.«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»: Տեր-Պետրոսյանը նաեւ ավելացրել է, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրեց նաեւ 1977թ. Սահմանադրության համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ: Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք» հոդվածը: Իսկ ավելի լուրջ, ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջեւ, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը:

 

 

ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է. «Մենք միշտ ասել ենք, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Նախագահությունը կորցնելն, այո, կարող է լինել մեր իշխանությունների վարած սխալի հետեւանք: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»: Նա չի համաձայնել իշխանությունների կողմից հնչող տեսակետին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը այնքան էլ կարեւոր չէ, ավելի կարեւոր է հասկանալ առկա խնդիրները եւ փորձել դրանք լուծել. «Դրանով փորձ է արվում թերագնահատել նախագահությունը կորցնելու հարցը: Փորձ է արվում բովանդակային հարցից շեղել»,- ասել է նա:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: ԱԺ նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձեւավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում: Դեսպանը վստահեցրել է, որ Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ` փաստելով, որ իր երկիրն ամբողջովին աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Պյոտր Լիտվինն իր պատրաստակամությունն է հայտնել միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ խորացման գործում:

 

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը սխալ է համարում տնտեսության մեջ մեկ ճյուղ թիրախավորելն ու զարգացնելը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ճյուղային զարգացման մոտեցումը հատկապես բնորոշ է եղել Սովետական միության տարիներին, որ այդ մոդելն, ի վերջո, չաշխատեց։ «Պետք է զարգացնել ցանկացած ճյուղ, որը կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով։ Չպետք է առանձնացնել գյուղատնտեսություն, շինարարության կամ որեւէ մեկ ճյուղ, քանի որ առաջնայինը ժամանակակից տեխնոլոգիաները, բարձր արդյունավետությունն ու արտադրողականությունն են։ Ճյուղային մոտեցումը, որը կար նախկինում, հատկապես` Սովետական միությունում, այն էր, որ վերցնում էին մի ճյուղ ու զարգացնում, դրանից հետո շարունակում էին այդ ճյուղի զարգացումն ապահովելու համար նաեւ զարգացնել մյուսները»,- ասել է նա։ Միեւնույն ժամանակ Խաչատրյանը պնդել է, որ այսօր ՀՀ-ն չունի հնարավորություն զարկ տալ կոնկրետ ճյուղի, քանի որ ունի ֆինանսական, բնական եւ մարդկային ռեսուրսի խնդիր։ Նա կարեւորեց մարդկային կապիտալի հետ կապված խնդիրների կարգավորումը՝ շեշտելով, որ մարդկային կապիտալը քաղաքական-տնտեսական զարգացման կարեւոր նախադրյալներից է։




Լրահոս