Չնայած հունվարի 14-ին մեկնարկել էր յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, եւ պատգամավորներն ակտիվորեն աշխատում են, սակայն միջազգային խորհրդարանական կազմերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների կազմերն ամբողջովին պատրաստ չեն: Եվ եթե մշտական հանձնաժողովների աշխատանքները հիմնականում սահմանափակվում են հենց երկրի ներսում աշխատանքներով՝ օրենքների նախագծերը քննարկելով, դրանց եզրակացություն տալով, ապա միջազգային պատվիրակությունների դեպքում իսկապես լավ թիմ ունենալ է պետք:
Այժմ, Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն, ձեւավորված են միայն Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթ»-ի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)-ի կազմերը: Առաջինի դեպքում պատվիրակության ղեկավարը Մխիթար Հայրապետյանն է, իսկ ԵԽԽՎ-ինը` Ռուբեն Ռուբինյանը: Ուսումնասիրելով այս երկու հանձնաժողովների կազմերը` պարզ դարձավ, որ հիմնականում ընդգրկված են հենց այնպիսի պատգամավորներ, որոնք մանագիտացված են արտաքին քաղաքականության ոլորտում:
Իհարկե, միջազգային խորհրդարանական կազմակերպություններ կան, որոնք իսկապես շատ կարեւոր ուղղություններ են Հայաստանի համար, եւ նախկինում էլ այն համակարգել են ոլորտի գիտակ համարվող պատգամավորները: Բացի ԵԽԽՎ-ից շատ կարեւոր ուղղություն է համարվել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Ֆրանկաֆոնիայի միջխորհրդարանական վեհաժողովը: Եվ պատահական չէ, որ հատկապես ԱՊՀ պետւթյունների միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը գրեթե մշտապես գլխավորել են ԱԺ նախագահները: Սա Հայաստանի համար ամենակարեւոր ուղղություններից մեկն է հանդիսանում, քանի որ ՀՀ-ն ԱՊՀ անդամ է, միաժամանակ մաս է կազմում ՀԱՊԿ-ի: Այս խորհրդարանում դեռ չի որոշվել՝ ով է ղեկավարելու այն:
Արտաքին քաղաքականության բնագավառում եւ պատվիրակությունների աշխատանքում կան մի քանի որոշիչ հանգամանքներ: Օրինակ` դրանցից մեկը Հայաստանն արտաքին բնագավառում ըստ արժանվույն ներկայացնելն է եւ ամենակարեւորներից մեկը` Ադրբեջանի քարոզչությանը դիմակայելն է: Եվ հետաքրքիր է, որ որքան էլ կան քաղաքական խորհրդարանական կազմակերպություններ, սակայն ադրբեջանական կողմի ագրեսիային պետք է դիմանալ նաեւ տնտեսական բնույթի նիստերի ժամանակ:
Որքան էլ թվում է` տնտեսական ոլորտի միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերն ապաքաղաքական են, այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այս հարթակներն էլ օգտագործել իր քարոզչական նպատակներով: Բավական է հիշել Սեւծովյան տնտեսական համագործակցության 2018թ. նիստում հայկական պատվիրակության անդամների հետ տեղի ունեցածը: Օրինակ` վեհաժողովի աշխատանքներից մեկի ժամանակ, երբ պատվիրակության անդամները մոտ կես ժամ սպասում էին նիստի սկսվելուն, պարզվել էր, որ մյուս պատվիրակությունների ղեկավարները միասին առանձնացել ու ինչ-որ հարցեր են քննարկում, եւ հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանին չէին հրավիրել: Եւ նրանք փորձել են փաստաթուղթ ընդունել, որտեղ ոչ հայանպաստ ձեւակերպումներ են եղել, իսկ Մինասյանն իր ղեկավարած պատվիրակությամբ ի զորու չի եղել դիմագրավելու այդ ամենին: Հայտնի չէ նաեւ, թե ով է նոր խորհրդարանում գլխավորելու Սեւծովյան տնտեսական համագործակցության պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության պարագայում եւս ադրբեջանական լոբինգին դիմագրավելու անհրաժեշտության պակաս չի եղել: Հարցը հաճախ հասել է նրան, որ հայկական պատվիրակությունների անդամների խոսափողներն են անգամ անջատել: Եվ հենց նմանատիպ միջադեպերը կրկնվելու պարագայում պետք է դրանցից պատվով դուրս գալ:
Մինչ այդ նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միջազգային պատվիրակությունների հիմնական կազմերը պատրաստ են, սակայն դեռեւս այն չի հրապարակայնացվում, քանի որ փոփոխությունները չեն բացառվում:
Եվ հետաքրքիր է նաեւ, թե ինչպես կանցկացվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: Նախկինում կային հանձնաժողովներ, որոնց անդամներից շատերն օրերով չէին մասնակցում նիստերին կամ այնպիսի անձինք էին, որոնք միայն կոճակ սեղմելու համար էին գալիս խորհրդարան: Եթե միջազգային ասպարեզում կարեւորություն են տալիս ԵԽԽՎ հայկական պատվիրակության աշխատանքին, ապա մշտական հանձնաժողովների պարագայում էլ մշտապես նախագծերի առյուծի բաժինը հասել է պետաիրավական հարցերի հանձնաժողովին, մյուսները եղել են ավելի պասիվ կարգավիճակում: Հետաքրքիր է՝ այս անգամ պատգամավորներն ինչպիսի պահվածք կցուցաբերեն:
Հ. Գ. Հավելենք, որ երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի արդյունքներով որոշում է կայացվել, եւ կազմվել են մի քանի վեհաժողովներում ՀՀ պատվիրակության կազմերը։ Եվ չնայած դրանք կազմված են, սակայն ԱԺ պաշտոնական կայքում դեռեւս չեն տեղադրվել։ Խորհրդի նիստում հաստատվել է նաեւ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույցը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԻՍՏԸ՝ ԱՅՍՕՐ
Այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Ավանդական հինգշաբթի օրերի փոխարեն այս անգամ կառավարության նիստն անցկացվում է չորեքշաբթի։ Մենք տեղեկացանք, որ այն այսօր անցկացնելու որոշումը կապված է կառավարության ծրագրի ներկայացման հետ։ Այն կներկայացվի կառավարությանը, որից հետո կուղարկվի Ազգային ժողով եւ կհրապարակվի։ Արդեն մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակությունը, որի օրակարգում մնացել էր մեկ հարց՝ հենց կառավարության ծրագրի ներկայացումը։ Նշենք, որ ՀՀ սահմանադրության 151 հոդվածի համաձայն` կառավարությունն իր ծրագիրը պետք է ԱԺ ներկայացնի կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվել է հունվարի 18-ին, երբ նշանակվել են նախարարները, արդեն վաղը կլրանա սահմանադրությամբ նախատեսված ժամկետը:
ԹԱՆԿԱՑՈՒՄ
Հայաստանում գնաճը շարունակվում է: Ըստ Վիճակագրական կոմիտեի` սպառողական շուկայում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.7 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորված է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.2 տոկոս գնաճով: Պաշտոնապես կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.7 տոկոսի թանկացում: Միայն ձուն նշված ժամանակահատվածում թանկացել է 3.1 տոկոսով: Բացի այս, վարսավիրանոցների եւ անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, մարդատար տրանսպորտային ծառայություններինը` 0.2 տոկոսով, իսկ հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը` 2.2 տոկոսով:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ՞
Դեռեւս անցած տարի հրապարակել էինք, որ որոշ դատավորներ մտադիր են համակարգից դուրս գալու դիմումներ ներկայացնել: Խոսքը աղմկահարույց գործեր քննած դատավորներից ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի մասին է, որոնք, ըստ լուրերի, դատական համակարգից ազատման մասին դիմումներ են ցանկացել գրել: Նրանցից Մխիթար Պապոյանը հայտնել էր, որ նման մտադրություն ունի, բայց որոշումը վերջնական չէ: Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մխիթար Պապոյանից տեղեկանալ, թե, ի վերջո, ինչ որոշում կայացրեց ինքը: Նա էլ հայտնեց, որ չի շտապում լքել համակարգը, քանի որ լուրեր են պտտվում, թե դատավորների աշխատավարձը բարձրանալու է, նրանց սոցիալական վիճակը ավելի կբարելավվի, ուստի նա չի շտապում ազատման դիմում գրել եւ դուրս գալ համակարգից:
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾՎԻ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Ըստ հիմնավորման՝ 2 երկրների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Կատարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) բացել ՀՀ դեսպանություն՝ նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները։ Կատարական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ի կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով եւ Երեւանում բացել Կատարի Պետության դեսպանություն: Կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար), երեք տարի տեւողությամբ ՀՀ դեսպանության համար տարածք, դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին եւ լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին: Դեսպան Չեպլակը խոսել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարեւորության մասին եւ վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված Լեհաստան այցելելու հրավերը: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։
ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են օրերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, ընդունված հիմնական որոշումների, Արցախի հիմնախնդրի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հարցերին։