ՄԻ ՔԻՉ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանը:

-Պարո՛ն Տէր-Աբրահամյան, Ադրբեջանում Արցախյան հարցի շուրջ ձեւավորված օրակարգը մեծապես ընկալելի է ժողովրդի կողմից, ժողովուրդն այդ հարցը կարծես իր ինքնության մասն է դարձրել: Այս առումով Հայաստանը տարիներ շարունակ դիվանագիտական խորհրդավորություն է պահպանել, որն հասարակության մեջ առաջացրել է կասկածներ ու բարդույթներ: Փաշինյանի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ օրակարգում Ղարաբաղյան հարցի հետ կապված հստակ հայեցակարգ կա: Որքանո՞վ է այն ընկալելի:
-Դուք մասամբ ճիշտ եք ասում՝ ինքնության մաս, բայց ոչ թե ժողովուրդն է դարձրել, այլ դա պետական քարոզչությունն է այդպես ներկայացնում: Վստահ եմ` եթե մենք հասարակության ներսից դիտեինք իրավիճակը, այնտեղ էլ անորոշությունը շատ կլինի: Այդ անորոշությունը այդքան մեզանից չի գալիս, նկատի ունեմ՝ Հայստանից եւ Ադրբեջանից, այլ բանակցությունների դիվանագիտական ֆորմատից: Որոշ չափով հասկանալի է, բայց որոշ չափով այդ ոչ թափանցիկությունը չափից ավելին է, մանավանդ երբ խոսում ենք ժողովրդավարության մասին: Ինչ վերաբերում է Հայաստանին, Նիկոլ Փաշինյանը նախ մի քանի խոստում է տվել կարգավորման շուրջ: Ինքը ասում է, որ երբ պահը հասունանա, եւ լինի այնպիսի լուծում, որը ինքը համարի քննարկելի, դա կներկայացնի հանրությանը: Տվյալ դեպքում ես կարծում եմ՝ մենք ֆորմալ կարիք դեռեւս չունենք չվստահելու: Երկրորդը` ես չեմ կարծում` մեր հասարակությունը ներսից ձեւավորված լուրջ պահանջարկ ունի այդ թեմայի շուրջ: Այդ դրսից բերած ձեւակերպումները արհեստական են եւ նորմալ չեն բացատրվում, եւ կոնֆլիկտի կարգավորման այդ փիլիսոփայությունը ոչ արդյունավետ հիմքերի վրա է դրված: Եթե Նիկոլն ասում է՝ որակապես տարբերվելու է նախորդներից, կարծում եմ՝ այստեղ մի քիչ հռետորական չափազանցություն կա, որովհետեւ, ի վերջո, այդ բանակցությունների ֆորմատը նախ` ինքը չի որոշում. գրված ֆորմատ է, բոլորն էլ նույն փիլիսոփայության մեջ առաջարկված պլաններ են քննարկում: Հանրային քննարկումները այդ թեմայով մեզ մոտ շատ կաղապարված ու ցածր մակարդակի վրա են. ամեն ինչ վերածվում է հող զիջել-չզիջելու հարցին:Բարդ չէ այդ կարգավորման պլանները քննարկվեին: Օրինակ` խաղաղապահ զորքերի խնդիրը. ընդհանրապես, կարո՞ղ են ավելի լավ անվտանգության երաշխիք լինել, քան, ասենք, մեր հայկական բանակը, կամ եթե խաղաղապահ զորքը կոնկրետ ռուսական է, արդյոք մենք չե՞նք ունեցել այդպիսի իրավիճակ. մինչեւ 88 թիվը այդպես էր, կամ, ընդհանրապես, արդյոք խաղաղության հնարավո՞ր է հասնել ուղղակի թուղթ ստորագրելով: Սա իշխանությունը չի կարող անել, որովհետեւ ֆորմատներով սահմանափակված է, փորձագետները սա պետք է քննարկեն:
-Եթե ոչ «տարածքներ խաղաղության կամ կարգավիճակի դիմաց», ապա ի՞նչ…. Հնարավո՞ր է՝ մեզ համար շահեկան լուծումը հենց ստատուս քվոյի պահպանումը լինի. գուցե «տարածքներ կարգավիճակի դիմաց» թեզը մի այլ ծուղակ դառնա՝ հաշվի առնելով, ասենք, թյուրքական աշխարհի հավակնություններն ու Ադրբեջանի «ռազմական դիվանագիտությունը»:
-Այնպես չէ, որ մենք նստած կարող ենք ընտրել. բազմաթիվ աշխարհաքաղաքական շահեր կան այստեղ, ու այդ բախման արդյունքում նաեւ չի լուծվել խնդիրը: Մենք պետք է քննարկենք ոչ թե այն հարցը, թե թղթի վրա աբստրակտ գծված որ տարբերակն է մեզ ձեռնտու, այլ նախ եւ առաջ` մենք ռեալիստական տարբերակ ունե՞նք արդյոք այս պահին տեւական եւ կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի հետ, կամ գուցե չունենք այդպիսի տարբերակ ընդհանրապես, որովհետեւ մեր ընտրությունը չէ արդեն. սա իրավիճակ է, որի հետ մենք պիտի հաշվի նստենք:
-Փաշինյանը նշեց, որ Արցախի ժողովրդի անունից ինքը չի բանակցելու, Ալիեւի հետ հանդիպումներն էլ անվանեց «ոչ պաշտոնական շփումներ»: Մյուս կողմից, սակայն, շատ վճռորոշ հայտարարեց, որ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը չի կարող քննարկվել՝ խոսելով, փաստորեն, Արցախի ժողովրդի անունից: Հայտարարությունների այս հակասականությունից ի՞նչ հետեւություն կարելի է անել:
-Այդ ֆորմալ հակասությունները այդքան կարեւոր չեն, ավելի կարեւոր է պրոցեսի բովանդակությունը: Արցախի բանակցություններին ներգրավել-չներգրավելու հարցը Ռոբերտ Քոչարյանից սկսեց: Իրականում Ղարաբաղի մասնակցությունը այն ժամանակ բանակցային սեղանին շատ կարեւոր ձեռքբերում էր, բայց դա հենց անպես չէր տրվել մեզ, այլ հենց ռազմական գործողությունների արդյունքում: Միջազգային հանրության, մեծ տերությունների համար նույնպես ահավոր անհարմար էր, որովհետեւ կար երկու հայկական կողմ, եւ դիվանագիտական խաղի համար լավ պայմաններ էին: Երբ Քոչարյանի օրոք դա հանեցին, դա, գուցե մի քիչ պրիմիտիվ ձեւակերպեմ, բայց դա մեծ տերությունների խաբեությունն էր: Հիմա բոլոր այս հարցերը, որ Նիկոլենք փորձում են շրջանառության մեջ դնել, դրական եմ գնահատում, բայց, ցավոք սրտի, չեմ կարծում, որ ռեալիստական է, որովհետեւ նման նպատակների ուղղակի խոսքերով չես կարող հասնել: Ինչ վերաբերում է Ալիեւ-Փաշինյան ոչ պաշտոնական հանդիպումներին, դա, կարծում եմ, կազմակերպված պրոցես է մեծ տերությունների կողմից: Ենթադրում եմ, որ հաշվարկը այնպիսին է, որ իշխանությունը Հայաստանում անփորձ է, կամ, ասենք, ժողովրդական ալիքի վրա է եկել, կարելի է արագորեն ներգրավել այդ պրոցեսի մեջ, բերել ինչ-որ հանգուցալուծման: Այս առումով Նիկոլի այս վերջին հայտարարությունը`«տարածքներ խաղաղության դիմաց» թեզը չի քննարկվելու, ընկալում եմ որպես պատասխան այդ դիքորոշմանը, որ եթե սա ժողովրդավարություն վայելող իշխանություն է, դա չի նշանակում, որ ժողովրդի վստահությունը մենք պետք է շռայլենք ձեր օրակարգի վրա:
-Փաշինյանի հայտարարությունները, որ ՀՀ-ն բանակցային պրոցեսին չի մասնակցելու, կոնկրետ ռազմավարության մասին են հուշում: Արցախի մասնակցությունը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Կարծում եմ՝ հայտարարությունները` Ղարաբաղը ներգրավելու մասին, կարելի է դիտել որպես դիվանագիտական խաղ: Դիվանագիտական խաղում կարող ես հռչակել այդպիսի նպատակներ, որոնք դու գիտես, որ հասանելի չեն քեզ: Նորմալ բանակցային պրոցես է: Բառացի ընդունել միջազգային ֆորմատի բանակցություններից դուրս գալը նշանակում է ասել՝ մենք ընդունում ենք պատերազմի տարբերակը: Հայտարարել ու անել դա, չեմ կարծում, ռեալիստական է: «Խաղաղություն հողերի դիմաց» ֆորմուլան աբսուրդ ֆորմուլա է, հնարավոր տարբերակ չէ:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Նոյեմբերյանի բնակիչ, 1962 թվականին ծնված Սանասար Սարուխանյանը 2018 թվականի հունիսի 8-ին իր «ԳԱԶ 5204 մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում վարելիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոններին հակասող գործողություններ: Նա մեքենան վարել է հարբածության վիճակում, դեպի բնակավայրի կենտրոն երթեւեկելիս, ձեռքի կրակայրիչն ավտոմեքենայի խցիկի հատակին ընկնելուց հետո այն վերցնելիս իր ուշադրությունը շեղել է երթեւեկության ուղղությունից, իրականացրել է ձախակողմյան երթեւեկություն, ցուցաբերել է անզգուշություն ու վրաերթի ենթարկել ձախ եզրով հանդիպակաց մոտեցող, Բերդավանի բնակիչներ Սուսաննա Ասլիկյանին եւ նրա անչափահաս, 2009 թվականին ծնված տղային: Երեխան ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, Ս. Ասլիկյանը ստացել է առողջության միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Ս. Սարուխանյանը 2018 թվականի հունիսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 19-ը գտնվել է արգելանքի տակ, հետո գրավով ազատ է արձակվել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նա միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, այդ միջնորդությունը բավարարվել է: 2018 թվականի նոյեմբերի 5-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ս. Սարուխանյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածով եւ դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով զրկելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Միաժամանակ, քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ դատարանը որոշել է ազատազրկման պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել 3 տարի ժամկետով փորձաշրջան, Ս. Սարուխանյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 1 միլիոն դրամ: Դեկտեմբերի 1-ին Ռ. Մելքոնյանը վճռել է Ս. Սարուխանյանին համաներումով ազատել իր վճռով նշանակված պատիժ ազատազրկումից:
Դատախազ Ներսես Չիլինգարյանը Վճռաբեկ բողոքով խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2018 թվականի նոյեմբերի 5-ի վճիռը եւ Ս. Սարուխանյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձեւով համաչափ պատիժ: Այդ գործն այժմ քննվում է քրեական գործերով վերաքննիչ դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

36 ՄԼՆ ԴՐԱՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունը Արդարադատության նախարարությանը կհատկացնի 36 մլն դրամ գումար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարը կծախսվի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում անցած տարվա օգոստոսի 3-ին մուտքագրված արբիտրաժային գործով իրականացված նախնական խորհրդատվության համար: Այսինքն` այդ գումարը նախատեսված է անցած տարվա օգոստոսի 3-ից մինչեւ հոկտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների գնման համար:
Տեղեկացնենք, որ Դուբայում հիմնված Rasia FZE ներդրումային ընկերությունը եւ նրա ամերիկացի գլխավոր տնօրեն Ժոզեֆ Բորկովսկին 150 մլն դոլար գումարի չափով պահանջ են ներկայացրել Հայաստանի դեմ` Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Գործը վարույթ է ընդունվել անցած տարվա օգոստոսի 3-ին: Պահանջը վերաբերում է տնտեսական եւ քաղաքական նշանակության ճանապարհային եւ երկաթուղային գծեր կառուցելուն եւ այդ հարցի շուրջ զիջումներին, որոնք, ի թիվս այլ բեռնափոխադրումների, Իրանից նավթ կփոխադրեին եւ կապահովեին կարեւոր հանքային պաշարների հասանելիությունը:




Լրահոս