ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հավաստիացնում է`քննվող մի քանի աղմկահարույց գործերի շրջանակում մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե արդյոք կանխատեսումներ կան տարվա կտրվածքով բյուջե վերադարձվելիք գումարների հետ կապված:
«Այդ համատեքստում տարվա կտրվածքով կանխատեսումներն անշնորհակալ գործ են, սակայն ես հավաստիացնում եմ, որ բավական մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բյուջե: Ինչպես մշտապես նշվում է ՀՀ վարչապետի ելույթներում, պետությունից գողացվածը վերադարձվելու է: Մենք այդ ուղղությամբ կատարում ենք մեր աշխատանքը և տարվա ընթացքում կտեսնեք այդ արդյունքները»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
ԱԱԾ-ն քննում է նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից խոշոր յուրացումների մի քանի աղմկահարույց գործեր: