Կառարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրավատների ու արժույթի փոխանակման կետերի համար 60 անգամ ավելացնել պետտուրքերը։
Նախագծով առաջարկվում է վարկային կազմակերպությունների համար գործող 500 հազար դրամի փոխարեն սահմանել տարեկան 1 միլիոն դրամ տուրք, վճարահաշվարկային համակարգերի համար` 250 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, վարկային բյուրոների համար` 500 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, բանկերի համար` 3 միլիոնի փոխարեն 7 մլն դրամ, գրավատների համար` 100 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, արժույթի փոխանակման կետերի համար` 50 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ, արժույթային դիլերների համար` 100 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ։
Սա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հատկապես գրավատների, փոխանակման կետերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում: Նրանք երեկ էլ կառավարության շենքի մոտ շարունակեցին բողոքի ակցիաները:
«Արժութային դիլերների միության նախագահ» Արամայիս Խաչատրյանի խոսքով` Հայաստանում գործում են փոխանակման 231 կետ (մոտ 80 մարզերում), եւ եթե տուրքն ավելանա 60 անգամ, ապա դրանց մոտ 80 տոկոսը, ամենայն հավանականությամբ, կփակվեն։
Հետաքրքիրն այն է, որ օրենքի փոփոխությունները պատրաստվել են առանց փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ քննարկման։ Ըստ էության, բարձրացրած դժգոհությունն էր պատճառը, որ կառավարությունում հանձնարարվեց եւս մեկ անգամ քննարկել այս նախագիծը: Սակայն նշենք, որ այս հարցի հետ կապված ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կարծես թե, վճռական է տրամադրված: Վերջինս նշել է, որ բողոքները նորմալ են, քանի որ նախագիծն առնչվում է բազմաթիվ մարդկանց:
Նա նշեց, որ խնդիրն այն է, որ կառավարությունը տնտեսության աճի բանալին տեսնում է ուղղակի հարկերի բեռը նվազեցնելու մեջ, իսկ դա կարճաժամկետ հատվածում ռիսկ է պարունակում, որ պակաս եկամուտներ կհավաքագրվեն, բայց դրա պատճառով ծախսերը նվազեցնել հնարավոր չէ: Ի վերջո, ըստ նախարարի, հնարավոր չէ ունենալ կարգավորում, որ կբավարարի բոլորին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ֆինանսական ծառայություններ մատուցողներն իրավունք չունեն լինել մանր ու միջին բիզնեսի շրջանակում: Մենք ունենք 129 գրավատուն, որոնք նախորդ տարի վճարել են ընդամենը 148 մլն հարկ, եւ ունենք 17 բանկ, որոնք վճարել են 49 մլրդ հարկ, ապա պետք է տեսնենք, որ ֆինանսական ծառայություններ մատուցողների շղթայի մեջ գրավատների լինելիությունը դեռեւս պետք է տնտեսագիտական առումով հիմնավորվի: Արդյոք գրավատների գործունեությունը տնտեսությունը զարգացնելու միտում ունի՞: Ասենք թե տուրքը 100 հազարից դառնում է 6 մլն, բայց հաշվում են, որ վերջին քսան տարում պետտուրքը չի բարձրացել»:
Մինչ այդ, նկատենք, սա հավանաբար կառավարության պատկերացրած տնտեսական հեղափոխության սկիզբն է, բայց եթե թավշյա հեղափոխության ժամանակ փակած ճանապարհները գոհացնում էին հասարակության գրեթե բոլոր շերտերին, ապա փոխանակման կետերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ինչ-որ առումով փակած ճանապարհը երեւի թե չներվի իշխանությանը:
Լուսինե Մինասյան