ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30–ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող թորակսաբդոմինալ վնասվածքներ, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, փայծաղի վնասումով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, հեմոպերիտոնեում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1972թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող խանութի դիմաց մի խումբ անձանց կողմից կատարվել է խուլիգանություն, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, ինչպես նաև գործադրվել են կտրող-ծակող գործիքներ, որի ընթացքում էլ Գյումրի քաղաքի՝ 47-ամյա բնակիչն ստացել է նշված մարմնական վնասվածքները, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ, ով անչափահաս է՝ ծնված 2002թ., ստացել է թեթև մարմնական վնասվածք:
Խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Որոշում է կայացվել նշված գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում իրականացնելու մասին:
Կատարվել են զննություններ, առգրավումներ, խուզարկություններ, նշանակվել են փորձաքննություններ, ստացվել նմուշներ: Գյումրի քաղաքի 47-ամյա և 17-ամյա բնակիչները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:
Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող խանութի աշխատակիցը հայհոյանքներ հնչեցնելու համար դիտողություն է արել Գյումրի քաղաքի բնակիչներին՝ ծնված 1998 և 1994թթ., և նրանց ընկերներին, որի պատճառով վերջիններս վիճաբանության մեջ են մտել խանութի աշխատակիցների հետ:
Վիճաբանության ընթացքում Գյումրի քաղաքի 21 և 25-ամյա բնակիչները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն գործադրելով՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել խանութի աշխատակիցներին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Գյումրի քաղաքի 21 և 25-ամյա բնակիչներին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քաղաքի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1997թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նշված 3 երիտասարդների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Գյումրի քաղաքի՝ 1998թ ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: