Մարտի 20-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ ավարտվել է Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ գործը` մեղադրական եզրակցությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս գործով մաս է անջատել եւ առանձին քննություն է իրականացնում։ Իսկ ի՞նչ է քննում այս գործով ՀՔԾ-ն։
Ըստ նախաքննական մարմնի` 2018 թվականի ապրիլի 16-ին եւ 22-ին՝ Երեւան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրվել են ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության վնաս:
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով: Նկատենք, որ նախաքննական մարմինը այս քրեական գործով մաս է անջատել եւ քննություն է իրականացնում: Քննությունը մասնավորապես վերաբերում է այն հանգամանքին, որ նախաքննական մարմինը պարզել է` բացի Լեւոն Երանոսյանից, այդ օրերին ոստիկանության այլ աշխատակիցներ եւս հատուկ միջոցներ են կիրառել։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ՀՔԾ քննիչը Լեւոն Երանոսյանին հարցաքննության ժամանակ հարց է ուղղել, որ նա արդյոք իրավունք ուներ հատուկ միջոցներ կիրառելու, սակայն Երանոսյանը պատասխանել է, որ իր գործողությունները եղել են իրավաչափ։
Ինչեւէ, մեզ այս գործով այլ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն եւ միջնորդության մեջ հետաքրքրվել է, թե ինչու քրեական գործով հարցաքննության չեն հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ուստի միջնորդել են նրանց եւս հարցաքննության հրավիրել, սակայն մեզ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն մերժել է։
Ի՞նչ հիմնավորմամբ է ՀՔԾ մերժել. այս եւ այլ հարցերի պատասխանը փորձեցինք պարզել Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանից. «Այո, հաստատում եմ Ձեր տեղեկութունները. Լեւոն Երանոսյանի գործով մաս կա անջատված, եւ տարվում է քննություն։ Այո, միջնորդություն եմ ներկայացրել ՀՔԾ, թե ինչու այս գործով չեն հարցաքննվել ՀՀ վարչապետն ու ՀՀ ոստիկանապետը, սակայն իմ միջնորդությունը մերժվեց, եւ մերժման մեջ նախաքննական մարմինը նշել էր, թե ինչու ես չեմ պատճառաբանել` ինչի համար պետք է ՀՀ ոստիկանապետն ու ՀՀ վարչապետը հարցաքննվեին։
Բայց ակնհայտ է, որ նախաքննական մարմնի առաջին գործողություններից մեկը դա պետք է լիներ»։
Ինչեւէ, Տիգրան Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մերժման դեմ իրենք բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ սպասում են դատախազության պատասխանին։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե նա, լինելով այդ օրերի իրադարձություների կիզակետում, ինչ է կարծում, արդյոք Լեւոն Երանոսյանի գործողությունները եղել են ոչ իրավաչափ, եւ նա իրավունք չուներ հատուկ միջոցներ կիրառելու։
-Պարո՛ն Օսիպյան, Դուք ապրիլյան իրադարձություների ընթացքում միշտ եղել եք իրադարձությունների կիզակետում։
Ապրիլի 16-ին եւ 22-ին՝ Երեւան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրվել են ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության վնաս:
Հիմա ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իրավունք չուներ հատուկ միջոցներ կիրառել։ Արդյոք Լեւոն Երանոսյանի գործողությունները եղե՞լ են ոչ իրավաչափ, նա իրավունք չունե՞ր հատուկ միջոցներ կիրառել։
-Անկեղծ ասած` որտեղ ես եմ եղել, ինքը իմ տեսադաշտում է եղել, այլ բան չեմ նկատել, հիմա չեմ կարող հիշել։
-Հաշվի առնելով հենց այդ օրվա իրավիճակը` ըստ Ձեզ` ինքը իրավաչափ չի՞ գործել։
-Ես իմ մասով եմ ասում. որտեղ ես եմ եղել, այլ բան չեմ նկատել, թե այլ ինչեր է տեղի ունեցել, չեմ կարող հիշել։
-Ապրիլի 16-ին ոստիկանության զերքերը եկել են Ձեզ օգնության, քանի որ Բաղրամյան փողոցոմ իրավիճակը թեժ էր, եւ միայն ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը չէր կարող իրավիճակը կարգավորել։ Ոստիկանության զորքերը եկան եւ հատուկ միջոցներ կիրառեցին. ըստ Ձեզ` Լեւոն Երանոսյանը իրավունք ունե՞ր դա անելու, թե՞ ոչ, իրավաչա՞փ են եղել իր գործողությունները, թե՞ ոչ։
-Իրավաչափ է, որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…
-Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նախաքնական մարմնի, որ Դուք եւ ՀՀ վարչապետը հարցաքննվեք, բայց ՀՔԾ մերժել է: Եթե չմերժեր, պատրա՞ստ էիք գնալ եւ ներկայացնել իրականությունը։
-Նախաքննության մարմինը ինչպես կորոշի։
Քնար Մանուկյան