Էներգետիկայի փոխնախարարի հետաքրքիր անցյալի հետքերով․ մաս 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գարեգին Բաղրամյանը, որ նոր կառավարության կազմավորումից հետո նշանակվեց առաջին փոխնախարար, հետաքրքիր անցյալ ունի:

Օձի տարում ծնված, հորոսկոպով` խեցգետին 41-ամյա Բաղրամյանը երեւանցի է, ավարտել է անգլիական թեքումով Երեւանի թիվ 114 դպրոցը, հետո ուսանել ՀՊՃՀ-ի «Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա եւ կառավարում» ֆակուլտետում, ապա նույն բուհի մագիստրատուրայում, հետո էլ՝ ասպիրանտուրայում, 2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է: Բնավորությամբ, ըստ նրան ճանաչողների, հանդարտ, հավասարակշռված, փոքր-ինչ դանդաղկոտ, «ոչ էներգիչնի», սառը մարդ է:

«Նրա պորֆեսիոնալ որակները անվիճարկելի են, սակայն կառավարչական հմտություններն ու խարիզման «չեն հերիքում» նախարարություն ղեկավարելու, արտերկրյա պոտենցիալ ներդրողների հետ բանակցել-համոզելու համար»,- իր սուբյեկտիվ տպավորությամբ կիսվեց ոլորտի ներկայացուցիչներից մեկը:

Էներգետիկայի բնագավառ Բաղրամյանի աշխատանքային մուտքը, դատելով կենսագրականից, տեղի է ունեցել 1999թ.-ին. աշխատել է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի տեխնիկական փորձաքննության, սակագնային քաղաքականության վարչություններում` հասնելով առաջին կարգի, ապա նաեւ առաջատար մասնագետի կարգավիճակի: Այնուհետեւ աշխատանքի է անցել ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովում եւ սակագնային քաղաքականության գծով տարբեր պաշտոններ զբաղեցրել՝ բաժնի պետից մինչեւ վարչության պետ:

Հեղափոխական կառավարության թիվ մեկ էներգետիկի մասնագիտական վաստակը գնահատվել է երկրի ղեկավարության կողմից: Նա Սերժ Սարգսյանի կողմից 2015թ. պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով, 2017-ին էլ՝ ԼՂՀ վարչապետի կողմից վարչապետի հուշամեդալով: Մեկ որդի ունի, հեղինակ է 9 գիտական հոդվածների եւ ուսումնամեթոդական ձեռնարկի, հաշվառված է պահեստազորում:

Բաղրամյանը նաեւ դասախոս է եւ 2016թ.-ից դասախոսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Նշենք, որ 2013թ.-ին, երբ ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը աշխատանքից ազատել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մոտ երեք տասնյակ աշխատակիցների, Բաղրամյանի անունը նույնպես առկա էր ազատվածների ցուցակում՝ որպես «Ճյուղային տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնի ասիստենտ: Դասախոսները բողոքում էին ռեկտորի վարած քաղաքականության եւ ցածր աշխատավարձերի դեմ: Ռեկտորն էլ ազատումը բացատրել էր այսպես. չկա ուսանող, նշանակում է` չկա ֆակուլտետ, հետեւաբար չկա եւ դասախոս:

Ի՞նչ է արել անցած 5 ամսում

Նախարարի պաշտոնակատարը աշխատանքի բերումով ակտիվ շփում-հանդիպումների մեջ է տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկումների օրակարգում էներգետիկայի բնագավառում ներդրումային ընթացիկ կամ հնարավոր ծրագրերն են: Սակայն առայժմ միս ու արյուն է ստանում դրանցից հատկապես մեկը. խոսքը Երեւանի տարածքում նոր՝ 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մասին է, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերին: 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական Ռենկո, իտալական պետական Սիմեստ ու գերմանական Սիմենս ընկերությունները։ Մարտի 4-ին էլ ստորագրվել է նախագծի ֆինանսավորման շուրջ ուղղակի համաձայնագիր, որը կանխորոշել է ֆինանսավորման աղբյուրները:

Ընթացիկ ամսում կսկսվեն կառուցման աշխատանքները, որոնք հնարավոր կլինի ավարտել 26 ամսվա ընթացքում: Այս ՋԷԿ-ի էներգիայի արժեքը, այլ ՋԷԿ-երի համեմատ, կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կվտժ-ի համար: Նշենք, որ Բաղրամյանի կառավարման շրջանում արձանագրվեց Հայաստան մատակարարվող գազի թանկացում, չնայած ՀՀ կառավարությունը բանակցում էր ՌԴ Էներգետիկայի նախարարության եւ «Գազպրոմի» հետ՝ Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնելու ուղղությամբ։ Իհարկե, սա մեծապես քաղաքական որոշում էր, սակայն չէ՞ որ բանակցող կողմ էր նաեւ նախարարը, որը սկզբում հայտարարեց, թե կարծում է, որ գազը Հայաստանի համար չի թանկանա, այնուհետեւ ստիպված էր ընդունել, որ իր հաշվարկներում փոքր-ինչ սխալվել է:

Իսկ վերջերս վարչապետի՝ ԻԻՀ կատարած այցի ժամանակ քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական գազի ծավալների ավելացման շուրջ: Ըստ նախարարի պաշտոնակատարի. «Կարող է լինել գազի ծավալների ավելացում Վրաստան տարանցման նպատակով. եթե կլինի փոխշահավետ գնային առաջարկ, կլինի գազի ծավալի ավելացում՝ ուղղակի վաճառքի տեսքով»: Այժմ էլ պատրաստվում է «գազ էլեկտրաէներգիայի» դիմաց պայմանագրի՝ մինչեւ 2040 թ. երկարաձգման նախագիծը: Պայմանագիրն ավարտվում է 2026թ.-ին:

Հեղինե Մանուկյան




Լրահոս