Թուրքիայից Հայաստան թմրանյութ բերած էջմիածնեցին համաներումով ազատել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. դեկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ Կարեն Կիրակոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում, 2018թ. սեպտեմբերի 30-ին Ստամբուլ քաղաքի սրճարաններից մեկում ազգությամբ թուրք մի քաղաքացուց ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխել է, իսկ մնացած մասը` 3.945 գրամը, փաթեթավորել է պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ թաքցրել իր կողմից վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոբուսի բեռնախցիկում գտնվող արկղիկի մեջ եւ ուղեւորվել Հայաստան:

2018թ. հոկտեմբերի 4-ին նա հասել է ՀՀ պետական սահման, Վրաստանից Բագրատաշենի մաքսակետով թմրամիջոցը տեղափոխել է Հայաստան, որը նույն օրը մաքսային զննմամբ հայտնաբերվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Նախկինում չդատված Կ. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեսկուրանտների մաքսանենգությունը, որը կատարվել է չգալի չափերով») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, փոխադրելը կամ առաքելը»):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2019թ. փետրվարի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Կարեն Կիրակոսյանին դատապարտել 3 տարի, 2 ամիս, 27 օր ժամկետով ազատարզրկման՝ գույքի բռնագրավմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանը միաժամանակ կիրառել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի, Հայսատանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը եւ Կարեն Կիրակոսյանին ազատել նշանակված ազատազրկման ձեւով պատժից:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս