ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստանդարտները թավշյա հեղափոխության օրոք չեն սահմանվել. Սուրեն Պապիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նշենք, որ Գյումրու փողոցների բարեկարգման եւ բազալտե եզրաքարերի շարման գործընթացը ավելի քան 6 ամիս է` կասեցված է: Իսկ այն ընկերությունները, որոնք իրականացրել են այս շինաշխատանքները, դեռ չեն վարձատրվել: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

-Պարո՛ն Պապիկյան, Գյումրու փողոցների բարեկարգման եւ բազալտե եզրաքարերի շարման գործընթացը վեց ամսից ավելի է, ինչ կասեցված է: Տեղական իշխանությունները պնդում են, որ դրանք չեն համապատասխանում ԳՕՍՏ ստանդարտներին, բայց ավելի քան վեց ամիս է` կառավարությունը չի կողմնորոշվում` ԳՕՍՏ ստանդարտները փոխի, թե ոչ, ընկերություններն էլ տուժում են:

-Կառավարության կողմնորոշվելու խնդիր չկա այստեղ, մի բան հստակ է. մեր շինարարական ընկերությունները եւ, ընդհանրապես, Հայաստանում շինարարությունը պետք է նոր մոտեցում ունենան: Այսինքն` շինարարական ընկերությունը պետք է գործի, ուժեղանա, տնտեսապես կայունանա մի պարագայում, եթե եղած ստանդարտներին համապատասխան է գործում: Մենք ունենք բազմաթիվ փաստեր, երբ շինարարական ընկերությունը աշխատանքը չի անում համապատասխան:

Այսինքն` եթե համայնքապետարանը չի ստորագրում, վերջնական ակտը չի ընդունում աշխատանքը, չեն կարող նրանք ակնկալել դրա դիմաց վարձատրություն: Մենք այստեղ խոսում ենք պատասխանատվության մասին: Մենք գումարը ունենք, աշխատանքը պատվիրված է, աշխատանքի համար ընկերությունը շահել է, բայց պարտավոր է գործել ըստ համապատասխան ստանդարտների: Դա փաստ է, ու պետք է լինի բոլորի համար:

– Բայց այստեղ խնդիրը ընկերությունների հետ կապված չէ, այլ ԳՕՍՏ ստանդարտների, որոնք խորհրդային տարիներից են եկել, ու կառավարությունը որոշել է փոխել դրանք: Ընկերությունները, սակայն, որոնք կատարել են շինաշխատանք, չեն վարձատրվել:

-Կառավարությունը դա որոշել է նախկինում, մեր իշխանության օրոք չի եղել, երբ համապատասխան հայտ կլինի, որ դրա փոփոխության կարիք կա: Հիմնավորված կլինի, թե ինչու է այդ կարիքը ու, ըստ դրա, կկողմնորոշվենք:

-Պարո՛ն Պապիկյան, այս խնդիրը ծագել է թավշյա հեղափոխությունից հետո:

-Ստանդարտները թավշյա հեղափոխության օրոք չեն սահմանվել: Գուցե աշխատանքները կատարվել են թավշյա հեղափոխությունից հետո, բայց մեր իշխանության օրոք որեւէ ստանդարտ չի փոխվել: Հիմա մենք նաեւ խոսում ենք մի իրավասության մասին, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տիրույթում չէ: Ես պատասխանում եմ հարցի, որի պատասխանը այլ գերատեսչությունում պետք է փնտրել:

-Ամեն դեպքում, ընկերությունները այժմ դժվարին վիճակում են ու չեն վարձատրվել:

-Ես խորհուրդ եմ տալիս ընկերություններին պատշաճ կատարել իրենց աշխատանքը, ինչի համար մենք շնորհակալություն կհայտնենք: Բայց նաեւ հայտնում եմ, որ որեւէ շինարարական աշխատանք չի կարող ունենալ համապատասխան ընդունման ակտ, եթե դա չի կատարվել ըստ արժանվույն:

-Բայց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պատճառը ընկերությունները չեն, այլ ԳՕՍՏ ստանդարտները, որոնք կառավարությունը մտադիր է փոխել:

-Այդ դեպքում դիմե՛ք Գյումրու քաղաքապետին, որ նա էլ դիմի կառավարության համապատասխան օղակին, որն, ի դեպ, մենք չենք, որպեսզի այդ ստանդարտները վերանայելու խնդիր դրվի: Բայց վստահ չեմ, որ պարտադիր պետք է վերանայվեն: Այսինքն` կառավարությունը մշտապես շինարարական ընկերությունների հետ պետք է համապատասխանեցնի՞ ստանդարտները: Սա հարց է, որ պետք է քննարկվի, ու Գյումրու մեր պահանջատեր քաղաքացիները հետեւողական են այս հարցում:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս