«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է կանանց միամսյակի առթիվ զրույցներ վարել հայտնի կանանց հետ: Այս անգամ մեր «թիրախում» հայտնվել է դերասանուհի Զառա Սահակյանը:
-Զառա՛, շարունակե՛ք միտքը. «Կանանց միամսյակը հորինել են, որպեսզի…»
-Ճիշտ կլինի՝ հորինողին հարցնեք (ծիծաղում է):
-Կինը ուժեղ է, երբ…
-Ուզում է ուժեղ լինել: Ինձ ինչ-որ առումով ուժեղ կին համարում եմ, ինչ-որ առումով՝ ոչ, բայց հիմնականում կարող ենք ասել, որ ուժեղ եմ:
-Ո՞րն է եղել ամենացնցող նվերը, որ ստացել եք սիրելի տղամարդուց:
-Տղաս: Ինձ մոտ մինչ ամուսնությունն էլ մայրական բնազդը կար, իսկ որդուս ծնվելուց հետո այն հարյուրապատկվեց: Իրականում այդ բնազդը ամեն կնոջ մոտ յուրովի է արտահայտվում, զգացողությունը շատ անհատական է:
-Ինչպիսի՞ մայրիկ եք:
-Հանգիստ: Շատ մայրեր իրենց զավակների ամեն քայլի համար դողում են, ես՝ ոչ. թողնում եմ, որ ինքնուրույն դառնա:
-Սեքսուալ լինելու համար կինը պետք է…
-Օժտված լինի ներքին աներեւույթ էներգիայով: Շատ կանայք իրենց արտաքինով չեն համապատասխանում գեղեցկության չափանիշներին, բայց կարողանում են տղամարդկանց իրենց շուրջը հավաքել, գրավել: Այդ դեպքում գործում է հենց ներքին էներգիան, որին ինքը՝ կինը, հավատում է եւ կարողանում է հավատացնել կողքիններին. նա ինքը գիտի, որ սեքսուալ է: Սա է ամենակարեւորը:
-Կանանց պե՞տք է միամսյակ, թե՞ ոչ:
-Կանանց հավերժ միամսյակ է պետք, այսպես ասած՝ «ամենամսյակ» (ծիծաղում է): Պետք չէ ֆիքսել միամսյակի վրա, ամեն օր էլ պետք է հոգիդ ուրախ պահես:
-Ձեր ամուսինը միշտ ասում է, որ Դուք…
-Միշտ մնում եմ իմ կարծիքին, եւ ինձ դժվար է որեւէ բան համոզել: Դա նա համարում է ե՛ւ առավելություն, ե՛ւ թերություն:
-Կնոջ տեսակ, որը հիացնում է Ձեզ:
-Մայր Թերեզան: Ժամանակներն ու չափանիշները փոխվում են, բայց նրա արած գործի համամարդկային մեծ նշանակությունը՝ ոչ:
-Եվ վերջում՝ Ձեզ երջանիկ կին համարո՞ւմ եք:
-Այո: Ամեն կին պետք է ինքը կերտի իր երջանկությունը: Այս տարիքին ես եկել եմ այդ գիտակցության: Չպետք է ակնկալես ուրիշներից ստանալ երջանկություն, դու ինքդ պետք է ստեղծես երջանիկ լինելու առիթներ:
Աննա Բաբաջանյան